«Ջոն Քերիի հայտարարության հասցեատերն Ադրբեջանն էր». Բաբայանը՝ Քերիի հայտարարության և շփման գծում առաջացած լարվածության պատճառների մասին

«Ինչպես միջնորդ երկրներին, այնպես էլ Ալիևին պատերազմը ձեռնտու չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածության պատճառներին։ Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իրավիճակը շփման գծում լարվել է։ «Դատելով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտնող զարգացումներից, տպավորություն է ստեղծվում, որ հակառակորդն ընտրել է առաջնագծում իրավիճակն աստիճանաբար և նպատակային սրելու մարտավարություն: Դա արտահայտվում է ինչպես՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի քանակական աճով, այնպես էլ՝ դրանցում կիրառվող զինատեսակների որակական հատկանիշներով»,- նշել է ԼՂՀ ՊՆ-ն։

Դավիթ Բաբայանը նշեց, որ բազմիցս խոսել է այն մասին, որ հստակ պատճառներ չկան շփման գծում ստեղծվող լարված իրավիճակների համար։ Ըստ նրա, ժամանակ առ ժամանակ բռնկվող լարվածության պատճառը մեկն է՝ Ադրբեջան պետության էությունը՝ հանցագործ, ֆաշիստական, ահաբեկչական։

«Պատկերացրեք, որ հանցագործը բանտից դուրս է գալիս, մի քանի օր, մի քանի ամիս կարող է՝ իրեն հանգիստ է պահում, բայց ոչ նրա համար, որ ինքը փոխվել է, պարզապես զսպում է իրեն, այդպիսի սուբյեկտները չեն կարողանում վատ բան չանել, և մի որոշ ժամանակ անց սկսում է անել։ Նույնն էլ՝ Ադրբեջանը։ Պատմության մեջ չկա գեթ մեկ օրինակ, երբ նման ֆաշիստական, ահաբեկչական պետությունները նորմալ քաղաքականություն են վարել՝ մարդասիրության, միջազգային նորմերի և իրավունքների վրա հիմնված։

Ճիշտ է՝ այստեղ կան նաև այլ հանգամանքներ, որոնք պատեհ առիթ են ստեղծում Ադրբեջանի համար՝ կրկին այդպիսի ապակառուցական քաղաքականություն վարելու։ Ամենակարևորն այստեղ Ադրբեջանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակն է. այդ պետությունը, ըստ երևույթին, թևակոխում է տնտեսական ճգնաժամի փուլ, կրճատվել են ռազմական ծախսերը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ, լուրջ խնդիրներ կան սոցիալական ոլորտում, փոքրամասնությունների հետ կապված լարվածություններ են առաջացել։

Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանի իշխանությունը նաև հանրաքվե կազմակերպեց, որը դե յուրե խանական կառավարման համակարգ հաստատեց երկրում։ Այս ամենը ժողովրդի մոտ, իհարկե, չի կարող դժգոհություններ չառաջացնել, որոնք ուշ թե շուտ արտահայտվելու են, ուստի որպեսզի դա ինչ-որ ձևով խափանեն, դիմում են արդեն փորձարկված արտաքին թշնամու վտանգի և կերպարի ակտիվացման քաղաքականության օգնությանը։ Պետք է ասել նաև, որ ԱՄՆ Դենվեր քաղաքն այսօր ճանաչում է Արցախի Հանրապետությունը, սա էլ մի առիթ է, որպեսզի իրենք ապակառուցողական քաղաքականություն վարեն»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով, որ ապրիլյան քառօրյա պատերազմն իր հերթին՝ ցույց տվեց, որ ադրբեջանական կողմն ի վիճակի չէ հաղթել պատերազմում, որի արդյունքում նրա նախաձեռնած բլից-կրիգը ձախողվեց։

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ իր ազդեցությունն ունեցավ նաև ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինությունը, որը ևս մեկ անգամ ապացուցեց հակամարտության ռազմական ճանապարհի անիրատեսականությունը։

Հարցին, թե բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը հնարավո՞ր է՝ Ադրբեջանին մղի լայնածավալ գործողությունների՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ չի կարծում, թե լայնածավալ գործողություններ կլինեն։ Նրա խոսքով՝ պարզ է, որ վերջին նախագահական հանդիպումների ընթացքում քննարկումների գլխավոր թեման անվտանգության ամրապնդման մեխանիզմներն են եղել և լինելու, որովհետև քաղաքական հարցեր անիմաստ է ու անհնարին է քննարկել, որից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմն է տապալում նախագահական հանդիպման հնարավորությունը։

«Դա նաև արտացոլվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ, ով ասաց, որ կողմերը պատրաստ չեն կարգավորման, ինչը փաստի արձանագրում էր։

Ջոն Քերիի հայտարարության հասցեատերը հենց Ադրբեջանն էր։ Բայց կարևորն այն է, որ որևէ միջնորդ, գերտերություն շահագրգռված չէ այստեղ լայնածավալ պատերազմով, առավել ևս՝ հաշվի առնելով այն բոլոր բարդությունները, որոնք գրանցվում են Սիրիայում, Ուկրաինայում, Իրաքում, քանի որ այստեղ բարդությունը կարող է առհասարակ անկանխատեսելի հետևանքներ ունենալ, նույնիսկ բախում առաջացնել գերտերությունների միջև, որևէ մեկն այս պարագայում չի ցանկանում նման բան։ Պարզ է, որ Ադրբեջանը շարունակելու է իր ահաբեկչական քայլերը, բայց մեր բանակը պատրաստ է և ամեն ինչ անելու է հակառակորդին հակահարված տալու համար, եթե նա փորձի ինչ-որ կերպ սպառնալիք հարուցել մեր պետության համար»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ միջնորդ երկրներն ունեն մեխանիզմներ, որոնց միջոցով թույլ չեն տալիս պատերազմ, պահպանում են հավասարակշռությունը տարածաշրջանում հայկական պետությունների և Ադրբեջանի միջև։ «Իրենք չեն ցանկանում Ալիևի պատճառով հայտնվել ծանր վիճակում։ Բացի այդ, Ալիևն ինքը ևս շահագրգռված չէ այդ պատերազմով»,- նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։

Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ «հիմա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելն անհնար է»։ Նրա խոսքով` «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, որտեղ հիմա անհնար է կարգավորել հակամարտությունը, ամենից առաջ՝ այն պատճառով, որ առաջնորդները պատրաստ չեն»։ Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր. «Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնեն հաջորդ հանդիպումն անցկացնել: Այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետը հստակեցված չեն: Համանախագահները հակամարտող կողմերի հետ աշխատում են այդ ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս