Բաժիններ՝

«Գևորգյան ճեմարանում ուսանել ցանկացողների թիվը գնալով աճում է». Հայր Գարեգին աբեղա Համբարձումյան

Այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գևորգյան հոգևոր ճեմարանի և «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի ջանքերով անցկացվում է Ոսկան Երևանցու հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին նվիրված աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողով։ Եռօրյա միջոցառմանը մասնակցում են բանախոսներ մի շարք երկրներից։ Այդ ու ճեմարանի գործունեության շուրջ է «Արմենպրես»-ի հարցազրույցը Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Գարեգին աբեղա Համբարձումյանի հետ։

Հայր Գարեգին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոսկան Երևանցու հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին նվիրված աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովն ի՞նչ նշանակություն ունի քրիստոնեական եկեղեցիների համայնքի համար։

– Ոսկան Երևանցու Աստվածաշնչի տպագրությունն ոչ միայն հայագիտական նշանակություն ունի, այլ նաև այն իր ուրույն տեղը համաշխարհային գիտական կյանքում: Ուստի, երբ հայտարարեցինք, որ Ոսկան Երևանցու Աստվածաշնչի առաջին տպագրությանը նվիրված միջազգային գիտաժողովի ծրագիր ենք հղացել, լայն արձագանք եղավ ոչ միայն հայազգի գիտնականների, այլ նաև օտարազգի նշանավոր գիտնականների, հայագետների կողմից՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Մեծ աշխուժություն նկատվեց նաև մեր` հայազգի գիտնականների շրջանում:

Արտասահմանից ժամանած զեկուցողների մեջ ինչպես օտարազգի գիտնականներ են, այնպես էլ հայազգի գիտնականներ, որոնք մեծ հաջողությունների են հասել այն երկրներում, որտեղ կեցություն են հաստատել: Իսկ ինչ վերաբերում է գիտաժողովի` քրիստոնեական եկեղեցիների համայնքների վրա ունեցած ազդեցությանը, ասենք, որ նմանատիպ հանդիպումները օգնում են միմյանց հետ փոխանակելու միևնույն գիտական բնագավառի մեջ ունեցած գիտական ձեռքբերումները, իսկ այդ ձեռքբերումները չեն մնում գիտաժողովի սեղանին կամ ամբիոնում: Դրանք դուրս են գալիս այնտեղ եղած մարդկանց հետ և իրենց տեղը գտնում այնտեղ ներկա յուրաքանչյուր ի համայնքում:

Կարդացեք նաև

– Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում գիտաժողովից։

-Գիտաժողովի արդյունքները բավականին խոստումնալից են: Նախ և առաջ` նպատակ ունենք դրա ժամանակ հնչած արժեքավոր զեկուցումները տպագրել մի առանձին հատորով, որով ընթերցողների ավելի լայն դաշտի համար գիտաժողովը հասանելի կդառնա: Դրանով ցանկություն ունենք հատկապես երիտասարդների մեջ փափագ առաջացնել ուսումնասիրելու Սբ Գիրքը և քննելու դրա խորհուրդները` գիտական մոտեցմամբ, բայց և չանտեսելով դարավոր մեկնողական մեր սրբազան ավանդույթները:

– Առաջիկայում ճեմարանի կողմից նմանատիպ ի՞նչ նոր միջոցառումներ են սպասվում՝ ուղղված թե ներքին, թե արտաքին լսարանին։

-Բազմաթիվ պայմանավորվածություններ կան միջբուհական մակարդակով. առաջիկայում որոշ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել Երևանի պետական համալսարանի և բարձրագույն կրթական այլ հաստատությունների հետ: Դրանցից կարելի է հիշատակել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների և ճեմարանի սաների միջև ուսանողական նստաշրջանների անցկացումը: Ինչպես Դուք իսկ նշեցիք, նմանօրինակ ծրագրերը և՛ ներքին, և՛ արտաքին լսարանների հետ համատեղ պիտի իրականացնենք: Այս ամենի մեջ հատկապես կցանկանամ առանձնացնել Մոսկվայի օրթոդոքս հոգևոր ակադեմիայի հետ ձեռք բերած համաձայնագիրը, ըստ որի մենք նախապատրաստվում ենք կազմել հոդվածաշար երկու բուհերի դասախոսների ջանքերով, որում պիտի տեղ գտնեն երկու եկեղեցիների վերաբերյալ աստվածաբանական և եկեղեցաբանական հետազոտություններ:

– Որպես Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ՝ ինչպե՞ս կգնահատեք ակտիվությունը երիտասարդների շրջանում, ովքեր հոգևորականի կոչումն ու մասնագիտությունն են ընտրում։ 

-Վերջին տարիներին այդ ակտիվությունը գնալով աճում է: Հատկապես դա կապված է քարոզչության նորագույն մեթոդների կիրառման հետ, ինչպիսիք են համացանցը, հեռուստացույցը և այլն: Սակայն այդ ամենից զատ մենք հոգ ենք տանում, որպեսզի երիտասարդությունը իրազեկված լինի ոչ միայն վիրտուալ աշխարհից, այլև գրքի միջոցով ստացված մնացորդային գիտելիքից, որ որպես մնայուն պաշար պիտի մշտապես իրենց հետ մնա և օգնի իրենց ապագա կյանքում: Այդ նպատակով մենք մեր սարկավագ եղբայրների հետ հաճախակի այցելություններ ենք կատարում Հայաստանի տարբեր դպրոցներ ինչպես Երևանում, այնպես էլ տարբեր մարզերում, հանդիպում ենք աշակերտների հետ, զրուցում ենք նրանց հետ ճեմարանական կյանքի մասին, ներկայացնում ճեմարանի պատմությունը, ծրագրերն ու ձեռքբերումները:

Արդյո՞ք ճեմարանում ուսանելու հնարավորություն ունեն այլազգի կամ այլ երկրի քաղաքացիներ։ Եթե այո, ինչպե՞ս են նրանք կայացնում այդ որոշումը։ 

-Ճեմարանում ուսանելու հնարավորություն ունեն նաև այլազգիներ, սակայն փոքր-ինչ այլ ձևաչափով: Նրանք Գևորգյան հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո չեն կարող դառնալ հայ եկեղեցու հոգևորականներ, սակայն նրանք գալիս են մեզ մոտ սովորելու հիմնականում գրաբար և աշխարհաբար հայերեն: Իսկ ինչ վերաբերում է նրանց որոշումների կայացմանը, ապա դրանք լինում են տարբեր հանգամանքներում: Լինում են դեպքեր, երբ նրանք ուղղորդվում են իրենց համալսարանների տնօրինության կողմից, լինում են դեպքեր, երբ նրանք ինքնուրույն են կամք հայտնում գալու Հայաստան և սովորելու ճեմարանում, որպեսզի ավելի շատ հմտանան հայոց լեզվի իմացության մեջ, և, ինչու չէ, ուսումնասիրեն հայ եկեղեցու վարդապետների աշխատությունները և այլն:

Ճեմարանում կրթություն ստանալուց հետո ուսումը Հայաստանում կամ արտասահմանում շարունակելու ի՞նչ հնարավորություններ կան։ Այդ իմաստով ինչպիսի՞ն է ակտիվությունը, ներկայում քանի հոգևորական ուսանող ունենք դրսում։

-Մենք ինչպես նախկինում, հիմա նույնպես ունենք փորձառություն, որ ուսման առումով առավել աչքի ընկած ուսանողներին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ուղարկում ենք ինչպես արտասահմանյան, այնպես էլ Հայաստանում գործող տարբեր համալսարաններ՝ հմտանալու համար աստվածաբանական որոշակի ուղղության մեջ: Այսօր ունենք մի քանի միաբան եղբայրներ, ովքեր իրենց ուսումն են ստանում արտերկրի լավագույն համալսարաններում, և հույս ունենք, որ հավարտ իրենց ուսումնառության նրանք ժամանակի առումով կկարողանան նաև դասավանդել հոգևոր ճեմարանում: Սա մեծապես պիտի նպաստի ուսա նողության մեջ ուսման հանդեպ ոգևորության բարձրացմանը:

Որպես ուսյալ երիտասարդության կարկառուն ներկայացուցիչ, ինչպես նաև այդպիսի սաներ պատրաստող կրթական հաստատության տեսուչ՝ ինչպիսի՞ն եք տեսնում հայ երիտասարդների դերը Հայաստանի զարգացման գործում։

-Հայ երիտասարդները տարբեր են իրենց նվիրումով, ոչնչից մի բան ստեղծելու և արարելու իրենց ձգտումով ու տաղանդով: Դա միշտ այդպես է եղել և հիմա էլ, կարծում եմ, ավելի է լավացել: Հայի տեսակը չի փոխվում, երիտասարդներն էլ ոչ թե մեր ապագան են, այլ մեր ներկան, երիտասարդներով պիտի Հայաստանը շենանա, նրանցով պիտի լցվեն հայոց եկեղեցիները, և նրանք պիտի լինեն մեր այսօրվա կերտման ու վաղվա պահպանության ու զարգացման հույսը: Հայ երիտասարդը սահմանին է, հայ երիտասարդը աղոթում է և հայ երիտասարդը բարին է գործում:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս