ԵՄ-ն կոչ է անում Վրաստանի քաղաքական դաշտին հանգստություն պահպանել
Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը կոչ է անում Վրաստանի քաղաքական դաշտին պահպանել հանգստություն և պաշտպանել եվրոպական արժեքները։
Ինչպես հայտնում է Frontnews-ը, դիվանագետը մեկնաբանել է երեկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիգի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցման փաստը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն։
«Մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ ենք անում բոլոր քաղաքական կուսակցություններին, որոնք մասնակցում են ընտրարշավին, պահպանել հանգստություն։
Եվրամիության կողմից անցկացվող գործընթացների շարունակականությունը՝ սկզբունքների պահպանմամբ, շատ կարևոր նշանակություն ունի։ Մենք ցանկանում ենք Վրաստանում տեսնել ժողովրդավարական ընտրարշավ, որը կնպաստի ժողովրդի կամարտահայտմանը։
Հուսով եմ՝ Վրաստանում մինչև առաջին փուլն սկսվելը կպահպանվի հանգստությունն ու խաղաղությունը։ Մենք ուշադիր հետևելու ենք դրան»,- հավելել է եվրոպացի դիվանագետը։