«Եղել են ժամանակներ, երբ ԿԸՀ-ն քաղաքական խաղացող էր, քաղաքական խնդիրներ էր դնում և լուծում, կատարում էր բազմաթիվ կեղծիքներ». Հերմինե Նաղդալյան
«Ինձ թվում է՝ մենք մոռացել ենք՝ ինչ ենք քննարկում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովն առաջադրել է ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։
Հ. Նաղդալյանը հիշեցրեց, որ իրենք քննակում են ՀՀ Պետաիրավական հանձնաժողովի կողմից առաջադրած ԿԸՀ նախագահի և անդամների կազմի ընտրության մասին հարցը։ Նա նկատեց, որ երեկվա քննարկման ժամանակ իրենք «բարեհաջող» խոսեցին անկախ Հայաստանի բոլոր ընտրությունների, ընտրվողների, ընտրողների, բոլոր տեսակի քաղաքական և ոչ քաղաքական խնդիրների մասին և գրեթե մոռացան օրակարգի հարցը։
«Քննարկման ընթացքում մեր գործընկերներն անընդհատ փորձում էին քաղաքականացնել ԿԸՀ գործունեությունը, և սրա վրա ուզում եմ առանձնահատուկ շեշտադրում անել, քանի որ սա, իմ խորին համոզմամբ, քաղաքական դիրքորոշումների տարբերություն է։ Այո, հարգելի գործընկերներ, եղել են մեր երկրում Ձեր ասած ժամանակները, երբ ԿԸՀ-ն քաղաքական խաղացող էր, քաղաքական մարմին էր, քաղաքական խնդիրներ էր դնում և լուծում, եղել են ժամանակներ, որ ԿԸՀ-ն կատարում էր Ձեր ասած բազմաթիվ կեղծիքները, այդ կեղծիքներն այլ հանձնաժողովներն էլ էին անում, և հրաշալի է, որ այսօր դուք ինքներդ էլ ասացիք՝ այսօր իրավիճակը փոխված է, և ԿԸՀ-ն այդպիսին չէ այլևս։
Հուսով եմ, որ այդպիսին չեն նաև ընտրական գործընթացի մասնակիցները, և, եթե այդպիսին չեն, ապա քայլ առ քայլ նաև մեր քաղաքական կամքի ազդեցության ներքո գնալու են այդ ճանապարհով՝ դադարելու երբևիցե որևէ կեղծիք և կեղծարարություն անելու գործընթացը։ Մենք համարում ենք, որ ԿԸՀ-ն ընդամենը գործիք է ընտրության արդյունքներն ամփոփելու և հանրությանը ներկայացնելու համար»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծեց, որ ԿԸՀ-ն կարող է գործել միայն գործող իրավակարգավորումների համապատասխան, և նրա բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն գործող Ընտրական օրենսգրքին. «Հանձնաժողովի լիազորությունները հստակորեն սահմանված են, ու դրանից դուրս ոչինչ անել չեն կարող։ Թող պարոն Մուկուչյանը և հանձնաժողովի անդամներն ինձնից չնեղանան, բայց նրանց գործունեությունն ընտրության արդյունքի վրա չունի և չի կարող ունենալ որևէ ազդեցություն»։
Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի հնչեցրած բողոքներին՝ Հ. Նաղդալյանը նշեց, որ նրանք որևէ պաշտոնական բողոք չեն ներկայացրել, միայն իրենց կասկածների մասին են հայտարարում. «Հայտնի վատ պարողի նման մեղադրում եք՝ ում ասես, բացի ինքներդ ձեզնից։ Լավ օրինակ տվեց Նիկոլը Փաշինյանը՝ տղամարդկային, օբյեկտիվ մոտեցման, կարծում եմ՝ սա կարելի էր քննարկել շատ քաղաքական ուժերում։ Հավաստիացնում եմ, որ Տիգրան Մուկուչանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների և անհաջողությունների պատասխանատուն չեն, եթե կան քաղաքական ուժեր, որ որոշում են փոխել իրենց վարչության կազմը, ԿԸՀ-ի հետ դա որևէ կապ չունի»։
Հ. Նաղդալյանը նկատեց, որ Տիգրան Մուկուչյանը 5 տարի աշխատել է ԿԸՀ նախագահ. «Եվ, ինչպես ինքն է ասել, հրապուրված չէ իր աշխատանքով։ Կարծում եմ՝ վատ է, որ հրապուրված չեք պարոն, Մուկուչյան։ Ես կուզենայի, որ հրապուրված լինեիք ու մի քիչ տարածեիք ԿԸՀ անդամների վրա։ Ուզում եմ քաղաքական ուժերին հորդորել՝ մինչև խորհրդարանական ընտրությունները բավարար ժամանակ կա, ներքին աուդիտ անցկացրեք, հաշվարկեք ձեր ցանկությունները և հնարավորությունները, օբյեկտիվ հաշվարկեք, որպեսզի հետո ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ էլ ԿԸՀ-ին չմեղադրեք ձեր չստացած քվեների և ուրիշների ստացած քվեների և վստահության համար»։