«ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ և արդար». Տիգրան Մուկուչյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է՝ սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ և արդար՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տ. Մուկուչյանը նշեց, որ այդ ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացին հետևում էին 4 տասնյակից ավելի վստահված անձինք, դիտորդներ, լրատվամիջոցներ, «լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը»։
Նրա խոսքով՝ կախված դիմումների քանակից, բովանդակությունից, քվեարկության օրը հնչած ահազանգերից՝ միանգամայն կարելի է հանգել նման եզրակացության։
Հարցին, թե Էջմիածնում տեղի ունեցած դեպքի պատճառով հնարավոր չէ՞ր հետաձգել ընտրություններն այդ քաղաքում, Տ. Մուկուչյանը պատասխանեց, որ իրավական հիմք չկար ընտրությունը չեղարկելու համար։
«Ինչ վերաբերում է Էջմիածնի ընտրություններին, ընտրական հանձնաժողովները կարող են իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով։ Ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ առկա չէ որևէ իրավադրույթ, որը հնարավորություն կտա ընտրական հանձնաժողովին՝ այս կամ այն հիմքով չեղարկել ընտրությունը, կասեցնել ընտրությունների ընթացքը։ Միանշանակ դատապարտելի է ցանկացած բռնություն։ Չի եղել որևէ դիմում, բողոք, որ որևէ մեկը չի մասնակցել ինչ-ինչ պատճառով, չկա ներկայացված դիմում թեկնածուի կողմից, որ իրենք չեն կարողանում մասնակցել քվեարկությանն ինչ-ինչ պայմաններում»,- նշեց Տ. Մուկուչյանը։
Հարցին, թե արդյո՞ք քննության առնվել է Հրաչիկ Աբգարյանի այն հայտարարությունը, թե Էջմիածնում 10 հազարից ավելի լցոնում է եղել, Տ. Մուկուչյանն այսպես պատասխանեց. «Կարող են ավելի մեծ թվեր ներկայացնել, խնդիրը դրանում չէ: Խնդիրն այն է, որ տեղամասային կենտրոններում եղել են վստահված անձինք, աշխատել են բազմակուսակցական տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ընտրական գործընթացի հետ կապված՝ չկա որևէ դիմում, ահազանգ, որ մեկն ուզել է հետևել ընտրական գործընթացին, իրեն չեն թողել։ Ինչ վերաբերում է լցոնումներին, ընտրական գործընթացի տարրական պահանջն է, որ ընտրական գործընթացի յուրաքանչյուր մասնակից՝ որպես այդ գործընթացի սուբյեկտ, պատշաճ կերպով իրականացնի իր իրավունքների պաշտպանությունը։ Երբ խոսում են լցոնումների մասին, պետք է ներկայացնեին դիմումներ՝ վերահաշվարկի հետ կապված, ինչը չեն արել, կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ, որոնք էլի չեն արել, այս պայմաններում՝ մնացածը միայն դատողություններ են, որոնք չգիտեմ՝ ինչո՞ւ են անում»։
Նա նաև նկատեց, որ ընտրությունները բողոքարկելու համար կան հստակ ժամկետներ, որոնք ավարտված են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։