ԵՏՄ-ի բարիքները, ու թե ինչո՞ւ էր բարկացել Նազարբաևը
Ղազախստանի 1991-1994 թթ. արտաքին գործերի նախարար, դեսպան, ակադեմիկոս Տուլեուտայ Սուլեյմենովը վստահ է, որ ԵՏՄ-ն քաղաքականացված կառույց չէ, և, ինչպես սկզբում էին ասում, թե անդամակցելով այս միությանը, երկիրը կկորցնի քաղաքական անկախությունը, ինքնիշխանությունը, սուտ էր:
«Մենք անկախ ենք, պահպանում ենք մեր լեզուն, տնտեսությունը, բյուջեն, մենք աշխատում ենք միայն տնտեսական ոլորտում: Տնտեսական ինտեգրացիան անսահմանափակ է, 8-ը՝ հորիզոնական դիրքում: Իսկ քաղաքականը, դա կներեք, այստեղ «ստոպ»»,- ասաց Տ. Սուլեյմենովը:
Ըստ նրա՝ այս ինտեգրացիոն կառույցն անհրաժեշտ է այն երկրների համար, որոնք անդամակցել են, օրինակ՝ Ղազախստանը բուռն զարգանում է, արտադրանքն արտահանվում է շատ երկրներ, նաև սպառվում է հարևան երկրներում, որտեղ նախկինում չկային շուկայի այսպիսի հնարավորություններ. «Միության ստեղծմամբ մեր շուկան ավելացավ գրեթե 200 միլիոն մարդով: Այսօր ամբողջ աշխարհն է գնում տնտեսական ինտեգրացիայի ուղիով»:
Թե ինչո՞ւ էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սպառնում դուրս գալ միությունից, Տ.Սուլեյմենովը պայմանավորեց «բավարար չմտածված բանակցություններով», որ եղել էին Մաքսային միության ժամանակ, և որոնց հետևանքով ղազախական ապրանքների համար ռուսական շուկան շարունակում էր փակ մնալ:
Թե ի՞նչ է հարկավոր հայ-ղազախական առևտրաշրջանառությունը գրեթե 0-ական վիճակից տեղաշարժելու և ակտիվացնելու համար, Տ.Սուլեյմենովի կարծիքով, կախված է միջավայրից և գործարարներից, որոնք պետք է ավելի ակտիվ լինեն: Նա օրինակ բերեց, որ Ալմաթիում գործում է հայ-ղազախական համատեղ ձեռնարկություն, որը զբաղվում է հայկական կոնյակի արտադրությամբ, ու թեև ղազախներն ավելի շատ խմում են օղի, գինի, բայց հայկական կոնյակը ևս պահանջարկ ունի:
Նկատենք, որ մասնավոր զրույցներում իշխանական շրջանակներից հեռու ղազախներն այնքան էլ հիացական չէին արտահայտվում ԵՏՄ բարիքների մասին: Նրանց հատկապես մտահոգում էր ընդհանուր արժույթի անցնելու ոչ հեռավոր ապագան, քանի որ կարծում էին, որ դրանով ղազախական տենգեն կտապալվի ու նպաստավոր վիճակում կհայտնվեն միայն ռուսները: