Բաժիններ՝

Տեղական շուկա ներմուծված հավի միսը վտանգավոր է մարդու առողջության համար. ԼՂՀ ՍԱՊԾ պետ

Օգոստոսի 29-ին, կառավարության նիստում ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել ծառայության կողմից հավի մսի և ենթամթերքի շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները:

Լևոն Սարգսյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականով կատարվել են համապատասխան նմուշառումներ ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող ապրանքատեսակների, այնպես էլ այլ պետություններից ներմուծված մթերքների մասով, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության:

«ԼՂՀ-ում սահմանված նորմաներին համապատասխանել են միայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրվող մթերքները, իսկ այլ պետություններից ԼՂՀ շուկա ներմուծված մթերքները ֆիզիկոքիմիական մասով նորմերին չեն համապատասխանել: Մասնավորապես, բացի համային, հոտային անորակ վիճակից, մթերքում առկա ֆիզիկոքիմիական հեղուկի, լուծույթի տոկոսայնությունը խախտված է մոտ երկու և ավելի անգամ: Այսպիսով, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հանդիսանալով ԼՂՀ-ում սննդամթերքի ոլորտում վերահսկող լիազոր մարմին, համադրելով ունեցած տվյալները, հիմք համարելով ԼՂՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի հոդված 2-ի 16 և 17-րդ կետերը, ծառայությունը բացի ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրված հավի մսի և ենթամթերքի, ԼՂՀ շուկայում իրացվող այլ հավի մսի և ենթամթերքի մասով չի հավաստում մարդու կյանքի կամ առողջության կամ ապագա սերունդների կյանքի և առողջության վրա վնասական ներգործության հետ կապված անընդունելի ռիսկի բացակայությունը»,- ներկայացրել է Լ. Սարգսյանը և հավելել, որ նման դիտարկումները կշարունակվեն նաև ռիսկային խմբին պատկանող այլ ապրանքատեսակների մասով:

Իր մտահոգությունը հայտնելով առկա խնդրի առնչությամբ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և, պարբերական ստուգումներին զուգահեռ, բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում:

«Մենք ահազանգներ ենք ստացել ՀՀ և ԱՀ տարածքից դուրս արտադրվող հավի մսի որակի և գնի դեմփինգի վերաբերյալ, այդ պատճառով հանձնարարել եմ ուսումնասիրել ոլորտը: Այժմ պարզվում է, որ նշյալ ծագման մսի մեջ լուծութային հավելումներ են սրսկվում, որը խնդիրներ է ստեղծում որակի առումով, ինչպես նաև արհեստականորեն ավելացնում է մսի կշիռը՝ էժան գնով խաբելով գնորդներին: Հանձնարարում եմ խիստ վերահսկողություն իրականացնել այս բնագավառում, որպեսզի խուսափենք ապօրինի և բնակչության առողջությունը վտանգող գործողություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս