«Նախագահի վերջին երկու ելույթներն ուրվագծեցին այն, ինչի շուրջ ընթանում են հիմնական բանակցությունները». Կարեն Բեքարյան
«Նախագահի աշխատանքային այցը, հանդիպումը ՌԴ նախագահի հետ, դրա հետ կապված թե՛ նախագահների տված արձագանքը դեպի հանրություն, մամուլ, թե՛ այնտեղ երևացած էլեմենտներն ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա՝ ՌԴ-ի կողմից Ղարաբաղյան հարցին անդրադարձ արվում է այն համատեքստում, ինչ ապրիլյան սրացումից հետո. նույն բովանդակային ուղղությունն ու գիծն ունի՝ «ամեն ինչ անել, որպեսզի նոր սրացում հնարավոր չլինի, մարդկանց կյանքին վտանգ չսպառնա, միաժամանակ՝ զարկ տալ քաղաքական գործընթացին և փորձել ունենալ լուծումների այնպիսի ուրվագիծ, որտեղ չեն լինի հաղթողներ, պարտվողներ»: Կ. Բեքարյանի համոզմամբ՝ սա այն գիծն է, որը տարվում է ՌԴ-ի կողմից ապրիլյան պատերազմից հետո:
Պատգամավորի խոսքով՝ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում շատ հստակ մի քանի արձանագրում արեց, որ առաջնահերթություն է դիտվում՝ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ գիծը, և դրանից բխող՝ հետաքննության մեխանիզմների, հատուկ ներկայացուցչի մանդատի և նրա հետ աշխատող խմբի լիազորությունների մեծացումը, թվի ավելացումը՝ որպես կանխարգելիչ քայլ հնարավոր նոր սրացումներից, լիակատար վերադարձը 1994-95 թվականների եռակողմ զինադադարի պայմանագրի պայմանավորվածություններին, և այլն:
«Քաղաքական գործընթացի առնչությամբ նախագահի կողմից հնչեց հետևյալ միտքը, որ հնարավոր չէ աշխատել հետևանքների հետ՝ մի կողմ դնելով պատճառները, և, հետևաբար՝ ինքնորոշման իրավունքը պետք է գերակա լինի այս ամբողջ կարգավորման կոնտեքստում՝ թե՛ որպես գլոբալ կարգավորում ղարաբաղյան հիմնախնդրի, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների, թե՛ տարածաշրջանային կայունության: ՌԴ-ին ասվեցին այն երախտիքի խոսքերը, որի անհրաժեշտությունը, բոլորս կարծում ենք, որ կար՝ հաշվի առնելով վերջին շրջանում ՌԴ-ի բավականին ակտիվ ջանքերը՝ ապրիլյան պատերազմի հետևանքները որոշակիորեն նվազեցնելու և քաղաքական գործընթացը տեղից շարժելու: Հաշվի առնելով ղարաբաղյան հարցի հետ բավականին հաճախ հնչող շահարկումները՝ նախագահի վերջին երկու ելույթները, մեկը՝ Երևանում, մյուսը՝ երեկ Մոսկվայում, ինձ թվում է՝ ուրվագծեցին այն, ինչի շուրջ ընթանում են հիմնական բանակցությունները, և ինչի շուրջ իր դիրքորոշման մեջ որևէ տատանման էլեմենտ չունի ՀՀ-ն»,- նշեց Կ. Բեքարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: