Էմալե բոտեքսը Ձեր՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտին
Հայ քաղաքագիտական ու կոնսպիրոլոգիական միտքը ցնծում է՝ Էրդողանն ուշացել է Պուտինի հետ հանդիպումից՝ մի քանի րոպե սպասեցնելով Ռուսաստանի ամենակարող նախագահին։ Ինչպիսի խայտառակություն մեր դարավոր թշնամի երկրի խեղված նախագահի կողմից՝ վերջինիս չզիջող մեր դարավոր «պաշտպանի» առաջնորդի նկատմամբ։
Հայ քաղաքագիտական ու կոնսպիրոլոգիական միտքը ցնծում է՝ Էրդողանից վիրավորված Պուտինը կջղայնանա, կպատժի Էրդողանին ու կվերականգնի պատմական արդարությունը։ Հայերիս մասով, բնականաբար, որովհետև պատմականությունից մեզ հուզում է միայն արդարացիությունը, արդարությունից էլ՝ միայն ռուսականը։
Հայ քաղաքագիտական ու կոնսպիրոլոգիական միտքը ոչ միայն ցնծում է, այլև ցնծալով՝ կարողանում է հոգեբանադիմաշարժային ախտորոշումներ կատարել, ու առանց սխալվելու հնարավորություն թողնելու՝ հայտարարում՝ Էրդողանն ընկճված տեսք ուներ Պուտինի հետ հանդիմանը։
Իսկ մինչ հայ կոնսպիրոլոգները դուրս կգային իրենց լաբորատորիայից ու կհրապարակեին Էրդողանի հուզական վիճակի մասին ախտորոշումը, Էրդողանի աշխատողներից մեկը՝ արտգործնախարարի խղճուկ պաշտոնը զբաղեցնող Չավուշօղլուն, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում։
«Մենք այդ ձևաչափը քննարկել ենք Ադրբեջանում հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Այդ նախաձեռնությունը հնչեցվել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Ռուսաստան այցի ժամանակ կատարվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ, և Պուտինը դրական է արտահայտվել»,- ասել է ընկճված Էրդողանի արտաքին քաղաքականության պատասխանատուն։
Մինչ Էրդողանի ընկճվածության մասին հայտարարությունը, հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանի հայազգի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում մեկնելու է Թուրքիա՝ նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները կյանքի կոչելուն վերաբերող հարցեր քննարկելու նպատակով։
Ղարաբաղյան հարցը, ինչպես և կարելի էր սպասել, առանցքային նշանակություն ունի ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու ձևավորման համար։ Դատելով նաև վերը նշված հայտարարություններից, կողմերը կարծես թե կամ համաձայնության են եկել, կամ շատ մոտ են համաձայնության գալու։
Հայաստանը, Հայաստանի անունն այս և այլ նմանատիպ հայտարարություններում չկա։ Հայաստանի անունը բացակայում է այն քննարկումների մասին հայտարարություններում, որոնք վերաբերում են Հայաստանի համար ամենակենսական հարցին։ Թուրքիան ու Ադրբեջանն այն արդեն քննարկում են Ռուսաստանի հետ։ Ինչպես մի առիթով, ի դեպ, ասել էր Իլհամ Ալիևը։
Հայաստանի քաղաքագիտական ու համատեղության կարգով՝ կոնսպիրոլոգիական միտքը, սակայն, կենտրոնացել է Էրդողանի դիմածնոտային ապարատի ուսումնասիրության վրա։ Որովհետև կենտրոնանալու այլ բան չի մնացել։ Որովհետև Հայաստանում այդպես էլ չհասկացան կամ չսովորեցին, որ այլ, այդ թվում ու առաջին հերթին՝ թշնամի ու բարեկամ երկրների հարաբերություններին պետք է վերաբերվել ոչ թե՝ համազգային վայնասունի կամ համազգային հրճվանքի հարթությունում, այլ՝ որպես շահերի վրա հիմնված քաղաքականության։ Եվ պետք է ոչ թե մղկտալ կամ ցնծալ այդ երկրների լավացող կամ վատթարացող հարաբերությունների կապակցությամբ, այլ անել այնպես, որ Հայաստանը դրա և ո՛չ միայն դրա արդյունքում ստանա առավելագույն օգուտները։
Հայաստանի քաղաքագիտական ու համատեղության կարգով՝ կոնսպիրոլոգիական մտքի տվայտանքներին կարելի էր անգամ չանդրադառնալ, եթե դրանք լինեին առանձին վերցրած, հատվածական արտահայտություններ։ Բայց ողջ խնդիրն ու ողբերգությունն այն է, որ այդ նույն տրամաբանությամբ են Հայաստանում առաջնորդվում գրեթե բոլորը ու առաջին հերթին՝ քաղաքականություն իրականացնողները և որոշումներ կայացնողները։
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մտահոգվելու կարիք չկա։ Բոտեքսը Պուտինի դեմքը դարձրել է կենսուրախ ու ծիծաղկոտ։