«Էրդողանը ոգևորվածություն բացարձակ չուներ, ընկճված տեսք ուներ». Թուրքագետ
«Այսօր առավոտյան թուրքական թերթերը՝ «պատմական հանդիպում», «շրջադարձ՝ ռուս-թուրքական հարաբերություններում», «համագործակցությունից անցնել ռազմական գործըկերության» և նման այլ արտահայտություններով էին առաջին էջերում բնութագրել Էրդողան-Պուտին հանդիպումը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ նրա՝ հետևելով այդ հանդիպման արդյունքներին, կարող ենք ասել, որ այս հանդիպումը, որը տևել էր մոտ 3 ժամ,, բարի կամքի դրսևորում էր՝ հարաբերությունները նախկին մակարդակի բարձրացնելու համար: Թուրքագետի խոսքով՝ կողմերն ընդամենը պատրաստակամություն են հայտնել, և որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել:
«Մինչդեռ Էրդողանը նախքան մեկնելը մի քանի հարցեր էր առանձնացրել՝ տնտեսաառևտրական և քաղաքական հարաբերությունները կարգավորելու, ռուս-թուրքական հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակին և վերանայելու Թուրքիայի սիրիական քաղաքականությունը: Դա Ռուսաստանի պահանջներից մեկն էր հարաբերությունների վերականգնման համար: Էրդողանն այդ մասին որոշ բաներ ասաց. ասաց, որ Ռուսաստանը Սիրիայում ամենագլխավոր դերակատարն է այդ սիրիական ճգնաժամի հաղթահարման գործում, առանց Ռուսաստանի հնարավոր չէ, որ հաղթահարվի սիրիական ճգնաժամը, բայց չպետք է մոռանալ Բաշար Ասադի մասին, որը 600 հազար մարդու մահվան պատճառ է դարձել: Այսինքն՝ ենթադրվում է, որ սիրիական հարցի կարգավորման համար պետք է Բաշար Ասադը հեռանա իշխանությունից, իսկ Ռուսաստանը դրան դեմ է»,- նշեց Հ. Չաքրյանը:
Թուրքագետը լսել է Էրդողանի ելույթը և կարծում է՝ առանձնապես չպետք է գոհ լինել. «Ոգևորվածություն բացարձակ չուներ, ընկճված տեսք ուներ: Ըստ երևույթին, նրա ընկճված տեսքը, Պուտինի հասցեին շարվող գովեստները նշանակում էին, որ այս հանդիպումն առանձնապես չի բավարարել Էրդողանին, որովհետև Էրդողանն արագ էր ուզում վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները: Ռուսաստանը շահագրգռված չէ, նա առանձնապես բան չի կորցրել, Ռուսաստանը Թուրքիա գազ է արտահանում, այդ հոսքը չի դադարեցվել, Թուրքիան է շահագրգռված՝ 22-23 միլիարդ դոլարի վնաս է կրել այդ Ռուսաստանի էմբարգոյի հետևանքով»:
Հարցին, թե Վ. Պուտինի չշտապելն ինչո՞վ է պայմանավորված, թուրքագետն այսպես պատասխանեց. «Այդ հարցին երեկ Փերինչեքի ալիքներից մի մեկնաբան պատասխանեց, ասաց, որ չնայած Նազարբաևի խնդրանքներին, Պուտինը չի ուզում բավարարվել Էրդողանի այդ նամակով և պահանջում է, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի Ռուսաստանից և Թուրքիան պաշտոնապես փոխհատուցում վճարի Ռուսաստանին: Մինչև Թուրքիան պաշտոնապես ներողություն չխնդրի և չփոխհատուցի, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չեն վերականգնվի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: