«Տղաներից որևէ մեկի մոտ, որոնք դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից և հանձնվել են իրավապահ մարմիններին, որևէ հրազեն կամ ռազմամթերք չի հայտնաբերվել». Փաստաբան
Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի տղաների իրավական պաշտպանությունն իրականացնելու նպատակով ձևավորվել է փաստաբանների խումբ, և այս օրերի ընթացքում նրանց կողմից ստանձնվել է խմբի բոլոր տղաների պաշտպանությունը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ կազմակերպված խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը, կրելը, և անձանց պատանդ վերցնելը և պատանդ պահելը: Նա նշեց, որ պատանդ վերցնելը և պահելը վերաբերում է բուժաշխատողներին պատանդ վերցնելուն:
«Կալանքի հարցը քննելիս՝ թե՛ Սահմանդրության, թե՛ միջազգային պայմանագրերով նախատեսված առաջնային պահանջն այն է, որ նախաքննության մարմինը դատարանի առաջ պետք է հիմնավորեր հիմնավոր կասկածի առկայությունը: Այսինքն՝ պետք է ներկայացվեին բավարար չափով ապացույցներ, փաստական տվյալներ, որ խմբի անդամ տղաներն իրապես կարող են առնչություն ունենալ այն մեղադրանքների հետ, որոնց վերաբերյալ իրենց մեղադրանք է առաջադրվել: Բոլորի մեղադրանքների որոշումները նույնաբովանդակ էին, նույն ստանդարտ ձևակերպումներով, որևէ մեկի գործողություններն անհատականացված չէին: Այսինքն՝ մեղադրանքը զուտ վերացական և ընդհանրական բնույթ կրող ձևակերպումներից էր բաղկացած: Եթե վերցնենք հրազեն և ռազմամթերք վերցնելու և ձեռք բերելու, կրելու մեղադրանքը, ուրեմն՝ որևէ մեկի դեպքում որոշակիացված չէր, թե ինչպես, որտեղ են ձեռք բերել, ուր են փոխադրել, երբ, որտեղ, ինչ պայմաններում են կրել, ինչ հրազենի և ինչ ռազմամթերքի մասին է խոսքը, և այլն: Դրանք լրիվ տարբեր գործողություններ են»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ իրենք դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ նախաքննության մարմինը որևէ ապացույց չէր ներկայացրել, որով դատարանին հնարավորություն կտար հետևության հանգելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցում: Նա նշեց, որ նույնը վերաբերում էր պատանդ վերցնելու և պահելու մեղադրանքին:
Մ. Շուշանյանը նկատեց, որ պատանդ վերցնելու և պահելու մեղադրանքի կապակցությամբ ներակայացվել էին միայն երեք բուժաշխատողների ցուցմունքները, որոնցում նույնպես որևէ մեկի, որևէ կոնկրետ գործողության նկարագրություն չկար: Նրա դիտարկմամբ՝ այդ ցուցմունքների հիման վրա հնարավոր չէր հանգել հետևության, որ կոնկրետ անձը զենքի կիրառմամբ պատանդ է վերցրել, այնուհետև զենքի սպառնալիքով պատանդի կարգավիճակում պահել է այդ երեք բուժաշխատողներին:
«Տղաներից որևէ մեկի մոտ, որոնք դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից և հանձնվել են իրավապահ մարմիններին, որևէ հրազեն կամ ռազմամթերք չի հայտնաբերվել: Ամեն դեպքում նախաքննության մարմինն այդ մասին որևէ ապացույց չէր ներկայացրել, ներկայացվել էին բերման ենթակելու վերաբերյալ արձանագրությունները, որոնցում որևէ խոսք չկար, որ նրանցից որևէ մեկի մոտ որևէ հրազեն է հայտնաբերվել: Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ զենքը կամովին հանձնելը դիտվում է՝ որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք: Այսինքն՝ մենք պնդում էինք, որ հիմնավոր կասկածի մասին ամեն դեպքում չի կարող խոսք գնալ, որովհետև, եթե անգամ տղաները կրել են հրազեն և ռազմամթերք, ապա փաստ է, որ այդ հրազենը և ռազմամթերքն իրենց մոտ չի եղել գնդի տարածքից դուրս գալու ժամանակ, հետևաբար՝ չէր կարող նրանց այդ հոդվածով մեղադրանք առաջադրվել»,- նկատեց փաստաբանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: