Բաժիններ՝

«Տիգրան Պետրոսյանի, Ռաֆայել Վահանյանի և նույնիսկ Լևոն Արոնյանի նման շախմատիստներ դժվար թե նորից լինեն»

Հայաստանի շախմատի հավաքականի հաջողությունները Հայաստանը դարձրեցին շախմատային գերտերություն: Երեք անգամ շախմատի համաշխարհային օլիմպիադան հաղթելուց հետո, մեր հավաքականն իր անունը գրեց ոսկե տառերով: Այդ հաջողություններից հետո, սակայն, մեր հավաքականի շախմատիստները սկսեցին ոչ այնքան վստահ ելույթներ ունենալ թե՛ հավաքականի կազմում, թե՛ անհատական մրցաշարերում:

Ի՞նչ խնդիրներ կան այժմ շախմատային Հայաստանում, ե՞րբ կրկին կունենանք օլիմպիական հավաքական, և որո՞նք էին մեր հավաքականի հաղթանակների գրավականը: Այս հարցերի պատասխանները փորձել ենք գտնել անվանի մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի հետ զրույցում:

Առաջին հարցը, որին անդրադարձավ Վ. Զաքարյանը՝ շախմատի մասսայականությունն է:

«Առաջ Հայաստանում շախմատի համար փոքր տարիք էր համարվում 12-13 տարեկանը, այսօր շախմատ սկսում են խաղալ 6 տարեկանից, իսկ 12-13 տարեկանում արդեն դառնում են գրոսմայստեր: Սրա պատճառներից մեկը շախմատը դպրոցական առարկա դարձնելն է: Այս քայլին ես երբեք կողմ չեմ եղել: Շախմատը դպրոցական առարկա չէ: Դպրոցը նրա համար է, որպեսզի երեխաները սովորեն գրականություն, մաթեմատիկա և այլն, սակայն դպրոցներում շախմատն ուսումնական առարկա դարձնելը մասսայական է դարձնում այս սպորտը»,- նշեց Վ. Զաքարյանը:

Vanik Zaqaryn

Ըստ Վանիկ Զաքարյանի՝ այն, որ Հայաստանի նման փոքր երկրում կան թվով 40-ից ավելի գրոսմայստերներ, խոսում է շախմատի շատ մասսայական լինելու մասին:

«Հայաստանում շախմատային լուրջ հաջողությունները սկսվել են 1963 թվականին, երբ հաղթանակ տարավ Տիգրան Պետրոսյանը: Շախմատային հետագա հաջողությունները Հայաստանը դարձրեցին շախմատային գերտերություն: Հիմա կա վախ, որ հայկական շախմատը հետընթաց կապրի: Ինձ թվում է, որ մեր հաջողություններն այլևս չեն կրկնվելու: Շախմատի մասսայականությունը Հայաստանում մեծանում է, բայց որակը չի բարձրանում: Տիգրան Պետրոսյանի, Ռաֆայել Վահանյանի և նույնիսկ Լևոն Արոնյանի նման շախմատիստներ դժվար թե նորից լինեն»:

ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի օլիմպիական հաջողություններն ունիկալ երևույթ էին:

«Մենք ունեինք հավաքական, որը պատրաստ էր հաղթելու: Մեր հաղթանակներին նպաստեց ՀՀ նախագահի՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը: Մեր թիմի անդամներն ավելի լարված էին խաղում: Բացի այդ, մեր շախմատիստներին տրամադրվում էր շատ մեծ ֆինանսական աջակցություն: Համեմատության համար պետք է նշել, որ Ռուսաստանի հավաքականի շախմատիստները մի քանի անգամ քիչ գումար էին ստանում: Շախմատի զարգացման համար նման ներդրումները շատ դրական նշանակություն ունեցան, սակայն նաև առաջադրեցին խնդիրներ, որոնք հիմա խանգարում են մեր հաջողություններին: Օրինակ, Եվրոպայի առաջնությունում խաղում է մեր ամենաուժեղ թիմը, բայց դա սխալ է: Ուժեղ հավաքականներում նման երևույթ չկա: Մեր շախմատիստները խաղում են բոլոր առաջնություններում, որպեսզի մրցանակային տեղ գրավեն և գումար ստանան: Եվրոպայի առաջնությունը կամ շախմատային թույլ մրցաշարերը պետք է բացահայտեն մեր երիտասարդ տաղանդներին, սակայն Հայաստանում ավագ շախմատիստներն ամեն ինչ անում են հավաքականում ընդգրկվելու և գումար աշխատելու համար»,- ասաց Վանիկ Զաքարյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանում, թեև թիմային սպորտաձևերը հաջողություն չեն ունենում, բայց այդ առումով շախմատը բացառություն է. ««Արարատ 73»-ից հետո Հայաստանում չի եղել թիմ, որ թիմային հաջողություններ ունենա»:

Vanik Zaqaryan1 Vanik Zaqaryan2

Vanik Zaqaryan

Vanik Zaqaryan3

16431_b

Ըստ Վ. Զաքարյանի՝ Հայաստանում կանանց շախմատը թույլ մակարդակի վրա է: Հայաստանի պատմության ընթացքում ունենք 2 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում թե՛ կանանց շախմատը, և թե՛ մյուս կանացի սպորտաձևերը չեն զարգանում մեր մենթալիտետի պատճառով;

Այնուամենայնիվ, Վ. Զաքարյանը հուսով է, որ Հայաստանում շախմատը կշարունակի զարգացում ապրել, այլ ոչ՝ հակառակը. «Ռաֆայել Վահանյանի նման շախմատիստներ ծնվում են 50-100 տարին մեկ: Ե՞րբ կրկին կունենանք նման շախմատիստ՝ դժվար է ասել: Հուսանք, որ մոտ ապագայում, օլիմպիական հավաքականից բացի, ևս կունենանք փայլուն հավաքականներ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս