«Եթե չեն ցանկանում դրա մասին խոսել, ես էլ չեմ կարողանում կողմնորոշվել». Թևան Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայնագրին դեմ քվեարկելու մասին
«Երբ ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին վատանալ, այն ժամանակ հարցնում էին՝ ի՞նչ է տալու մեզ դա. ես միշտ էլ ասել եմ, որ ուշ թե շուտ երկու մեծ երկրներ գտնելու են հարաբերությունները բարելավելու ուղիները, եթե կկարողանանք օգտվել այդ վատացումից, շատ լավ, եթե չենք կարողանալու օգտվել, պետք է ամեն ինչ անենք, որ, երբ գա հարաբերությունների լավացման ժամանակը, դա չլինի մեր հաշվին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ խնդիրն այն չէ, թե ինչու են ռուս-թուրքական հարաբերությունները բարելավվում կամ վատանում: Մենք պետք է ճիշտ քաղաքականություն վարենք, որպեսզի նրանց հարաբերությունները մեզ վրա չազդեն: Պատգամավորի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լավ կամ վատ լինելը կապ չունի Ադրբեջանի գործողությունների հետ. «22 տարի է՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, ու ապրիլյան դեպքերը չէի կապի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության հետ, քանի որ այդ 22 տարիների ընթացքում էլի է եղել ռուս-թուրքական հարաբերությունների սրում ու բարելավում: Ադրբեջանը երբ զգա, որ ինչ-որ չափով ուժեղ է, ռազմական գործողություններ է իրականացնելու»:
Անդրադառնալով այսօր ընդունված ՀՕՊ համաձայնագրին, նա նշեց, որ անձամբ դեմ է քվեարկել, չնայած՝ կողմնակից է, որ այս պայմանագիրը Հայաստանին շատ ու շատ հնարավորություն է տալիս. «Բայց ես հարցեր էի բարձրաձայնել, որոնց պատասխանն այդպես էլ չստացա: Պայմանագրում մենք գրեցինք հնարավորությունների մասին, բայց արդյո՞ք կարողանալու ենք օգտվել այդ հնարավորություններից: Այդ զգացողությունն ինձ մոտ այդպես էլ չձևավորվեց: Կյանքը ցույց է տալիս, որ ունենք հայ-ռուսական պայմանագիր, որի շատ կետեր այդպես էլ կյանքի չկոչվեցին: Նրանք կամ չունեն հարցի պատասխանը, կամ չեն ցանկանում դրա մասին խոսել: Եթե չեն ցանկանում դրա մասին խոսել, ես էլ չեմ կարողանում կողմնորոշվել: Եթե չունեն հարցի պատասխանը, դա էլ բացասական երևույթ է»: