Զինծառայողը վաղաժամկետ զորացրվել է. բժիշկը դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Մարտունու բժշկական կենտրոնի» բժիշկն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի 300 000 դրամի չափով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատական տեղեկատվական կայքում օրերս հրապարակվել է այս գործով դատարանի կայացրած վճիռը:
Ինչում է մեղադրվել բժիշկը
Ըստ մեղադրանքի՝ «Մարտունու բժշկական կենտրոնի» բժիշկ Վ. Սահակյանն ընդգրկված լինելով Մարտունու զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես բժիշկ-սրտաբան, կատարել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների սրտի հետազոտություն: Վերջինիս տրված ախտորոշումները նպաստել և ուղղորդել են զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից որոշումների կայացմանը՝ կապված զինակոչիկի՝ պարտադիր ժամկետային զինծառայությանը պիտանի լինելու փաստի հետ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զորակոչի ընթացքում զինակոչիկի սրտի հետազոտություն կատարելիս՝ պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները՝ երկու օրվա մեջ՝ էլեկտրասրտագրության երկու տարբեր արդյունքներ ստանալով, զինծառայողին չի ուղարկել նեղ մասնագիտական հետազոտման, որի արդյունքում չի հայտնաբերել նրա մոտ առկա սրտի հիվանդությունը, այլ տվել է սահմանափակումով զինծառայությանը պիտանի լինելու վերաբերյալ եզրակացություն:
Արդյունքում՝ զինակոչիկը ճանաչվել է զինծառայությանը պիտանի սահմանափակումով և զորակոչվել ՀՀ ԶՈՒ: Սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ուղեգրով կատարված հետազոտության արդյունքների համաձայն՝ զինակոչիկի մոտ հայտնաբերվել է հիվանդություն, նա ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչել
Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2013թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ նշանակվել է Մարտունու զորակոչային հանձնաժողովի անդամ՝ որպես բժիշկ-սրտաբան: Իր պարտականությունների մեջ է մտնում կցագրման և զորակոչի ժամանակ զինակոչիկներին հետազոտելը, վերջիններիս մոտ առողջական խնդիրներ չհայտնաբերելու դեպքում նրանց անձնական գործերում պիտանիության վերաբերյալ գրառումներ կատարելը, իսկ հիվանդություն հայտնաբերելու դեպքում՝ համապատասխան բժշկական հաստատություններ՝ նեղ մասնագիտական հետազոտման ուղարկելը, այնտեղից ստացված առողջական վիճակի ակտի հիման վրա, ՀՀ ՊՆ հրամանի համապատասխան կետով պիտանիության վերաբերյալ եզրակացություն տալը:
Հիմք ընդունելով բժշկական կենտրոնից տրված եզրակացությունը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սիրտը լսելիս, նրա սրտի աշխատանքի ռիթմը եղել է կանոնավոր՝ պաթոլոգիա չի հայտնաբերել, և ղեկավարվելով ՀՀ ՊՆ հրամանի պահանջներով, զինակոչիկին չի ուղարկել նեղ մասնագիտական հետազոտման, այլ համաձայն հրամանի՝ ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով, և վերջինս զորակոչվել է ՀՀ ԶՈՒ:
Ըստ դատական ակտի՝ քրեական գործով նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ՏԶԿ բժշկական հանձնաժողովի մասնագետի՝ սրտաբանի կողմից ճիշտ չի գնահատվել զինակոչիկի հիվանդության արտահայտման աստիճանը, որի ճիշտ գնահատման դեպքում զինակոչիկը պետք է ներկայացվեր ԿԲՀ-ի հետագա հետազոտման ծավալների և դրա հետ կապված՝ զինակոչիկի զինծառայությանը պիտանելիության հարցը պարզելու համար:
Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: