Բաժիններ՝

ԿԲ ներկայացուցիչը երազում է վայրկյանների ընթացքում ծառայություն մատուցող բանկային համակարգի մասին

Նոր սերնդի ֆինանսական ու բանկային համակարգը պետք է լինի ճկուն, որպեսզի ծառայություն ստացողի համար անհարմարություններ, գլխացավանքներ չառաջացնի: Հայաստանը պետք է ձգտի նրան, որ 5-10 տարի հետո ունենա այնքան ճկուն ու արագ բանկային համակարգ, որ ծառայությունը մատուցվի վայրկյանների ընթացքում:

«Դիջիթեք» բիզնես ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ աուդիտի բաժնի պետ Կոմիտաս Ստեփանյանը:

«Ես օրեր առաջ Կիևում մասնակցում էի միջազգային համաժողովի, որտեղ մասնակցում էր նաև Լոնդոնի Սիթի բանկից մի գործընկեր: Նա այսպիսի օրինակ բերեց, որ ենթադրենք իր աղջիկը գնում է խանութ, գումարը վերջանում է, հաղորդագրություն է ուղարկում կամ զանգում , թե «հայրիկ, իմ գումարը պակասում է» ու նա ընդամենը մեկ հաղորդագրության միջոցով ուղարկում է անհրաժեշտ գումար, որը 15 վայրկյանո ւմ նստում է բանկային հաշվեհամարին:

Տրանսակցիաների քանակը միլիարդավոր էր, գումարը՝ տրիլիոններ: Ես հինգ տարի հետո երազում եմ ունենալ այդպիսի տեխնոլոգիական հնարավորություններ Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի ծառայությունը ստանալ՝ հենց դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց Կոմիտաս Ստեփանյանը՝ հավելելով, որ այդ ծառայությունը պետք է նաև անվտանգ լինի:

Ինչ վերաբերում է ներկայում Հայաստանի ֆինանսական համակարգի տեխնոլոգիական զարգացման մակարդակին, ապա ըստ մեր զրուցակցի՝ այն բավականին գովելի վիճակում է: «Մեր տեխնոլոգիաները բավականին լավն են, լավ կադրեր ունենք, բայց միտումը պետք է շարունակել: Շատ հաճախ կազմակերպություններին թվում է, որ, մեկ անգամ ներդրումներ անելով, լավ սերվերներ, լավ տեխնոլոգիաներ գնելով, հարցը լուծում են: Բայց խնդիրը պետք է դինամիկայի մեջ նայել, դա վերաբերում է նաև գիտելիքին: Ինչ այսօր գիտես, չի նշանակում, որ վաղը բավարարելու է առկա տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց»,-ավելացրեց ԿԲ ներկայացուցիչը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի բնակչությունը որքանով է օգտվում նորագույն տեխնոլոգիական լուծումներից նույն բանկային համակարգից օգտվելիս՝ Կոմիտաս Ստեփանյանը սփոփիչ համարեց հանգամանքը, որ նրանց զգալի մասը կարողանում է օգտագործել սմարթֆոն, ինչը նշանակում է ամբողջ համաշխարհային տեխնոլոգիական զարգացման մեկ մասնիկը լինելու հնարավորություն: «Մեր հասարակությունն ունի հնարավորություն օգտագործել սմարթֆոնն իր ողջ ֆունկցիոնալությամբ: Այսօր մենք ունենք վճարային հայկական համակարգեր, հեռախոսի միջոցով կարող ես փող փոխանցել: Դա հե նց վաղվա օրն է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Կոմիտաս Ստեփանյանը ուրախալի համարեց հանգամանքը, որ այս բնագավառում հայկական ընկերությունների լուծումները կիրառելի են օտար երկրների կողմից: Այս իմաստով նա օրինակ բերեց հայկական ՎՕԼՕ ընկերությանը, որի մշակած լուծումով հետաքրքրված է օտարեկրյա մի պետություն: «Հայաստանի ՏՏ միջավայրը պատրաստ է աշխարհի զարգացումներին համարժեք լուծումներ առաջարկել»,-եզրափակեց ԿԲ ՏՏ աուդիտի բաժնի պետը:

Անի Նազարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս