Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները:

Զեկուցողի խոսքով՝ վերլուծությունը հիմնված է շուրջ երկու տասնյակ երկրների միջազգային փորձի և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով հետևյալ հարցադրումների վրա. ինչպե՞ս է մեկնաբանվում և կիրառվում ՄԱԿ-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածն արտասահմանյան երկրներում, ինչպե՞ս է քրեականացվել ապօրինի հարստացումն արտասահմանյան երկրներում, ի՞նչ ինստիտուցիոնալ միջոցառումներ են կիրառվել այդ նպատակով, ինչպիսի՞ պատժամիջոցներ են նախատեսվել, և ինչպիսի՞ լուծումներ կարող են կիրառվել մեր օրենսդրությունում, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի նախագծում` ապօրինի հարստացման հանցակազմը կատարելագործելու նպատակով։

Hakakorupcion nist5 Hakakorupcion nist2 Hakakorupcion nist7

Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարևորելով այս խնդիրը՝ ես ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ կառավարությունն այն ներառել է 2015-2018 թթ. Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունում և առաջարկում եմ հանձնարարել արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում հասարակական հատվածի մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ձևավորել օրենսդրական փաթեթ, քննարկել, նախապատրաստել և ուղարկել Ազգային ժողով»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից իրականացվող կանխիկ գործարքների ինստիտուտի կիրառման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները: ՀՀ ԿԲ փոխնախագահը նշել է, որ առաջարկությունները մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, և երկրների կողմից նշված սահմանափակումները հիմնականում կիրառվում են հետևյալ նպատակներով՝ ստվերային տնտեսության դեմ պայքար և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար և անկանխիկ վճարումների մշակույթի ձևավորում: Վարչապետը կարևորել է նշված հարցի կարգավորումը և առաջարկել հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել մշակված առաջարկությունները:

Զեկուցումով է հանդես եկել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները: Նա, մասնավորապես, նշել է, որ գործող համակարգի արդյունավետության գնահատումն իրականացվել է հետևյալ հարցադրումների հիման վրա՝ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակ, հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակ, հայտարարագրերի տեսակներ, հայտարարագրերում զետեղված տեղեկատվության արժանահավատության ստուգման մեխանիզմների առկայություն և հայտարարագրերի ռեժիմի կիրարկումն ապահովող սանկցիաների համակարգ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների և նոր թիրախային խմբերի ներգրավման վերաբերյալ առաջարկություններ և քննարկել դրանք հասարակական կազմակերպությունների հետ:

Hakakorupcion nist8

Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2015 թ. սեպտեմբերի 25-ի 1141-Ն որոշման 4-րդ կետով սահմանված հանրապետական գործադիր մարմինների տարեկան հաշվետվությունների գնահատման և մոնիթորինգի մեթոդաբանության վերանայման հարցը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվել է դոնոր կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ և առաջարկվել է նշված հաշվետվությունների գնահատման և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակել և ներդնել նոր միասնական մեթոդաբանություն, ինչպես նաև հաշվետվությունները դարձնել հրապարակային: Վարչապետը կարևորել է պետական կառավարման մարմինների գործունեության տարեկան հաշվետվությունների գնահատման մեթոդաբանության և մոնիթորինգի միասնական մեխանիզմի մշակումը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մեկ այլ հարցով Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2016 թ. փետրվարի 5-ին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում փորձագիտական հանձնախմբի ստեղծման նպատակով հայտեր ներկայացրած միջազգային փորձագետների վերաբերյալ: Նշվել է, որ հայտ է ներկայացրել 9 թեկնածու, որից 6-ը՝ ՀՀ քաղաքացի, 3-ը՝ օտարերկրյա, և նախնական ուսումնասիրության համաձայն՝ սահմանված չափանիշներին համապատասխանում են օտարերկրյա երեք քաղաքացիները: Հաջորդ քայլով անհրաժեշտ է կազմակերպել հայտերի գնահատման գործընթաց՝ ըստ ներկայացված փաստաթղթերի և սահմանված չափանիշներին համապատասխանող երեք փորձագետներից ընտրել երկուսին: Խորհուրդը հաստատել է նաև ընտրվելիք միջազգային երկու փորձագետների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը:

Տեսանյութեր

Լրահոս