Բաժիններ՝

«Ինչո՞ւ է կորեացի բուդդան «տելեվիզորը» դնում «գարդերոբի» գլխին». Վարդան Այվազյանը՝ լրագրողին

«Ինչ վերաբերում է տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը՝ ՀՀ-ում գործում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենք, որը հիմնականում թույլատրում է մենաշնորհների առկայությունը: Մենաշնորհ ենք համարում այն ծառայությունները կամ ապրանքների մատակարարումը, որը հարյուր տոկոսով տվյալ կազմակերպությունն է իրականացնում: Մեր խնդիրը բնական մենաշնորհները չեն, այլ գերիշխող դիրք ունեցողները, որոնք կարող են անհարկի գին բարձրացնել»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ առաջարկել է նաև ՀՀ Սահմանադրության մեջ ունենալ հակամենաշնորհային օրենք, քանի որ կարծում է՝ դա մի մարմնի գործառույթ չէ. «Դրան պետք է մասնակցեն բոլոր օղակները»:

Նրա խոսքով՝ գերիշխող դիրքի առկայությունը դեռ չի նշանակում, որ մարդը թալան է արել.

«Եթե գերիշխող դիրքն ինքը չարաշահում է, ուրեմն՝ թալան է արել, պետք է բռնել»: Հարցին՝ շա՞տ են նման դեպքերը, նա պատասխանեց.

«Շաբոյանին կանչեք, իրան հարցրեք: Եթե Շաբոյանը հղում տա ինձ, կներեք, իմ առաքելությունը՝ որպես պատգամավոր, օրենսդրական նախագծերին մասնակցելն ու եզրակացություն հայտնելն է: Ես օրենսդրական դաշտը ստեղծողն եմ: Ես հավասարազոր եմ մյուս բոլոր պատգամավորներին: Շաբոյանը գործադիր ֆունկցիա ունեցող մարմնի ղեկավարն է»:

Հարցադրմանը՝ ավիացիայի ոլորտը ո՞նց են վերահսկում, երբ Ռուսաստանը գերիշխող դիրք ունի, ինչո՞ւ է գազի մատակարարման գերիշխող դիրքը տրվել Ռուսաստանին, նա պատասխանեց.

«Գազի մատակարարման ոլորտը բնական մենաշնորհ է, ՀԾԿՀ-ն է կարգավորում այդ ոլորտը, մուրճն ու մեխը պետության ձեռքին է: Ավիացիայի ոլորտն ինչո՞ւ է Ռուսաստանի ձեռքին: Էնպես չի, որ վերջին գործընթացներից հետո ուշաթափվում ենք: Որտե՞ղ է ասվում, թե դա մենաշնորհ է: Հիմա, եթե այլ ավիաընկերություն գա, չե՞նք թույլ տա: Հայաստանի օդանավակայանները որևէ մեկին այլ գնով չեն տալիս, պարզապես դեմպինգ են իրականացնում ռուսական ավիաընկերությունները՝ իրենց օդանավակայաններում ու վառելիքի վրա: Օդանավակայանի և այլ ծառայությունների ծախսերը ՀՀ-ում ցանկացածի համար միևնույնն են»:

Հարցին՝ հնարավո՞ր է Թուրքիայից ապրանք չներկրել, 20 հազար մարդ Թուրքիայից ապրանք է ներկրում, և դրա հաշվին է ապրում իր ընտանիքը, նա պատասխանեց.

«Խի՞ հնարավոր չի: Հիմա ինձ ի՞նչ եք հարցնում: Ես ձեզ հարց եմ տալիս. «Ինչո՞ւ է կորեացի բուդդան «տելեվիզորը» դնում «գարդերոբի» գլխին»: Լրագրողը պատասխանեց, որ նրան այդպես է հարմար: «Դե վերջ, փակեցինք այդ թեման: Դուք ասում եք՝ հնարավո՞ր է, ես ասում եմ՝ այո, հնարավոր է: Բայց որպես Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ կարծում եմ՝ իմաստ չունի արգելելը: Պարզապես ապրանքային շուկայում կունենաս գների թանկացում»,- արձագանքեց պատգամավորը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս