Հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել ապրիլի սկզբին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում. Իգոր Պոպով
Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային գործընթացում ներգրավելու առաջարկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու հարցին, այդ թվում՝ Գերմանիայի հաշվին, Պոպովն ասել է, որ փաստացի, բանակցային ներկայիս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով չեն մասնակցում, սակայն այդ թեմային շատ ուշադրություն է հատկացվում համանախագահների՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հանդիպումների ժամանակ:
«Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ՝ շրջանակային պայմանավորվածության ձեռքբերումից հետո կստեղծվի հնարավորություն, որ նրանք վերադառնային բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Պոպովը:
Ինչ վերաբերում է ՄԽ-ի համանախագահների թիվն ավելացնելուն, Պոպովը նշում է, որ այդ հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է ԶԼՄ-ների կողմից ու սկսում է ակտիվորեն քննարկվել քաղաքագիտական շրջանակների կողմից, սակայն ո´չ համանախագահների «եռյակի» կողմից, ո´չ նախաձեռնության միջնորդների հետ շփումների ժամանակ համանախագահների թվի ավելացման հարց առաջ չի քաշվել:
«Չէ՞ որ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը կախված չէ համանախագահների թվից, այլ կողմերի պատրաստակամությունից՝ հասնելու փոխզիջման»,- ասել է Պոպովը:
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա վերջինս՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ և Մինսկի խմբի անդամ, ակտիվորեն աշխատում է ԼՂ հակամարտության ուղղությամբ, մասնակցում է Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը, կողմերի միջև վստահության միջոցառումների հաստատմանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը, ապա ռուս դիվանագետն ընդգծում է, որ «այս ձգձգվող հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելն առնչվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական անխոս առաջնահերթությունների թվին»: «Մենք ամենևին էլ անտարբեր չենք, թե ինչ է կատարվում հարևան տարածաշրջանում: Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից մեկը: «Եռյակի» համաձայնեցված մոտեցումներին զուգահեռ՝ ռուսական կողմը ձեռնարկում է ինքնուրույն ջանքեր` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հատուկ մտերիմ հարաբերությունները»,- ասում է Պոպովը՝ ընդգծելով, որ դա թույլ է տալիս անկեղծորեն փոխանակել կարծիքներ առանցքային հարցերի շուրջ:
«Ինչպես գիտեք, հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել ապրիլի սկզբին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում` Մոսկվա հրավիրելով Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈԻ գլխավոր շտաբների պետերին: Մեր միջնորդության հիմնական թեման կողմերին օգնելն է՝ հասնել հակամարտության կայուն կարգավորման:
Դրան են նվիրվել ավելի քան երկու տասնյակ եռակողմ հանդիպումներ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, որոնց միջև դադարներում աշխատել ու աշխատում են նախարարները: Կան էական առաջարկություններ, որ հավանություն են վայելում մյուս համանախագահող երկրների կողմից: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս մեր միջնորդական ջանքերը կշարունակվեն»,- խոսքը եզրափակել է Պոպովը: