«Եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է». Թևան Պողոսյանի կոչը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը ԱԺ-ում.
«Այսօր որոշել եմ խոսքս աշխարհով մեկ ապրող մեր հայրենակիցներին ուղղել: Մեզնից շատերն են այս օրերին ստիպված եղել հեռախոսով բացատրել արտերկրի հարազատներին կամ ընկերներին, անգամ թեթև կշտամբել, երբ մտահոգ կամ վախեցած հեռախոսազանգ են ստացել իրավիճակի վերաբերյալ:
Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի և նրա շուրջ տեղի ունեցող դեպքերի մասին լրատվություն ընթերցելուց դրսից ամեն ինչ շատ ավելի գույները խտացված է ընկալվում:
Հետո կան նաև լրատվության առանձնահատկությունները, որոնք ընթերցողը հաճախ չի էլ տեսնում. չէ՞ որ որևէ լրատվական չի նստում ու պատմում, թե ինչ գեղեցիկ է այս օրերին Հայաստանի բնությունը, կամ թե ինչ հրաշալի ժամանակ կարելի է անցկացնել, ասենք, Սիրահարների այգում, կամ Երևանի շուկաների առաջին բանջարեղենի համը որքան անմահական է և այլն: Նրանք լուրեր են հաղորդում, որոնք ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, իրադարձություններին են վերաբերում, հաճախ այնպիսինների, որոնք սուր են և ընթերցող են գրավում:
Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերում արթնանում ու կարդում են լրատվություն այն մասին, թե թուրքերն ինչ ասեցին, ադրբեջանցիների ինչ հերթական տգիտություն են մոգոնել, որտեղ վրաերթ եղավ, ով ում է մեղադրում կաշառակերության մեջ և այլն: Հավաքական տպավորությունը պարզ է, թե ինչպիսինն է լինում: Ինքս հարյուր անգամ իմ վրա եմ զգացել նույնը:
Բայց դա իրականության ամբողջական պատկերը չէ, բարեկամնե՛ր, լրատվություն կարդալուց չպետք է դա ընկալել որպես` կյանքը Հայաստանում: Հայաստանն այս պահին, իմ խորին համոզմամբ, աշխարհի լավագույն վայրն է այցելելու համար, լավ սնվելու, լավ արև ընդունելու, ատամ բուժելու, ընտիր մրգեր համտեսելու, ուրախ երեկոներ անցկացնելու, տեսարժան վայրեր գնալու համար: Հայաստանում անվտանգ է, սիրելի՛ բարեկամներ, հիշե՛ք սա խնդրում եմ ու փոխանցեք բարեկամներին ու ծանոթներին:
Հիշե՛ք ու պատրաստվեք այստեղ գալ ամռանը: Ու մի՛ լսեք տարբեր պատճառներով աշխարհավերջի մասին պատմություններ տարածողներին. Հայաստանը մեր դրախտն է, հայաստանցիներն էլ ընտիր մարդիկ են: Վստահաբար եմ ասում:
Սա չի նշանակում, թե Հայաստանում խնդիրներ չկան: Կան, այն էլ ինչքան ուզեք: Բայց դրանք ոչ ոք, եթե անգամ շատ ուզի, չի կարող թաքցնել, և երկրորդ, դիմադրող պատն էլ երկար չի դիմանալու: Սա էլ եմ վստահաբար ասում:
Այնպես որ՝ եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է»: