«Փորձանքների մեջ շատ էր ընկնում՝ ավտովթարներ և այլն. բոլորից անփորձանք պրծավ, այս մի փորձանքից չկարողացավ պրծնել». ասում է զոհված Կարեն Ներսիսյանի հայրը

Արցախում զոհված սերժանտ Կարեն Ներսիսյանը Կոտայքի մարզի Բջնի համայնքից էր։ Ապրիլի 8-ին լրացել է ժամկետային զինծառայողի 19-ամյակը։ Կարենը ծառայում էր Ջեբրաիլում, զինված ուժեր զորակոչվել էր 2015թ. ամռանը։ Կարենի հայրը՝ Արտակը, որդու մասին խոսելիս՝ ասում է՝ ճարպիկ էր, ուժեղ, ընկերասեր։ Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանող էր։

Կարենն արդեն 9 ամսվա ծառայող էր։ Այդ ընթացքում, ըստ հոր խոսքերի, ոչնչից չի դժգոհել, հպարտ էր, որ ծառայում էր. «Այդ ինը ամսվա ընթացքում մենք իրենից չենք լսել, որ տրտնջա, որևէ բանից բողոքի։ Կյանքի տղա էր»։ Ապրիլի 1-ին Կարենը դիրքեր էր բարձրացել։ Այդ օրը խոսել էր ընտանիքի անդամների հետ, ասել, որ ամեն ինչ նորմալ է, հանգիստ քնեն։ Հետո արդեն նրա հետ կապվել չի հաջողվել։ Ապա իմացել են, որ Կարենն անհետ կորածների ցուցակում է։ Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին էր փոխանցվել 18 զինծառայողի մարմին, որոնցից մեկը Կարեն Ներսիսյանն էր։

Karen (11)

Karen (8) Karen (9) Karen (12) Karen (10)

«Հպարտ էր, որ ծառայում է»

«Տան առաջնեկն էր։ Ճարպիկ, ժիր, աշխույժ երեխա էր։ Փոքրամարմին էր, բայց շատ ժիր, ճարպիկ, ուժեղ»,- որդու մասին պատմելով՝ ասում է նրա հայրը։ Նրա խոսքով՝ Կարենն ավարտել է Բջնու Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ինչից հետո ընդունվել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետը. առաջին կուրսն ավարտելուց հետո 2015թ. հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ։ Կարենը բարձր տրամադրությամբ է բանակ գնացել. «Ասում էր՝ պետք է գնամ ծառայելու, ինձ համար կապ չունի՝ Ղարաբաղո՞ւմ կլինեմ, թե՞ Հայաստանում, միևնույն է՝ պետք է գնամ, ծառայեմ»։

Հադրութի զորամասում Կարենը սերժանտական դասընթացներ էր անցել, ստացել սերժանտի կոչում։ Կարենի հոր խոսքով՝ որդին ծառայությունից՝ թե՛ հրամանատարներից, թե՛ սննդից, շատ գոհ էր. «9 ամիս ծառայեց։ Այդ ընթացքում ոչ մի անգամ ոչ մեկից չբողոքեց։ Միշտ գոհ էր, ուրախ։ Ծառայում էր նորմալ։ Հարգանք էր վայելում սպաների, զինվորների կողմից։ Շատ գոհ էր իր ծառայությունից։ Հպարտ էր, որ ծառայում է»։

Karen (4) Karen (7) Karen (2)

Կարենը մեկ անգամ արձակուրդ էր եկել 10 օրով, այդ ընթացքում էլ նա բարձր տրամադրություն է ունեցել, բանակից բացասական որևէ բան չի պատմել։ «Ինքը ճարպիկ տղա էր։ Փոքր տարիքից մեծերի հետ է շփվել։ Շատ է զորամասեր գնացել։ Մինչև բանակ գնալն ինքն արդեն անգիր գիտեր բանակի կարգուկանոնը։ Ինքն իրենից 5-6 տարով մեծերի հետ էր ընկերություն անում։ Բոլորի երդմնակալությանը, ընթացքում գնացել է, տեսել։ Ընկերասեր, ընկերոջ համար կյանք տվող տղա էր։ Ուշքն ու միտքն ընկերներն էին՝ հասներ ընկերոջը, օգներ»։ Մասնագիտությունը Կարենն ինքն էր ընտրել. սիրում էր հեռախոսով, համակարգչով, այլ տեխնիկայով զբաղվել։ «Շատ էր սիրում, քանդում էր, սարքում։ Համակարգչից հասկանում էր, տիրապետում»,- ասում է Կարենի հայրը։ Նրա խոսքով՝ Կարենը նաև ֆուտբոլ ու մաթեմատիկա էր սիրում։ «Հրամանատարները խոսք էին տվել։ Ապրիլի 8-ին ծնունդն էր, խրախուսանքի կարգով նորից պիտի գար»,- ասում է հայրը։

Karen (14)

«Գնացե՛ք, հանգիստ քնե՛ք»
Կարենի հոր խոսքով՝ ապրիլի 1-ին որդին դիրքեր էր բարձրացել։ Այդ օրը ցերեկվա ժամերին Կարենը զանգել է հարազատներին, ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինքը լավ է, նորից կզանգի. «Գիշերը 10։30 էր, զանգեց։ Ասաց՝ նորմալ է, հանգիստ, գնացե՛ք, հանգիստ քնե՛ք։ Դրանից հետո՝ ապրիլի 2-ի գիշերը, երբ այդ հարձակումները եղել են, այլևս կապ չունեցանք իր հետ։ Հետո իմացանք, որ հարձակում է եղել դիրքի վրա, այդ դիրքից էլ տեղեկություն չկա, դիրքն էլ արդեն թուրքերի ձեռքում է։ Մի քանի օր ոչ մի ձևի կապ չունեցանք։ Անհայտ կորածների ցանկի մեջ էր»։ «Ապրիլի 6-ին ես գնացի Ջաբրաիլ, այնտեղ իմացանք այդ մասին, բայց մինչ այդ էլ 90 տոկոսով գիտեինք,- ասում է Կարենի հայրը՝ նշելով,- Ապրիլի 10-ին, երբ հանձնվեցին 18 զոհվածների մարմիններ, մեկն էլ ինքն էր»։

Karen (16)

Կարենի հոր խոսքով՝ այդ դիրքը շատ ապահով է եղել, տարածքի ամենաբարձր դիրքը։ «Պաշտոնական բան չկա։ Ասում են, որ հարձակում է եղել, ընկել են շրջափակման մեջ։ Ահագին՝ մոտ չորս ժամ կռվել են։ Փամփուշտներն են վերջացել, ու բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել»,- ասում է Կարենի հայրը՝ նշելով, որ որդին Համալսարանից ճանաչել է զինծառայող Ադամ Սահակյանին, ով ևս ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվել է։

Karen (17) Karen (6) Karen (3)

«Փորձանքների մեջ շատ էր ընկնում՝ ավտովթարներ և այլն։ Բոլորից անփորձանք պրծավ, դուրս եկավ։ Այս մի փորձանքից չկարողացավ պրծնել։ Բանակ գնալուց առաջ ընկերոջ հետ ավտովթարի էին ենթարկվել։ Քիթն էր վնասվել ու ատամն էր կոտրվել։ Մեքենան ջարդուփշուր էր եղել, թեթև վնասվածք էր ստացել… Հումորով տղա էր»։

Կարենն իրենից փոքր մի եղբայր ունի. գրեթե 6 տարվա տարբերություն կա նրանց միջև, սակայն, հոր խոսքով՝ եղբայրներով շատ կապված էին միմյանց հետ։

Karen (1)

Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Տեսանյութեր

Լրահոս