«Երբ դեռ ամեն ինչ հանգիստ էր, ասում էր՝ պատերազմ լինի՝ ես եմ առաջինը գնալու». Պատմում են Թալիշում ապրիլի 10-ին զոհված Ռոբերտի հարազատները

Թալիշում զոհված Ռոբերտ Աբրահամյանը որպես պայմանագրային զինծառայող՝ Զինված ուժերում ծառայության էր անցել 2016թ.: Նա ծառայության էր անցել խաղաղապահ զորքերում, հասցրել ծառայել մի քանի օր: Ապրիլի 10-ին զոհվել էր: Ռոբերտի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Տափերական համայնքում: 1993թ. ծնված Ռոբերտն ամուսնացած էր. նրա որդին արդեն 5 ամսական է: 2011-2013թթ. Ռոբերտը ծառայել էր բանակում, ապա մեկնել Ռուսաստան, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էր:

«Երբեք ավելորդ բաներ չէր անում: Սիրում էր, որ ամեն ինչ հանգիստ լիներ: Շատ կապված էինք միմյանց հետ: Կարող է՝ վիճեինք, բայց դա տևեր ընդամենը մեկ վայրկյան: Անգամ մի կտոր հացն առանձին չենք կիսել: Ուր էլ գնայինք, միասին էինք: Հիմա պարզապես փորձում ենք գոյատևել՝ հանուն իր որդու: Ինքս նպատակ եմ դրել, որ եղբորս որդուն պետք է հասցնեմ իր նպատակներին, ինչպես եղբայրս էր ուզում: Իր ապրումները, իր ուրախությունը, որ տեսել եմ երեխայի ծնվելիս… Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչու իր հետ պիտի նման բան լիներ»,- ասում է Ռոբերտի քույրը: Նա ու Ռոբերտի կինը մոտ ընկերուհիներ են եղել. «Միշտ ասում էի՝ Քնա՛ր, դու մեր տուն ես հարս գալու… Եղբորս մատաղն էր: Եկավ մեր տուն, ծանոթացան: Տեսավ, հավանեց, փախցրեց: Ես միշտ ասել եմ, որ ինքս էլ կուզեմ գտնել այդպիսի ամուսին՝ նվիրված, սիրող: Նայում էի իրենց երկուսին ու ուրախանում, որ այդքան նվիրված են, ջերմ»:

Ռոբերտի կինը՝ Քնարիկը, պատմում է, որ Ռոբերտը շատ էր ուրախացել, որ որդի էր ունեցել. «Աշխարհն իրենն էր: Մի օր եկավ տուն, ասաց՝ իմ ընկերներից ամենահարուստը ես եմ: Հարցրի, թե ինչու: Ասաց՝ որովհետև ես որդի ունեմ»: Նրա խոսքը շարունակելով՝ Ռոբերտի քույրը պատմում է. «Ասում էր՝ Քնա՛ր, չգիտեմ՝ ինչ ես անում, ոնց ես անում, աղջիկ եմ ուզում»:

«Զանգեց, ասաց, որ Ղարաբաղ են տանում, բայց հետո ասաց՝ չեն տանում, տանում են Վարդենիս: Գիշերը ուշ ժամի զանգեց, ասաց՝ Մե՛ր, զանգի՛ր, թող ռոումինգ միացնեն: Ասացի՝ եթե դու Վարդենիսում ես, ի՞նչ կարիք կա ռոումինգի: Ասաց՝ լավ, Մե՛ր, էլ չեմ կարող խոսել: Հետո անհասանելի դարձավ»,- պատմում է Ռոբերտի քույրը, կինն էլ ավելացնում է, որ հետո հաջողվել է խոսել Ռոբերտի հետ, ով, սակայն, չէր ասել, որ առաջին գծում է: «Ասում էր՝ մենք այնտեղ քանդված տներն ենք սարքում»,- ասում է Ռոբերտի կինը: Վերջին անգամ խոսելիս Ռոբերտն ասել էր՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է. «Երևի ընդամենը 20-30 վայրկյան խոսեց ու անջատեց»:

«Ամեն առավոտ, երբ աշխատանքի էր գնում, երեխան աչքերը բացում էր: Զգում էր, ամեն առավոտ նույն ժամին աչքերը բացում էր, իր պապային ճանապարհում աշխատանքի: Գալիս, գրկում էր, խաղում հետը»,- պատմում է Ռոբերտի կինը: Ռոբերտի քրոջ՝ Մերիի խոսքով՝ դեպքի օրն անհանգիստ է եղել, քանի որ եղբոր հետ խոսել չի հաջողվել. «Մի ամբողջ օր անհանգիստ վիճակ էր: Զանգում էի՝ անհասանելի էր, չէր պատասխանում: Զանգեցին, տեսա, որ լացում են, հարցրի՝ ի՞նչ է եղել, Քնարն ասաց՝ Ռոբին խփել են, արի՛ տուն, ու մամայի լացի ձայնը լսեցի: Մտածեցի՝ վիրավոր է, բայց չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել: Եկա տուն, տեսա, որ բոլորը հավաքված են: Հարցնում էի՝ ի՞նչ է եղել. մաման լացում էր, Քնարը լացում էր, ոչ ոք նորմալ պատասխան չէր տալիս: Իրեն խառնում էին Ռոբերտ Աբաջյանի հետ… Աստծուն այդքան խնդրեցինք, որ ոչինչ չպատահի, բայց…»:

«Գոնե վիրավոր լիներ, բայց մեր, իր որդու կողքին լիներ»,- շարունակում է Ռոբերտի կինը՝ նշելով, որ դեպքի մասին լուրն առաջինն ինքն է իմացել. «Մեր բարեկամը եկավ: Ձեռքիս շշով լի ջուր կար, տանում էի՝ ծառի տակ լցնեի: Ասաց՝ գնանք տուն, քեզ բան պիտի ասեմ:

Ասացի՝ ջուրը դատարկեմ, գնանք, կասես: Ասաց՝ չէ՛, կարևոր բան պիտի ասեմ: Նայեց աչքերիս, լացած էր, աչքերը կարմրած էին: Ասացի՝ միայն չասես, որ Ռոբերտին ինչ-որ բան է պատահել: Սկսեց ուժեղ լացել: Մաման լսեց, եկավ, հարցրեց՝ ի՞նչ է եղել: Ասաց՝ Ռուբոն վիրավոր է… Մենք ուղիղ մեկ օր սպասել ենք, որ խաբար անեն, որ գոնե ինքը չէ, շփոթել են: Հաջորդ օրը, երբ ասացին, որ մահացել է, շոկային վիճակ էր: Մինչև հիմա էլ… Միշտ սպասում եմ, որ հես ա կգա»:

«Բոլորը պետք է հպարտ լինեն, որ այդքան երեխաներն իրենց կյանքը փրկելու համար են զոհվել: Նրանք իսկական հերոսներ են: Բոլորը մեղք էին: Ընդամենը մի քանի օրը խլեց քանի ընտանիքների ժպիտն ու ուրախությունը»,- ասում է Ռոբերտի քույրը:
Ռոբերտի կինը, խոսելով ամուսնու մասին, ասում է՝ քաջ էր, ուժեղ, ընկերասեր. «Եթե իր ընկերները կռիվ անեին, ինքն առաջինը պետք է այնտեղ լիներ: Մի օր մեր տուն էինք գնացել, ընկերը զանգեց: Եկավ, մտավ, տրամադրություն չուներ: Ասաց՝ արի՛, գնում ենք տուն: Հարցրի՝ ի՞նչ է եղել, ասաց՝ ընկերս կռիվ է արել, գնացինք, պիտի իր կողքին լինեմ: Եկանք տուն: Գնաց, հասավ: Շատ հարգված էր, սիրված, համեստ»:

Ռոբերտի քույրն ասում է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա հպարտ է, որ Ռոբերտն իր եղբայրն է: «Ես այնքան հպարտ էի, որ ինքն իմ եղբայրն է: Երբ դեռ ոչինիչ չկար այս երկրում, ամեն ինչ հանգիստ էր, ասում էր՝ պատերազմ լինի՝ ես եմ առաջինը գնալու: Ասում էր՝ եթե ես փախչեմ, մյուսը փախչի, բա մեր երկիրն ո՞վ է պաշտպանելու: Իր ուզածին հասավ: Գնաց, պաշտպանեց իր երկիրը: Բոլորն իրեն հարգում, սիրում էին: Հիմա՝ առավել ևս»,- ասում է Ռոբերտի քույրը: Կինն էլ շարունակում է. «Ասում էինք՝ բա մե՞նք, ձայն չէր հանում»:
Մերին ասում է՝ եղբայրը ոչնչից չէր դժգոհում, հարմարվում էր ամեն ինչի հետ. «Ամեն առավոտ իրար հետ 7:30-ին արթնանում էինք, սուրճ խմում, իսկ հիմա այնքան եմ զգում իր պակասը…»:

«Մեր բալիկի աչքերն իր աչքերն են: Նայում եմ երեխուս, կարծես զգամ, որ ինքն է ինձ նայում: Ճիշտ է՝ փոքր է, բայց զգում եմ, որ նրա բնավորության գծերից ունի: Ռոբերտն աշխատանքից վերադառնում էր, փոխում հագուստը ու գալիս որդու մոտ: Այն ժամանակ, երբ դեռ աշխատանքի չէր, ընկերների հետ էր լինում երեկոյան: Երեխու ծնվելուց հետո ինքն ամբողջ օրը տանն էր: Գալիս էր, սիրում էր, խաղում էր»,- ասում է Ռոբերտի կինը: Խոսելով ամուսնու նպատակների, երազանքների մասին՝ Քնարիկը նշում է, որ Ռոբերտն ուզում էր ևս մեկ որդի ու դուստր ունենալ: Ռոբերտի քույրն էլ հիշում է, որ Ռոբերտն ասում էր՝ որդու համար պիտի զինվորական հագուստ գնի՝ միասին գնան զբոսնելու:

«Իր մոր մասին էր շատ մտածում: Ասում էր՝ առաջին աշխատավարձս ստանամ, տանելու եմ՝ վիրահատեմ: Տատիկը լավ չի լսում, ասում էր՝ տատի՛, չմտածես, ամեն ինչ կանեմ»,- պատմում է Ռոբերտի քույրը՝ նշելով, որ եղբայրն ու նրա կինը հրաշալի զույգ էին: «Ամեն ինչ շատ լավ էր: Շատ կարճ տևեց…»,- ասում է Ռոբերտի կինը: «Ավելի լավ է դրսում լիներ, բայց մեր կողքին լիներ: Ասում էի՝ Ռո՛բ, մի՛ գնա այդ գործին: Ես իրո՛ք չէի ուզում, որ նա մտներ այնտեղ աշխատելու: Բայց ասում էր՝ ընտանիքիս ո՞վ պահի: Գոնե մի փոքր լսեր ու չգնար,- ասում է Ռոբերտի քույրը՝ նշելով, որ եղբայրը ժամկետային ծառայության է անցել Արցախում՝ Հադրութում,- Իր մասին ամբողջ Հադրութն է խոսել: Երբ զանգում էինք, ասում էր՝ լավ եմ, մի՛ մտածեք իմ մասին: Երբ իրեն այստեղից ինչ-որ բան էինք ուղարկում, վիճում էր մեզ հետ, ասում՝ ինչո՞ւ եք ուղարկում»:

Ռոբերտի կնոջ խոսքով՝ Ռոբերտը հորեղբայր է ունեցել Ռոբերտ անունով, ով երիտասարդ տարիքում՝ 24 տարեկան հասակում, մահացել է. «Ցավոք սրտի, նույն գերեզմանում են՝ ջահել-ջահել… Մեռելոցին գնացինք գերեզմանին: Ինքը փշերն էր մաքրում՝ չիմանալով, որ մի քանի օր հետո ինքն է այնտեղ գնալու…»:

Ռոբերտի քրոջ խոսքով՝ երբ Ռոբերտը լսում էր ապրիլին զոհվածների մասին, անձրև էր տեղում, ասում էր՝ անգամ երկիրն է լացում զոհերի համար. «Երբ ինքը մահացավ, օր ու գիշեր անձրև էր գալիս: Ասում եմ՝ Ռո՛բ ջան, հիմա էլ քեզ համար են լացում: Մինչև հիմա հավատս չի գալիս: Պահ կա՝ թվում է՝ հիմա կգա տուն»: Ռոբերտի կնոջ խոսքով՝ նախորդ օրը, երբ որդին լաց է եղել, նրան հոր նկարն են ցույց տվել, երեխան սկսել է ձայներ հանել, խոսել նրա հետ. «Նկարը քաշեց, բերեց, կպցրեց իրեն, պաչում էր: Երբ սկսում է շատ լացել, անհանգիստ է լինում, երբ նկարը ցույց ենք տալիս՝ սկսում է հանգստանալ ու սկսում է խոսել: Ձեռքերը դնում է նկարի վրա: Ճիշտ է, ինքը փոքր է, բայց ճանաչում է իր պապային»:
Նշենք, որ Ռոբերտ Աբրահամյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

 

Տեսանյութեր

Լրահոս