«Պարզապես սայլը եզից առաջ ենք գցում». Լյովա Խաչատրյանը՝ համայնքների խոշորացման մասին
Կառավարության կողմից համայնքների խոշորացման վերաբերյալ որոշումը ժամանակավրեպ էր: Այս կարծիքին է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Լյովա Խաչատրյանը, որն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ժողովուրդն այդ խոշորացմանը պատրաստ չէ:
Նրա խոսքով՝ գուցե պետք է ապագայում համայնքները խոշորացվեն, բայց պետք է հաշվի առնել՝ ինչ խնդիրներ են առաջանում կոնկրետ բնակիչների համար: Նա վստահ է՝ համայնքների խոշորացման հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջանալու գյուղերում՝ կապված տարածության հետ: «Քանի՞ նոր աշխատատեղ ենք բացել այս տարիների ընթացքում, որքա՞ն ենք ավելացրել համայնքի ժողովրդի եկամուտները, որքա՞ն է ավելացել ՀՆԱ-ն, որ գնում ենք ինչ-որ ռեֆորմների: Այո՛, եթե կենսամակարդակը բարձրացել է, աշխատատեղերը շատացել են, աշխատավարձը բարձրացել է, և այլն, եկեք գնանք որոշակի ցավոտ ռեֆորմների, սակայն դա չի եղել: Մենք գնում ենք ևս մի խնդրի առաջացման բնակիչների համար, որն այս բոլոր խնդիրներին թափ է տալու»,- նշեց պատգամավորը:
Լ. Խաչատրյանը կարծում է՝ բնակչությունը պատրաստ չէ այդ ծախսերին, ըստ նրա՝ յուրաքանչյուր բնակչի ծախս այդ խոշորացումից ավելանալու է, երբ համայնքապետը գտնվում է 10-20 կիլոմետր հեռավորության վրա. «Մենք պարզապես սայլը եզից առաջ ենք գցում երբեմն»:
Նրա խոսքով՝ ոչ մի հարևան գյուղ մյուսի հետ միանալու ցանկություն չունի, բայց երբ հարցը դրվի նախկին համայնքները վերականգնելու մասին, դա որոշակի ձևով կհասկացվի և կընդունվի ժողովրդի կողմից. «Սա լրացուցիչ ծախս է յուրաքանչյուր բնակչի համար, նրան չպատրաստելով՝ կանգնեցնում են այդ խնդրի առաջ: Մենք ոչ մի կոպեկ չենք ավելացրել ժողովրդի եկամուտին ու գնում ենք որոշակի լրացուցիչ ծախսերի ավելացման»:
Հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հանրային խորհուրդը մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին. «Մեր կարծիքը եղել է այն, որ ամեն խոշորացումից ինչ-որ փոքր գյուղեր վերանում են»:
Ըստ նրա՝ նման քայլեր անելուց առաջ պետք է լավ ուսումնասիրություններ արվեին, ինչը, ըստ նրա, չի արվել. «Կան գյուղեր, որոնք իրար հետ ունեն որոշակի հակադրություններ, որ հոգեբանական իմաստով անգամ կարող է բարդություններ առաջացնել: Ժողովրդի մտածելակերպը, նիստ ու կացը պետք է հաշվի առնվի, որպեսզի ներդաշնակ լինեն այդ զարգացումները: Ես էլ եմ կարծում, որ պետք չէր այդքան արագ լինեին այդ քայլերը»: