Պատգամավորները փակ հանդիպում կունենան Էդվարդ Նալբանդյանի հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջիկա օրերին փակ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախարարության պատասխանատու ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ՀՀ ԱԳ նախարարին ԱԺ հրավիրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցությունն ապահովելու քայլերի մասին տեղեկություններ տրամադրելու համար:

«Ես տեղին եմ համարում ձեր առաջարկը, պարոն Փաշինյան: Մենք այդ մասին խոսել ենք նաև նախորդ նիստի ժամանակ, և մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի նման հանդիպում կայանա: Մենք էլ գտնում ենք, որ հասունացել է ժամանակը և արդեն պայմանավորվել ենք արտգործնախարարության հետ, և առաջիկայում կլինի նման հանդիպում: Հանդիպման օրակարգում կլինի ոչ միայն ղարաբաղյան հարցը, այլ բոլոր հարցերը, որոնք մեզ մտահոգում են և որոնց վերաբերյալ մենք հավելյալ տեղեկությունների կարիք ունենք»,- նշեց Արտակ Զաքարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի առաջարկին, հստակեցրեց, որ հայկական կողմը մշտապես ասել է, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցությունները չեն կարող արդյունք տալ և առանց ղարաբաղյան կողմի որևէ որոշում չի կարող կայացվել: «Ինչ-որ փուլում, բնականաբար, ղարաբաղյան կողմը պետք է լիարժեք մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: Հայաստանի արտաքին գործերի նախարարն էլ վերջերս շատ պարզ ասել է, որ երբ էլ ստորագրվի խաղաղության պայմանագիր, անպայման ապահովվելու է բանակցություննե րին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունը»,- ասաց Ֆարմանյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն էլ կարծիք հայտնեց, որ Վիեննայում արդեն իսկ կարևոր քայլ կատարվել է ղարաբաղյան կողմը բանակցություններում ներգրավելու առումով: «Վիեննայում կայացած քննարկման ժամանակ հղում կատարվեց 1994թ. հրադադարի համաձայնագրին, որը ստորագրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ դառնալով հակամարտության կարգավորման գործընթացի սուբյեկտ: Հիմա մենք պետք է հետևողական լինենք և Մինսկի խմբի համանախագաներից պահանջենք, որ նրանք տեր կանգնեն իրենց իսկ կողմից հնչեցված մտքերին և քայլեր ձեռնարկեն Լ եռնային Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ: Մենք սա պետք է պահանջենք ոչ թե մեր արտգործնախարարությունից, այլ Մինսկի խմբի համանախագահ երկրներից»,- ասաց Ա. Գեղամյանը:

Կարդացեք նաև

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ ընդգծեց, որ արտգործնախարարի հետ փակ հանդիպման անհրաժեշտություն իսկապես կա: Նրա խոսքով՝ այդ հանդիպման օրակարգում պետք է լինի ոչ միայն ԼՂ հակամարտության հարցը, այլ բոլոր այն հարցերը, որոնք հուզում են պատգամավորներին և որոնց վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների կարիք կա:

Տեսանյութեր

Լրահոս