Բունդեսթագում նախնական քվեարկության ժամանակ Հայոց ցեղասպանության բանաձին կողմ է եղել նաև Անգելա Մերկելը
Բունդեսթագում մի քանի օր առաջ տեղի ունեցած փակ և նախնական քվեարկության ժամանակ «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևի ընդունմանը կողմ է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Անի Սմիթ Դադեսյանը:
«Բունդեսթագի ընդունած բանաձևը բնորոշում է ողջ Գերմանիայի կարծիքը, քանի որ ընդամենը մեկական պատգամավոր են դեմ և ձեռնպահ քվեարկել: Գերմանիայում հայկական համայնքի, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ քննարկման ժամանակ գտնվում էին Բունդեսթագում՝ որպես դիտորդ: Այս բանաձևի ընդունման հետևում կանգնած է բավականին մեծ և դժվար աշխատանք, հարցի շուրջ արդեն երկար ժամանակ Գերմանիայում ընթանում էին մեծ դեբատներ և տեղի հայկական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ճանաչում հիմա» կազմակերպությունը, որում ընդգրկվա ծ են երիտասարդ գերմանահայեր, կատարել են հսկայական աշխատանքներ՝ քաղաքական ուժերի, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ անձնական նամակների, հանդիպումների, քննարկումների միջոցով»,- ասաց Դադեսյանը:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կանաչների կուսակցության` ազգությամբ թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրի աշխատանքը ևս հսկայական է և տարեսկզբին տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել էր՝ անելու է ամեն ինչ Գերմանիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:
«Բունդեսթագի ընդունած բանաձևով գերմանացիները ներողություն խնդրեցին 101 տարվա լռության համար: Կապված միայն փախստականների խնդրի հետ՝ փետրվարին հետաձգվեց բանաձևի ընդունումը: Գերմանիայի հասարակության շրջանում ևս բանաձևի ընդունմանը կողմ քաղաքացիների թիվը գերազանցում է դեմ կարծիք ունեցողների թվին»,- նշեց Դադեսյանը:
Նրա համոզմամբ՝ բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև քաղաքական մեծ նշանակություն: «Բանաձևը լայն արձագանք գտավ ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլ նաև Թուրքիայում, որի հասարակությունը Հայոց ցեղասպանության մասին գրեթե ոչինչ չգիտի՝ իր փակ լինելու պատճառով, քանի որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ արել են թեման փակ պահելու համար»,- ասաց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամը՝ հավելելով, որ Գերմանիայում ապրող թուրքերի շրջանում ևս կան անհատներ՝ պատգամավորներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր կողմ են ցեղասպանության ճանաչմանը: