«Եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ արագ շտկումներ չմտցնի, ապա պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանալու է». Chatham house-ի հայ հետազոտող

«168 Ժամի» զրուցակիցն է բրիտանական Chatham house վերլուծական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի բաժնի հետազոտող Անահիտ Շիրինյանը

– Ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմը լուրջ հարված էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար, որը բացահայտեց, թե որքան թույլ ու խոցելի են հայկական պետականությունները ներքին և հատկապես՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դասեր պետք է քաղեն ՀՀ իշխանությունները՝ հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում:

Պետք է ընդունել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մեծ հաշվով, ձախողվել է: Այն շարունակում է մնալ ռեակտիվ և ոչ նախաձեռնողական, այսինքն՝ լոկ արձագանքում է արտաքին աղբյուրներից ստացվող ազդակներին: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ռազմավարական պլանավորման չի ենթարկվում: Սա հանգեցնում է առաջացող խնդիրների կարճաժամկետ, հաճախ՝ ոչ արդյունավետ լուծումների, սակայն երկարաժամկետ կտրվածքում խնդիրները ոչ միայն՝ մնում են, այլև՝ ավելի են բարդանում:

Հայաստանն առաջին հերթին՝ ինքն իր համար պետք է մշակի արտաքին քաղաքականության տեսլական, որն այնուհետ հստակ և հասկանալի լեզվով պետք է ներկայացնի աշխարհին: Կոմպլեմենտար քաղաքականությունն այս պահին խիստ անորոշ եզրույթ է, հատկապես, երբ այն մեծ մասամբ ձախողվել է: Վերջին տարիներին տերմինը չի էլ հնչել ՀՀ որևէ դիվանագետի կամ պաշտոնյայի շուրթերից: Տարիներ շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է այն տեսլականի վրա, թե Հայաստանը չունի այլընտրանք, չունի այլ ելք, քան Ռուսաստանի հետ զոհողությունների գնով ռազմավարական գործընկերություն կառուցելն է, որովհետև բացի Ռուսաստանից՝ անվտանգության երաշխիք այլ տեղ չենք գտնի: Սակայն տեսլականը չի կարող լինել դեստրուկտիվ, այն պետք է կառուցողական լինի, քանզի ձևակերպված տեսլականն ուղղորդում և հանգեցնում է համապատասխան քայլերի: Հայաստանը, որդեգրելով բացասական տեսլական իր արտաքին քաղաքականության համար, ակամա կատարել է քայլեր և ընդունել որոշումներ, որոնք հանգեցրել են օբյեկտիվ իրականության մեջ հենց այդ տեսլականի արտացոլմանը, ձախողումը դարձրել են իրականություն՝ ավելի ու ավելի սեղմելով այլընտրանքի և հնարավորությունների օղակը:

Այն պնդումը, թե ղարաբաղյան հակամարտության հարցում ժամանակն աշխատում է հայկական կողմերի օգտին, կրկին չի համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս, երկու տասնամյակ շարունակ Հայաստանը չի կարողացել կառուցել այնպիսի պետություն և տարածաշրջանում ստեղծել անվտանգության այնպիսի միջավայր, որն առաջին հերթին՝ պատերազմն Ադրբեջանի համար կդարձներ աննպատակահարմար: Ընդ որում՝ Ադրբեջանի վստահության աղբյուրներն ակնհայտորեն ավելի շուտ՝ քաղաքական են, քան՝ ռազմական, այսինքն՝ կրկին ձախողվել է դիվանագիտությունը:

Վերջապես, պետք է հասկանանք, որ Ղարաբաղի փաստացի անկախության պահպանումը չի լուծում խնդիրը՝ թեկուզ հարյուր տարի էլ իրավիճակը շարունակի նույնը մնալ: Առնվազն Ղարաբաղի բնակչության շահերի տեսանկյունից հակամարտությունը կլուծվի այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Պետք է հասկանանք, որ երրորդ երկրները կողմերից որևէ մեկին չեն սատարելու և Ադրբեջանի վրա ճնշում չեն գործադրելու: Լուծումն Ադրբեջանի համար Ղարաբաղի անկախության ճանաչումն անխուսափելի դարձնելն է:

– Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի դիրքորոշումն ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո՝ հաշվի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցները, ՀՀ իշխանությունների վերջին որոշումները՝ Վիեննայի հանդիպմանը մասնակցելու որոշումն այն դեպքում, երբ եղավ ՀՀ նախագահի հարցազրույցն այն մասին, որ Ղարաբաղն 800 հա է կորցրել, որը լայն քննարկումների առարկա է դարձել Հայաստանում ու Ղարաբաղում:

Դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք Հայաստանն ունի ծրագիր նոր՝ փոփոխված իրավիճակում գործելու: Իմ տպավորությամբ՝ պաշտոնական Երևանի կողմից տարածքների կորստի հետ հրապարակավ հաշտվելն այն դեպքում, երբ ակնհայտ հակառակ տրամադրություններ են տիրում բնակչության և զինվորական շրջանակներում, կարող է դիվանագիտական քայլ լինել՝ ուղղված Ադրբեջանին և միջնորդներին, որը նպատակ ունի ասելու, թե Հայաստանը մի փոքր զիջում է անում այս հարցում՝ ակնկալելով այլ զիջումներ, օրինակ՝ անվտանգության մեխանիզմների ընդունում Ադրբեջանի կողմից: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի մեծ կորուստները, սա նույնիսկ կարող է ներկայացվել՝ որպես մեծահոգի քայլ: Բայց արդյո՞ք նման մոտեցումը կհանգեցնի Հայաստանի պահանջների իրագործմանը՝ շարունակում է անորոշ մնալ: Ստեղծված քաղաքական իրավիճակն Ադրբեջանին ամենևին չի մղում անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ներդրումն ընդունել: Սա նաև որոշակի ռիսկեր է պարունակում, որովհետև կարող է այլ եզրահանգումների բերել, օրինակ, որ Հայաստանը պատրաստ է հաշտվել նաև այլ տարածքային կորուստների հետ: Այս դեպքում կարևոր է, որ Հայաստանն ունենա պլան «Բ»՝ ի՞նչ է անելու Վիեննայի պայմանավորվածությունների ձախողման դեպքում: Ադրբեջանը կարծես չի էլ ընդունել այդ պայմանավորվածությունները:

– Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո ՀՀ իշխանությունները վերջապես հայտնեցին իրենց դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության վերաբերյալ: Բացի դրանից, հասարակության լայն շերտերը ևս հասկանում են, թե դեպի ուր է տանում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը Հայաստանին ու ղարաբաղյան հակամարտությունը, և, ինչպես Սերժ Սարգսյանն էր նշել, Հայաստանը դա չի կարող խոչընդոտել: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի քաղաքականությունը հավասարակշռելու կամ հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ հունի վրա դնելու ի՞նչ միջոցներ ունի Հայաստանը:

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի դերը Հայաստանի համար շարունակում է չափազանցված մնալ՝ նույնիսկ ներկայիս պայմաններում: Հայաստանը՝ Ռուսաստանի՝ որպես փրկչի և անվտանգության երաշխավորի կերպար կերտելով՝ ի արդարացում սեփական քաղաքականության բացակայության, Մոսկվային տվել է իր վրա ազդելու հզոր լծակներ: Արդյունքում՝ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որևէ քաղաքականություն չի էլ վարում, այդ քաղաքականությունը կարճ ամփոփվում է «а куда они денутся?» արտահայտության մեջ: Կարող ենք անվերջ մեղադրել Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգին չհարգելու մեջ, սակայն Հայաստանն ինքն է պատասխանատու սեփական աշխարհաքաղաքական դերի նվազման համար: Ի դեպ, Ադրբեջանը ևս ավանդապես չափազանցրել է ռուսական գործոնի դերը՝ օրինակ, սնելով այն համոզմունքը, թե Ղարաբաղյան պատերազմը հայերի համար հաղթել են ռուսները, հետևաբար՝ Ղարաբաղի հետ ուղղակիորեն և լրջորեն բանակցելու փոխարեն՝ փորձում է լուծումներ գտնել Ռուսաստանի միջոցով:

Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Ադրբեջանը հարձակվեց այն ժամանակ, երբ տեսավ, որ Ռուսաստանը պատրաստ է զոհաբերել իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ: Ես կարծում եմ, որ լայն առումով՝ Ադրբեջանի համար սա սխալ հաշվարկ է, որովհետև Ռուսաստանը Ղարաբաղի հանդեպ իրական լծակների չի տիրապետում, սակայն դեմ չէ օգտագործել այդ տպավորությունն Ադրբեջանին, ասենք, ԵԱՏՄ ներքաշելու համար: Սակայն, կրկին, սա Հայաստանի սխալների արդյունքն է, որ թույլ է տվել նման սակարկության հնարավորություն:

Հայաստանի՝ չափից դուրս կախվածությունը Ռուսաստանից առաջացել և հետագայում ամրապնդվել է Հայաստանում ժողովրդավարության անկման արդյունքում, հետևաբար՝ պետք է վերակազմավորել հիմքը՝ կառուցել ժողովրդավարություն, ուժեղ պետություն ներսից: Հայաստանը պետք է նաև ավելի հաստատուն լինի այլ երկրների հետ՝ մասնավորապես, Եվրամիության և Իրանի հետ իր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Սա անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի համար արտաքին հնարավորությունների աճի, քանի որ բոլորն են ուզում ունենալ ուժեղ դաշնակիցներ, թույլ դաշնակիցները միայն ավելորդ բեռ են:

Վերջապես, Հայաստանը Ռուսաստանի համար պակաս կարևոր երկիր չէ, բայց պետք է կարողանալ օգտագործել հարաբերական առավելությունները՝ կրկին դիրքորոշումների կոշտացում է անհրաժեշտ: Հայաստանը չափից շատ է հանդես եկել զիջող դիրքերից և արդյունքում՝ կորցրել իր հանդեպ որևէ հետաքրքրություն: Հայաստանի մասին այլևս չեն էլ խոսում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Արևմուտքում: Հայաստանը գուցե այս պահին չունի այլընտրանքային արտաքին գործընկերներ, բայց ՀՀ իշխանությունները դեռևս չեն փորձել դաշնակցել սեփական ժողովրդի հետ, որը բազմիցս ցուցաբերել է ճակատագրական պահին կոնսոլիդացվելու և լուծումներ գտնելու կարողություն:

Վիեննայի հանդիպումը, ԱՄՆ փոխնախագահ Ջոն Բայդենի կողմից դրան հաջորդած զանգերը Սարգսյանին ու Ալիևին, պատերազմից հետո հաճախակիացած Քերի-Լավրով հեռախոսազրույցներն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ցույց են տալիս, որ արևմտյան կողմն ուշադիր հետևում է ղարաբաղյան զարգացումներին, փորձում կողմերին «համոզել»՝ ընդունել անվտանգության մեխանիզմներ ներդնելու՝ իրենց առաջարկը: Ինչի՞ կարող են հանգեցնել ամերիկյան կողմի այս ջանքերը՝ հաշվի առնելով վստահության դեֆիցիտը՝ Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Ի՞նչ ակնկալել նաև հնարավոր հունիսյան հանդիպումից:

– Խիստ անհավանական եմ համարում, որ անվտանգության մեխանիզմներ ներդնելուն ուղղված ջանքերը կհաջողեն: Ադրբեջանական կողմն այդ դեպքում կկորցնի հակամարտության ապասառեցման միջոցով աշխարհի ուշադրությունը գրավելու և Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելուն ուղղված իր խաղաքարտը: Նույնիսկ, եթե մեխանիզմների հարցը բանակցությունների հիմնական առարկան լինի, կարելի է երկար բանակցել դրանց մանրամասների շուրջ և այդպես էլ չհանգել համաձայնության: Կրկին, Հայաստանը պետք է փորձի վարել այնպիսի քաղաքականություն և այնպիսի իրավիճակ ստեղծի, որում Ադրբեջանի համար ավելի նախընտրելի կլինի նման մեխանիզմների հաստատումը, քան դրանց բացակայությունը:

Ձեր կարծիքով՝ դեպի ո՞ւր է ընթանում այս ողջ գործընթացը՝ դեպի նոր պատերա՞զմ, թե՞ դեպի կարգավորում:

– Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ այն ցանկացած ուղղությամբ էլ կարող է ընթանալ՝ և՛ ռիսկային, և՛ լի հնարավորություններով: Շատ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը: Եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ արագ շտկումներ չմտցնի, ապա պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանալու է: Տվյալ պարագայում՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության ռեսուրսների բացակայությունը, պետք է օգտագործել ներքին ռեսուրսները: Հայաստանն իր հանդեպ վերաբերմունքը կարող է փոխել՝ փոխվելով ներսից: Բազմիցս է ասվել, որ լուրջ բնական և արտաքին քաղաքական ռեսուրսների բացակայության պայմաններում՝ Հայաստանը գործոն կարող է դառնալ՝ ուժեղացնելով ներքին բաղադրիչները՝ ժողովրդավարություն և ազատ տնտեսություն կառուցելով:

Եվ վերջապես, Հայաստանը պետք է սկսի օգտագործել իր հարաբերական առավելությունը. այսօր Հայաստանն աշխարհի համար ապահովում է հարաբերական խաղաղություն տարածաշրջանում, ավելի մեծ՝ խիստ անկայուն տարածաշրջանի կիզակետում: Հայաստանը լոկ անվտանգություն սպառող չէ, այն անվտանգություն մատակարարող է: Ժամանակակից աշխարհում սա կարևոր խաղաքարտ է, որը պետք է գրագետ կարողանալ օգտագործել: Հայաստանի ամենախոցելի կետը կարող է դառնալ իր ամենաուժեղը՝ գրագետ դիվանագիտության շնորհիվ: Բնականաբար, այս հարաբերական առավելության հիմքերը պետք է շարունակական կերպով հզորացվեն՝ բարեփոխումների և ազատականացման տեսքով: Հայաստանի մյուս հարաբերական առավելությունը տարածաշրջանում կարող է լինել ժողովրդավարության կղզյակ դառնալը՝ հատկապես, որ Հայաստանի հանրությունը լիովին այդ արժեքային համակարգի կրողն է:

Տեսանյութեր

Լրահոս