Մեկի համար՝ ռազմավարական տարածք, մյուսի համար՝ չմշակված հող
Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաթիռում հայտարարեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 800 հեկտար տարածք է կորցրել։ Նա ասել էր նաև, թե այդ տարածքները ռազմավարական կամ մարտավարական որևէ նշանակություն չունեն։
«Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, գոյություն ունի նաև գնահատական։ Եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանն՝ ի՞նչ նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի՞, մարտավարական նշանակություն ունի՞, թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն։ Եթե զուտ մետրով չափենք՝ պիտի ասեմ հետևյալը, հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի՝ ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ՝ դա մեկ հազարերորդն էլ չկա»,- ասել էր Ս.Սարգսյանը։
Մինչդեռ քաղաքական ոչ բոլոր ուժերի ներկայացուցիչներն են համամիտ Ս.Սարգսյանի հետ։ Երեկ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Հայաստանը կորցրել է ոչ թե 800 հեկտար հողակտոր, այլ անվտանգ ապրելու երաշխիք, այդ դիրքերի կորստի հետևանքով փաստացի ունենք տեղահանված Թալիշ գյուղ, դա նշանակում է, որ ռմբակոծման վտանգի տակ է Մարտակերտը, և մենք ունենալու ենք նահանջներ, նաև Իրանի հետ սահմանն է խոցելի դարձել։
«Դրանք շատ կարևոր, ռազմավարական նշանակության գոտիներ են»,- ընդգծեց պատգամավորը։
Զ.Փոստանջյանի խոսքով՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դավաճանություն է տեղի ունեցել, այս հայտարարությունները միանշանակ մատնանշում են, որ նրանք հանդիսանում են դավաճաններ, իսկ դավաճանների նկատմամբ պետք է սկսվեն համապատասխան գործընթացներ, և նրանք պետք է դատապարտվեն. «Սա պետք է լինի մեր առաջնային օրակարգը։ Մեր առաջխաղացումը կասեցվել է հենց ՀՀ ներկայացուցչի կողմից, Խաչատուրովը հենց այնպես չէր մեկնել Մոսկվա և, չվերականգնելով նախկին դիրքերը՝ կասեցվել է մեր առաջխաղացումը։ Ու հայտարարվում է, որ նշանակություն չունի այդ 800 հեկտարը, մինչդեռ, դրա հետևանքով՝ մենք ունենք դատարկված գյուղ, և դրա հետևանքով ունենք ռմբակոծման վտանգի տակ գտնվող Մարտակերտ»,- ասաց նա։
Զ.Փոստանջյանի խոսքով՝ անդորրը երկար չի տևելու, Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, իսկ Ադրբեջանն էլ չի ցանկանում հրաժարվել իր կողմից պարտադրված պատերազմից։ Նրա կարծիքով՝ մեր առաջին խնդիրը պետք է լինի՝ առանց որևէ մեկին լսելու այդ 800 հա-ն վերադարձնելը, այլապես, ագրեսիայի շարունակվելու դեպքում, մենք նորից ունենալու ենք զոհեր։
«Որևէ այլ մայրաքաղաքում մեր խնդիրներին լուծում չի լինելու»,- շեշտեց Զ.Փոստանջյանը։
«168 Ժամի» հարցին, թե արդյոք շփման գծում 800 հեկտարի կորուստը նշանակալի՞ է, թե՞ ոչ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուղիղ պատասխան չտվեց։ Նրա կարծիքով՝ առավել կարևոր է պատերազմի և խաղաղության խնդրի լուծման հարցը, որ Հայաստանի առջև դրված է։ Ըստ նրա՝ պետք է ոչ թե՝ ընկնել սխալների կամ անգամ ստերի հետևից, այլ ավելի կարևոր հարցեր կան. «Դրված է Հայաստանի և Արցախի ապագայի խնդիրը։ Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը պատասխանի է կանչում մեր պետական այրերին իրենց խոսքի համար, կամ ստերի համար, դա կարևոր է, բայց կան ավելի կարևոր գործեր այս պահին։ Մենք պետք է կարողանանք այս պատերազմից հաղթանակած դուրս գալ։ Իրավիճակը շատ վտանգավոր է, ոչ մի հարց լուծված չէ, և այս գիտակցումով էլ մենք պետք է առաջնորդվենք»։
«Ադրբեջանական ռազմական մեքենան նույն տեղում չի՞ կանգնած, նույն պլանները չի՞ մշակում»,- հարցադրում արեց Լ.Զուրաբյանը՝ Հայաստանի այսօրվա գլխավոր օրակարգը ձևակերպելով հին հռոմեացիների խոսքերով՝ ձգտելով խաղաղության՝ պատրաստվել պատերազմի։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս կորուստը չի կարևորում։ Ըստ նրա՝ շփման գիծ ասվում է, որովհետև դա անընդհատ փոխվել է և կարող է փոխվել։ «Պետք չէ ֆիքսվել դրա վրա։ Իրենք մի քանի դիրքեր են վերցրել»,- ասաց նա։
Թալիշ գյուղը չվերաբնակեցնելն Ա.Ռուստամյանն անվտանգության նկատառումներով է պայմանավորում։ Սակայն, շեշտեց նա, ադրբեջանցիները գյուղը չեն վերցրել։ Նա մատնանշեց, որ հրադադարը նրանց խնդրանքով է հաստատվել Մոսկվայում, նրանք գնացել են այդ պայմանավորվածությանը, որովհետև գիտեին, որ իրավիճակը կփոխվի, իսկ հայկական կողմը հարգել է այդ պայմանավորվածությունը. «Իրենց բլից-կրիգն ամբողջությամբ ֆիասկոյի է ենթարկվել։ Եթե անգամ հաղթանակի մասին է խոսքը, դա «պյուռոսյան» հաղթանակ է։ Այդ ամենը դինամիկ փոփոխության մեջ է, և ֆիքսել, որ իրենք ինչ-որ տարածքներ են գրավել, ճիշտ չէ։ Պատերազմը չի ավարտվել, վաղը կարող է այդ շփման գիծը կրկին փոխվել»։
Ա. Ռուստամյանը նշեց, որ Վիեննայի հանդիպման ժամանակ մի հարց լուծվեց. Ադրբեջանին թույլ չտրվեց, որ նա ներկայանա՝ որպես խաղաղ բանակցությունների կողմ. «Անհամատեղելի է, որ մարտի դաշտում պատերազմ մղի ու խոսի բանակցությունների պատրաստակամության մասին։ Պետք է հստակ դառնա, որ, եթե բանակցում ենք, հրանոթները պետք է լռեն»։
ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը վստահ է՝ դիրքերը վերադարձնելու հնարավորություն կունենանք։ «Այդ դիրքերն անհրաժեշտ են մեզ պաշտպանության համար»,- ասաց նա։
Զ.Փոստանջյանի մեղադրանքներին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց՝ «Սերժ Սարգսյանը սպասարկում է հայ ժողովրդի շահերը, ես չգիտեմ, թե Զարուհի Փոստանջյանն ում շահերն է սպասարկում»։
Դիտարկմանը, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց, Վ.Բաղդասարյանը հակադարձեց, թե՝ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ականներին հող վերցրեց։ Ըստ նրա՝ նման իրադարձությունների ժամանակ այդ «հող կորցնելը» վերացական արտահայտություն է, որովհետև պետք է նայել, թե ինչ կորցրեց, եթե չկորցներ, ինչ կշահեր։
Հողերը վերադարձնելու մասին ՀՀԿ-ականը «եթե»-ով խոսեց ու հորդորեց «չծանրանալ» այդ խնդրի վրա։ «Եթե անհրաժեշտություն լինի, հայտարարում եմ բացահայտ բոլորիդ մոտ, որ դա մեկ-երկու օրվա խնդիր է այդ ամեն ինչը հետ վերադարձնելը։ Բայց դրա արդյունքները և հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Պետք է այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողի, որն ընդհանրապես ռազմավարական նշանակություն չուներ, ամայի տարածքներ էին»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, որ այդ տարածքը կորցնելու պատճառով է, որ այսօր թալիշցիները չեն կարողանում գյուղ վերադառնալ, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե՝ անկախ այդ պամաններից, այս սրված իրավիճակում թալիշցիները չէին կարող վերադառնալ տուն, քանի որ վտանգն էլի սպառնալու էր նրանց։ Նրա կարծիքով՝ եթե հարցը կարգավորվի ՄԽ առաջարկած ձևով, ապա և՛ թալիշցիների հարցը կլուծվի, և՛ խաղաղության։ Վ.Բաղդասարյանն ընդգծեց, որ պետք է համեմատության մեջ դնել, թե այդ տարածքն ինչ գնով հետ կբերվեր. «Մեր նպատակն է՝ ՄԽ-ի հետ միասին խաղաղ ճանապարհով հարցը կարգավորել։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը թանկ է մեզ համար»։
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»