«Այս անգամ ամեն ինչ այլ էր, քանի որ երկու երկրները շատ ավելի մոտ էին իրական պատերազմին»

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումն ու ԼՂ հակամարտող երկրների ղեկավարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ կարգավորման գործընթացին շատ ավելի բարձր մակարդակ հաղորդեցին։ Դրա արդյունավետության հեռանկարների մասին «168 Ժամը» զրուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ։

– Պարոն Բրայզա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի ընթացքում, ինչպես պարզ դարձավ ավելի ուշ տարածված հաղորդագրությունից, կողմերը համաձայնել են քայլեր ձեռնարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։ Ո՞րն է Վիեննայի բանակցությունների Ձեր գնահատականը, ի՞նչ տվեց այն հակամարտող կողմերին։

– Ես կարծում եմ, որ Վիեննայի հանդիպումը շատ դրական արդյունք է։ Սա այն էր, ինչի անհրաժեշտությունը կար այս փուլում։ Այն ձեռքբերումները, որոնք թվարկեցիք, կարևոր են, կարևոր է, որ համաձայնություն է ձեռք բերվել վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ, բայց պակաս կարևոր չէ նաև այն, որ երկու երկրների նախագահները երաշխիքներ են տվել հաջորդ ամիս հանդիպելու և կրկին բանակցություններ վարելու համար՝ համակողմանի կարգավորման ուղղությամբ։

Գիտեմ նաև, որ նրանք խոսել են շփման գծում տեսանկարահանող սարքերի տեղակայման հնարավորության մասին, սրանք բոլորը դրական ազդանշաններ են այն մասին, որ հակամարտող կողմերը ցանկանում են թուլացնել ռազմական լարումը, և, որ ամենակարևորն է՝ վերսկսել համակողմանի կարգավորումը։ Ուստի շատ լավ արդյունք ունենք։ Երկրորդ՝ կարծում եմ՝ շատ մեծ կարևորություն ունի այն, որ պետքարտուղար Քերին մասնակցեց այդ հանդիպմանը։

Ես քննադատական վերաբերմունք ունեի Օբամայի վարչակազմի վարած քաղաքականության նկատմամբ՝ ապրիլի 2-ի իրադարձություններից հետո վարչակազմի ներգրավվածության պակասի համար, երբ Մոսկվայի միջամտությամբ հրադադար հաստատվեց՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների մասնակցության։ Իրավիճակն այսօր այլ է։ Այսօր ունենք ԱՄՆ կառավարության ներգրավվածության ամենաբարձր մակարդակ, լիահույս եմ, որ նման ներգրավվածությունը շարունակական բնույթ կկրի նույնիսկ այն բանից հետո, երբ լարվածությունը կմեղմվի, և մենք կունենանք հաջողություններ համակողմանի կարգավորման ուղղությամբ։

– Այսօր արդեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Բաքուն չի համաձայնել Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը Վիեննայում, այլ միայն իր համաձայնությունն է տվել պահպանել հրադադարը հետագա բանակցությունների համար։ Ստացվում է, որ անմիջապես Վիեննայի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է իր պարտավորություններից, ի՞նչ է սա նշանակում։

– Կարծում եմ, որ կա փոխըմբռնման պակաս այն ամենի վերաբերյալ, ինչը համաձայնեցվել է Վիեննայում։ Նման բաներ միշտ են պատահում, սա անսպասելի երևույթ չէ նման հակամարտության ու բանակցությունների դեպքում, Մինսկի խմբի համանախագահների գործառույթը հենց նման իրավիճակների հստակեցումն է. նման հարցերում նրանք պետք է հստակություն մտցնեն և պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վիեննայում, և հասկանան, պարզեն, որ երկու կողմերն էլ նույն կերպ են ընկալում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որպեսզի չհասկացվածություն չլինի։ Իմ փորձից ելնելով՝ նմանատիպ հայտարարությունները և ստեղծված իրավիճակը ես այդպես կբացատրեի։

Գուցե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը հետ է կանգնում իր ստանձնած պարտավորություններից, բայց ես դա չեմ կարող հաստատել կամ հերքել, քանի որ ես չգիտեմ իրականում՝ ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, և չգիտեմ՝ իրականում Նովրուզ Մամեդովն ի՞նչ է ասել։ Ուստի այստեղ աշխատանք ունեն ծավալելու համանախագահները, ովքեր պետք է հստակեցնեն, թե ինչ պարտավորություններ են ստանձնել կողմերը։

– ԱՄՆ ներգրավման այս բարձր մակարդակը, որի մասին խոսեցիք, որքանո՞վ արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով լարվածության մակարդակն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ի՞նչ կփոխի այս բարձր մակարդակի ձևաչափը։

– Ո՞վ գիտի՝ կլինի՞ սա արդյունավետ, թե՞ ոչ։ Ես հույս ունեմ։ Հարցն այն է, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք՝ արդյունավետ։ Ես սովորաբար կարծում եմ, որ հանդիպումը հանդիպման համար կարևոր չէ ինքն իրենով։ Այս անգամ ամեն ինչ այլ էր, քանի որ երկու երկրները շատ ավելի մոտ էին իրական պատերազմին, և նրանք հանդիպեցին, որպեսզի խոսեին ցանկացած բանի մասին, սա է կարևորը։ Ես, իհարկե, չեմ ակնկալում բեկում այս փուլում, քանի որ նրանք սկսում են բանակցությունները, բայց կարծում եմ, որ հնարավորությունների դռներ են բացվում, քանի որ երկու կողմերն էլ ցնցվել են բախումների ինտենսիվությունից։

Ես չեմ կարծում, որ սա որևէ կողմի նախաձեռնությունն էր, դա սադրանք էր, և բոլոր կողմերը կարծես արթնացած են և փորձում են վերականգնել Մինսկի խմբի ակտիվությունը՝ փորձելով ընթանալ համապարփակ կարգավորման ուղղությամբ, որն իրերի խոստումնալից դրություն է։ Ես չեմ ակնկալում, որ որևէ որոշում կկայացվի հաջորդ հանդիպման ընթացքում, սակայն լիահույս եմ, որ նախագահները կամրացնեն այս դրական իմպուլսը։

– Տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել ու քննարկել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ենթադրաբար՝ նաև Վիեննայի բանակցությունների արդյունքները, բայց այնուամենայնիվ, տպավորություն ստեղծվեց, որ Մոսկվան աշխատեց Արևմուտքի հետ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։ Ի՞նչ պետք է սպասել Մոսկվայի քաղաքականությունից։

– Ես չեմ տեսնում փոխըմբռնում և համագործակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, ընդհակառակը՝ մինչ այսօր նախագահ Պուտինը փորձել է տպավորություն ստեղծել, թե միայն ինքն է թելադրում իրերի դրությունը, հենց այդ նպատակով նա ուղարկեց վարչապետ Մեդվեդևին, պաշտպանության նախարար Շոյգուին, արտգործնախարար Լավրովին Երևան և Բաքու՝ բախումներից անմիջապես հետո՝ առանց որևէ համակարգման Վաշինգտոնի և Փարիզի հետ։ Ուստի, եթե այն տպավորությունը, որը կա, համապատասխանում է իրականությանը, մեծ զարգացում է, եթե Պուտինը ցանկանում է աշխատել Փարիզի ու Վաշինգտոնի հետ։ Բայց ես հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ։

– Կարծում եք, որ Մոսկվան շարունակելո՞ւ է իր սեպարատ քաղաքականությունը Վիեննայից հետո ևս։

– Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, թե Պուտինն ազդանշան ուղարկե՞լ է Արևմուտքի հետ աշխատելու համար, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ կան պատճառներ՝ ինչո՞ւ նա պետք է փոխի իր քաղաքականությունը, կան պատճառներ՝ ինչո՞ւ նա պետք է վստահեցնի, որ իր ուժերը չեն սադրել նման բռնություն Ղարաբաղում, և պետք է վստահեցնի, որ աշխատում է Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ իրավիճակը չափազանց վտանգավոր է։

Եթե Մոսկվան ցանկանում է խաղալ այդ իրավիճակի հետ իր սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, ապա սա դաժան հակամարտություն է հրահրում։ Ուստի, ես հույս ունեմ, որ նա փոխել է իր ուղղությունը, բայց չեմ կարող կանխատեսել, թե կա՞ նման բան, թե՞ ոչ։ Հույս ունեմ, որ կա։

Տեսանյութեր

Լրահոս