Բաժիններ՝

«ԼԳՊՏ իրավունքների պաշտպանվածության տեսակետից Հայաստանը ԵԽ անդամ երկրների շրջանում 3-րդ վատագույն երկիրն է». Մամիկոն Հովսեփյան

Հայաստանում հոմոֆոբիայի դեմ պայքարի, դրանց խոչընդոտների և մարտահրավերների թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին բանախոսներ՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը, նախագահ Նվարդ Մարգարյանն ու հ/կ-ի համայնքի ծրագրերի պատասխանատու Հեղինե Բաբայանը:

Մամիկոն Հովսեփյանն անդրադառնալով հոմոֆոբիայի դեմ պայքարի հիմնահարցերին՝ ասաց. «Տարբեր ոլորտներում խնդիրներ դեռևս արձանագրվում են, դրանք բազմաթիվ են, ու կուզենայի հատուկ նշել, որ շատ դեպքերում իշխանությունների կողմից այս հարցը բարձրացվում է շահարկումների նպատակով: Օրինակ, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկն արվեց, մի կետ մշակեցին, որով ամուսնության հոդվածը ձևակերպվեց՝ որպես տղամարդու և կնոջ միջև: Վստահ եմ, դա իրենց պետք չէր, որովհետև նույնասեռական ամուսնություններ Հայաստանում չեն եղել, ու նույնիսկ, եթե նման օրենք ընդունեն, չի էլ լինի, որովհետև Հայաստանը մի քիչ ջղային միջավայր է, բայց այս քայլով նրանք կրկին անգամ մանիպուլյացրեցին հասարակությանը՝ ցույց տալով, իբր Սահմանադրությունը գնում է փոփոխությունների, փորձելով իրավիճակն օգտագործել ի շահ իրենց: Խնդիրը նրանում է, որ երբ հասարակությունը չունի սեռականության վերաբերյալ բավարար չափով գիտելիքներ, հեշտությամբ ենթարկվում է այդ մանիպուլյացիաներին»:

Մամիկոն Հովսեփյանը, հատկապես սոցիալական ցանցերում, որոշակի առաջխաղացում է նկատում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի թեմաներով քննարկումների ընթացքում: Ըստ նրա՝ արդեն ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև քաղաքացիների մակարդակով բանավեճեր են տեղի ունենում, և հետաքրքիրը, ըստ նրա, այն է, որ շատ դեպքերում առաջ քաշված խնդիրները փաստերով հիմնավորված են լինում:

Նա տեղեկացրեց, որ ըստ միջազգային մեծ հեղինակություն վայելող եվրոպական զեկույցներից մեկի հրապարակման՝ ԼԳՊՏ իրավունքների պաշտպանվածության տեսակետից Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկրների շրջանում երրորդ վատագույն երկիրն է՝ Ադրբեջանից ու Ռուսաստանից հետո: ՄԻՊ գրասենյակը, ըստ նրա՝ 2015 թ. տվյալներով սեռական իրավունքների խախտման հետ կապված ընդամենը երկու դեպք է արձանագրել:

Նվարդ Մարգարյանը ներկայացրեց ԼԳՊՏ համայնքի խնդիրների հետ կապված ուսումնասիրություն, ըստ որի՝ գրանցվել են հետևյալ արդյունքները. «Ուսումնասիրության առաջնային խնդիրն էր՝ ուսումնասիրել հանրության վերաբերմունքը Հայաստանում ապրող ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Իրականացված քանակական հետազոտության նպատակն է եղել՝ վերլուծել սոցիալական, մշակութային և քաղաքական գործոնների ազդեցությունը Հայաստանում հոմոֆոբ և տրանսֆոբ միջավայրի ստեղծման վրա, ինչպես նաև չափել ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսին է վերաբերմունքը կոնկրետ այս խմբի անձանց նկատմամբ: Հետազոտության արդյունքների որոշ մասը կանխատեսելի էր, սակայն որոշակի տեղաշարժեր ևս նկատելի են: Հարցումներին մասնակցել են 1017 տնային տնտեսությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հետազոտություն է իրականացվել Հայաստանի բոլոր մարզերում և գյուղերում, ինչը հիմք է տալիս պնդելու, որ տվյալ հետազոտությունը ներկայացուցչական է: Ինչպես ցուց տվեցին հետազոտությունները՝ ԼԳՊՏ համայնքի խնդիրների նկատմամբ առավել հանդուրժող են արտահայտվել քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն ունեցող՝ հատկապես երիտասարդ կանայք»:

Հեղինե Բաբայանն էլ նկատեց, որ հայ հասարակությունը շատ հաճախ պնդում է, որ այստեղ չկան, գոյություն չունեն ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչներ, կամ, որ դա ժամանակակից տենդենցներին տուրք տալու արդյունք է, սակայն իրականությունն այդպես չէ: Ըստ բանախոսի՝ նրանք կան, ապրում են, բոլորի պես սովորական մարդիկ են, բոլորին հատուկ ու հաճախ ոչ այնքան հատուկ խնդիրներով: Հեղինե Բաբայանը կոչ արեց հանդուժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ ու հարգել նրանց ազատ կամքի ու իրավունքների արտահայտումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս