Բաժիններ՝

«21-րդ դարում, առանց որևէ մեկի միջնորդության, յուրաքանչյուր մարդ կարող է հասնել իր նպատակին»

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում այս անգամ ներկայացնում ենք ապագա գինեկոլոգ Աիդա Հարությունյանի պատմությունը: 168.am-ի հետ զրույցում ապագա գինեկոլոգը նշեց, որ հետաքրքրված լինելով գերմանական բժշկությամբ՝ արդեն իսկ երրորդ կուրսում մեկ ամսով մեկնել է Գերմանիայի Մյունստեր քաղաքի համալսարանական հիվանդանոց. «Այդ ժամանակ դեռևս չէի տիրապետում գերմաներենին: Պարզապես ոգեշնչված լինելով գերմանական բժշկության բարձրորակ մակարդակով՝ որոշեցի սովորել լեզուն, և ասեմ Ձեզ, որ միայն Գերմանիայի բժշկությանը մոտ գտնվելու գաղափարը մոտիվացրեց ինձ, և ընդամենը մեկ տարի անց դիմելով DAAD գրասենյակին` ստացա կրթաթոշակ և մեկնեցի Հայդերբերգի համալսարանի լեզվի դասընթացներին»: Վերադառնալով Հայաստան, Աիդան ստանում է նաև «Էրասմուս» ծրագրի «Մեդեա» կրթաթոշակը և ուղևորվում Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկա, որտեղ և այժմ սովորում է:

Aida Harutyunyan

«Ուսանողական կյանքն այստեղ անհամեմատ ավելի լարված է և հագեցած: Օրական ութից ինը ժամ գտնվում եմ հիվանդանոցում, հաճախում եմ նաև Գյոթեի ինստիտուտի գերմաներենի C1 մակարդակի դասընթացներին: Շարիտեն դարձել է իմ երկրորդ տունը: Արդեն իսկ հաճախել եմ Շարիտեի մի շարք կլինիկաներ (վիրաբուժություն, ռևմատոլոգիա, մանկաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա): Հիանալի հիվանդանոցներ, հրաշալի դասախոսներ, որոնք անկախ ծանր աշխատանքային ռեժիմից՝ միշտ պատրաստ են ուսանողին բացատրելու և, իհարկե, պրակտիկ հմտություններ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն են ընձեռում»,- պատմում է Աիդան:

Նա վստահեցնում է՝ Շարիտեն իր առջև բացել է բժշկական գիտելիքների անսահման օվկիանոսը՝ տալով այն ամենը, ինչն իրեն ուղեկցելու է մասնագիտական բուրգի գագաթին հասնելու ճանապարհին. «Ինչո՞ւ չէ, նաև Շարիտեն ինձ համար կյանքի դպրոց է. ես համոզված եմ, որ 21-րդ դարում, առանց որևէ մեկի միջնորդության, յուրաքանչյուր մարդ կարող է հասնել իր նպատակին: Իմ հայրենիքն է ինձ տվել այս հնարավորությունը, և ես հպարտ եմ, որ Երևանի Պետական բժշկական համալսարանի ուսանող եմ»:

Կարդացեք նաև

Aida Harutyunyan2

Ապագա գինեկոլոգի կարծիքով՝ գինեկոլոգիայի բնագավառում Հայաստանն ունի որոշակի խնդիրներ. «Մասնավորապես՝ պերինատալ դիագնոստիկայում և ռեպրոդուկտոլոգիայում: Երբ վերադառնամ, կաշխատեմ այս բնագավառում նորամուծություններ ներդնել: Ցավալի է, բայց Հայաստանը չունի նաև բարձրորակ ապահովագրական համակարգ: Գերմանիայում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր սոցիալական կարգավիճակից, ստանում է անհրաժեշտ բուժական միջամտություն: Բայց սա արդեն տարիների խնդիր է»:

Հետաքրքրվեցինք՝ դասապրոցեսում զգո՞ւմ է, որ իր երկրում չէ: «Իհա՛րկե զգում եմ, որ իմ երկրում չեմ, քանի որ ամեն ինչ և ամեն ոք ինձ օտար են, բայց իմ բնույթից ելնելով՝ փորձում եմ չկենտրոնանալ այդ ամենի վրա, որովհետև անելիքներս շատ են: Դասախոսական անձնակազմն էլ շատ սիրալիր է, և ուսումնական պրոցեսում ոչ մի տարբերություն չի դրվում գերմանացի ուսանողի և «երրորդ երկրի ներկայացուցչի» միջև:

Aida Harutyunyan3

Գերմանացի ուսանողները կամեցող են, ինչի պակասը կա մեր երիտասարդության մեջ: Այստեղի ուսանողները նաև շատ պատասխանատու են իրենց աշխատանքի նկատմամբ: Իսկ գերմանացի կին-բժիշկները կնոջ իդեալական կարիերայի հայելին են: Դա ինձ նույնպես մոտիվացնում է, բայց, իհարկե, չպետք է լինել միայն կարիերիստ, այլև՝ համադրել կարիերան ընտանեկան երջանկության հետ»:

168.am-ի հարցին՝ տարբերությունները շա՞տ են հայկական և գերմանական բուհական համակարգերի միջև, Աիդան պատասխանեց. «Տարբերություններն ակնհայտ են. այստեղ բարձր է պրակտիկ հմտությունների մակարդակը, ուսումնական ծրագիրը հիմնված է միայն ELSEVIER և SPRINGER գիտականորեն հիմնավորված դասագրքերի վրա: Կլինիկայում ուսանողն ամբողջությամբ ներառված է աշխատանքի մեջ, «չիկարելիների» տոկոսն այստեղ ցածր է:

Aida Harutyunyan1

Անդրադառնալով իմ Ալմա Մատերին (լատ.- այն վայրը, որտեղ մարդը սովորում է.- Ռ.Մ.)՝ ասեմ, որ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ աշխատում է նորամուծություններ ներդնել ներկայիս ուսումնական համակարգում»:

Aida Harutyunyan4

Վերջում, խոսելով ապագայի պլաններից, Աիդան ասաց, որ երբ վերադառնա, շարունակելում է ուսումը ԵՊԲՀ-ում, քանի որ դեռ մեկ տարի ունի՝ մինչև ավարտելը. «Ավարտելուց հետո էլ չգիտեմ, թե ինչ եմ անելու, որտեղ կլինեմ: Կյանքը ցույց կտա իմ հետագա անելիքները: Միայն մի բան կարող եմ սրտանց խորհուրդ տալ իմ համակուրսեցիներին, ինչո՞ւ չէ, նաև ուրիշ բուհերի ուսանողներին. «Լավ սովորեք, կգա ժամանակը, և դուք կհասնեք ձեր մասնագիտության գագաթնակետին: Պարզապես դրա համար պետք է ջանքեր գործադրել և հավատալ, չվախենալ, չալարել և չհիասթափվել»: Սա է իմ կյանքի կարգախոսը, ինչն ինձ թևեր է տալիս՝ կյանքի դժվար իրավիճակներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս