«ՌԴ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մեջ իրատեսականություն է նկատվում, դասեր քաղվել են, բայց շուտով կմոռացվեն»

Մեր զրուցակիցն է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը

– Պարոն Սեմութ, ապրիլի 2-ին ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ բախումներ բռնկվեցին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Վաշինգտոնում էին։ Ինչպես միշտ է պատահում, մենք տեսանք Ռուսաստանի ակտիվ միջնորդությունը։ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահներն իրավիճակը որակեցին՝ որպես հերթական լարվածություն, և արևմտյան դիվանագետների մեծամասնությունը շատ փոքր ուշադրություն դարձրեց հակամարտությանը՝ տպավորություն ստեղծելով, որ այն ոչ այնքան վտանգավոր հակամարտություն է։ Տպավորություն կա նույնիսկ, որ Արևմուտքը կարգավորման ղեկը հանձնել է Ռուսաստանին։ Ի՞նչ եք կարծում այս մասին։ Ըստ Ձեզ՝ Արևմուտքը համաձա՞յն է կարգավորման ռուսական սցենարին։

– Ե՛վ Եվրոպական միությունում, և՛ ԱՄՆ-ում կա ճգնաժամից և հակամարտություններից հոգնածության որոշակի մակարդակ, քանի որ աշխարհի տարբեր հատվածներում, հատկապես՝ Եվրոպայի շուրջ, անկայունության տարբեր օջախներ են ստեղծվել։ Ուստի, համաձայն եմ ձեզ հետ, որ ավելի շատ ուշադրություն պետք է ուղղվի ղարաբաղյան հակամարտությանը, քան եղել է։
Այն միտքը, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմը, և դա բավարար է ամենաքիչը հակամարտությունը զսպելու համար, ինձ համար մշտապես թյուր է եղել։ Դրա վառ ապացույցը վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցածն է։ Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանի ձեռքերին ազատություն է տրվել սեփական «սցենարն» առաջ մղելու համար։

– Տեսնո՞ւմ եք արդյոք տարաձայնություններ Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ո՞ր հարցերում եք նկատում այդ տարաձայնությունները, հաշվի առնելով փաստը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում խոսեց Կազանի առաջարկների մասին՝ հիշեցնելով նաև 1994-1995թթ. զինադադարի պայմանագրերի մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը 2011թ. ունի որոշակի առաջարկներ և դրանք կարևոր է համարում։

– Ղարաբաղյան հակամարտության ամենաապշեցուցիչ բաղադրիչներից մեկն այն է, որ կարգավորման և դրան հասնելու մեխանիզմների հարցում ամբողջական համաձայնություն կա միջազգային համայնքում, այն է՝ աջակցություն Մադրիդյան սկզբունքներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում երկու օրակարգ է հետապնդում. մեկը՝ միջազգային համայնքի հետ համաձայնեցված, և մյուսը՝ ավելի չարակամ օրակարգ՝ հիմնված այն ամենի վրա, ինչը նա ընկալում է՝ որպես Հարավային Կովկասում իր հեգեմոն հետաքրքրություններ։

Այսինքն՝ Ռուսաստանը խաղաղություն է քարոզում, միևնույն ժամանակ լցնելով տարածաշրջանն իր ամենաարդիական սպառազինությամբ, նա ցանկանում է միջազգային աջակցություն իր խաղաղությանն ուղղված ջանքերի համար, բայց չի ցանկանում, որպեսզի մյուս միջնորդներն ապագա կարգավորման մասը լինեն։ Նա ցանկանում է աշխատել գործընկերությամբ, երբ փորձում է մյուս բոլորին բացառել տարածաշրջանից։ Այս ռուսական հակասություններն արտացոլվում են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում։

– Շատ հայ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծում են, թե Ռուսաստանը հետաքրքրված է Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմամբ, Ռուսաստանը հետաքրքրված չէ կարգավորմամբ։ Կողմերն ունե՞ն լծակներ այս ազդեցությունը նվազեցնելու համար։ Ի՞նչ կարող են անել Հայաստանն ու Ադրբեջանը դրա համար։

– Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտությամբ միայն այնքանով, որքանով դա ազդում է Հայաստանի և Ադրբեջանի հետ իր ավելի լայն հարաբերությունների վրա։ Ե՛վ Երևանի, և՛ Բաքվի քաղաքական ղեկավարությունները դեռ հավատում են, թե կարող են կարգավորել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ այնպես, որպեսզի այն Ղարաբաղի հարցում իրենց օգտին լինի։ Թվում է, թե երկու երկրներն էլ թերագնահատում են Ռուսաստանի՝ իր սեփական օրակարգն առաջ մղելու չափը, այսինքն՝ շատ հնարավոր է, որ երկուսն էլ կդադարեն այդպես մտածել շատ հիասթափված կերպով։

– Ի՞նչ կարող են սպասել հակամարտող կողմերը ԵՄ-ից, որը, ըստ էության, Մինսկի խմբում ներկայացված է Ֆրանսիայի կողմից, և ինչպե՞ս եք գնահատում Եվրոպայի դիրքորոշումը։

– Առաջին հերթին՝ դուք սխալ եք։ Ֆրանսիան Մինսկի խմբում ԵՄ-ին չի ներկայացնում, այնպես, ինչպես Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միությունը չի ներկայացնում։
Եվրոպական միությունն ամենակարևոր քաղաքական և տնտեսական կազմակերպությունն է եվրոպական մայրցամաքում, ուստի նրա բացակայությունը Մինսկի խմբից, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, այլևս անընդունելի է։ ԵՄ-ն նաև ամենակարևոր գործընկերն է քաղաքացիական հասարակության համար ողջ Հարավային Կովկասում։

Քանի որ հասարակական փոփոխությունները ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորման առանցքային բաղադրիչն են, ԵՄ-ն իր դերակատարությունը կարող է խաղալ, որը չի կարող փոխարինվել մեկ ուրիշով, նույնիսկ՝ ողջ Ռուսաստանով։ Բայց եթե հակամարտության կողմերը ցանկանում են, որպեսզի ԵՄ-ն խաղա ավելի ակտիվ դեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, նրանք այդ մասին պետք է բարձրաձայնեն։

Ես Ձեզ ուղիղ հարց եմ ուղղում՝ Դուք լսե՞լ եք Ձեր նախագահից կամ ԱԳ նախարարից, որ նրանք ասեն, թե ԵՄ-ն ավելի ակտիվ դերակատարություն պետք է ստանձնի կարգավորման գործընթացում։ Նրանք պետք է ասեն։ Եթե երկու կողմերն էլ ցանկանում են, որպեսզի ԵՄ-ն ավելի ակտիվ լինի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործընթացում, ապա նրանք դա պետք է ասեն հստակորեն, և այդ դեպքում, ես կասկած չունեմ, որ ԵՄ-ի պատասխանը դրական կլինի։ Ինչպես ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանում ասաց, ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել, եթե կա դրա անհրաժեշտությունը։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց «Bloomberg»-ին ապրիլյան պատերազմի մասին՝ նշելով, որ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ իրավիճակն այսօր ամբողջությամբ այլ է։ Նա նաև նշել էր, որ չի տեսնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն։ Այս պատերազմից հետո Սարգսյանն ընդհանուր առմամբ կոշտացրել է իր հռետորաբանությունը Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը։

– Որպես մարդ, ով հավատում է, որ Ղարաբաղի հակամարտությունը չունի կարգավորում պատերազմի և բռնության միջոցով, չեմ կարծում, որ կա մի ժամանակ, երբ երկխոսությունը և բանակցությունները լավ գաղափար չեն։ Երկու կողմերը պետք է մնան ներգրավված խաղաղ գործընթացում։ Վերջին չորս շաբաթների իրադարձություններից հետո կարելի է նկատել իրատեսականություն Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունում։ Դասեր քաղվել են։ Ցավոք սրտի, հաշվի առնելով անցյալի փորձը, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կմոռացվեն։

– Ի՞նչ պետք է սպասել համանախագահներից, որոնք, իրենց իսկ պնդմամբ, աշխատում են խաղաղ բանակցությունները վերակենդանացնելու ուղղությամբ, ի՞նչ պետք է նրանք անեն այս վտանգավոր իրավիճակում։

– Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, փորձում են նվազեցնել լարվածությունը շփման գծում՝ վերականգնելով երկխոսությունը։ Սակայն նրանց աշխատանքն այսօր շատ ավելի բարդ է, քան մեկ ամիս առաջ։

Տեսանյութեր

Լրահոս