Շատ կարևոր է հասկանալ, թե Նախիջևանի միջադեպն ինչ պատճառով է տեղի ունեցել, և ովքեր են կազմակերպել․ ռազմական վերլուծաբան

Այսօր առավոտյան ադրբեջանական ու իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին՝ իրանական երկու ԱԹՍ-ներ թիրախավորել են Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքը և Շեքերաբադ գյուղի դպրոցի հարևանությամբ։

Ադրբեջանը տեղի ունեցածին արձագանքեց անմիջապես ԱԳՆ և ՊՆ մակարդակով, Իրանին սպառնալով պատասխանել։ Ադրբեջանում ԻՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ, իսկ Ադրբեջանի Դատախազությունը քրգործ է հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ։ Կարճ ժամանակ անց Իրանի կողմից կանխամտածված հարվածը հերքեցին ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ու Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Գլխավոր շտաբը պաշտոնապես հերքեց տարածվող տեղեկություններն այն մասին, թե իրանական կողմն անօդաչու թռչող սարք է արձակել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ:

«Իրանը, հարգելով բոլոր երկրների, հատկապես՝ մուսուլմանական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման փաստը»,- ասված է հայտարարության մեջ։

Նախօրեին էլ տեղեկություններ տարածվեցին, թե Իրանը թիրախավորել է Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումներ, թեև Թուրքիան հայտարարել էր, որ թույլ չի տա օգտագործել իր օդային տարածքն Իրանի դեմ հարձակումների համար։ Իրանը սա ևս հերքեց, թեև Էրդողանի աշխատակազմը սպառնաց, որ թույլ չի տա թշնամական գործողություններ։ Այնուամենայնիվ, նախօրեի ու այսօրվա իրադարձությունները, մի շարք փորձագետների խոսքով, տագնապ են հարուցում։

Կարդացեք նաև

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի սահմաններն ընդլայնվում են։ Իսկ Ադրբեջանում և Թուրքիայում, նրա խոսքով, դրոնների մասնակցությամբ միջադեպերն էապես մեծացնում են լարումը ռեգիոնում և բարձրացնում ռազմական էսկալացիայի սահմանների ընդլայնման ռիսկը։

«Սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչ պատճառով են տեղի ունեցել այդ միջադեպերը, ովքեր են կանգնած դրա հետևում։ Պատերազմն այնպիսի իրավիճակ է՝ հատկապես Իրանի դեպքում, որ նման աշխարհագրության պարագայում տեխնիկական սխալից մինչև սադրանք ու կանխամտածված հարձակում կարող էր տեղի ունենալ։ Ուստի չափազանց կարևոր է այս մանրամասները հասկանալ։ Սակայն պետք է նշել, որ Իրանի հակառակորդներին ձեռնտու է հակառակորդների շարքի ընդլայնումը, ուստի զգուշավորություն է հարկավոր հակամարտության բոլոր կողմերից, քանի որ մեկ սխալի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել բոլոր կողմերի համար»,- նշեց վերլուծաբանը։

Ըստ նրա, այս միջադեպերը, բնականաբար, խորացնում են լարվածությունը նաև Հարավային Կովկասում, որն Իրանի հարևանությամբ է գտնվում։ «Ադրբեջանից այսօր բավականին սուր հայտարարություններ հնչեցին և ներկայումս շատ հետագա զարգացումներ կախված են նրանից, թե ինչպես կպատասխանի տեղի ունեցածին Ադրբեջանը։ Կարծում եմ, պատասխան կլինի, սակայն չեմ կարծում, որ կլինի հակվածություն Ադրբեջանից՝ խորացնել Իրանի հետ առճակատումը։ Ադրբեջանն ի սկզբանե պահպանում էր չեզոքություն, ձգտում չմիջամտել, հայտարարելով, որ իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ գործողությունների համար։ Ուստի այս իրավիճակը վտանգավոր է մի քանի տեսանկյունից։ Գուցե Ադրբեջանի չեզոքությունը խախտվի, կամ հնարավոր լինի խուսափել հետագա լարումից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս