«Պահանջատիրական խնդիրը դանդաղորեն, բայց հաստատակամ ձևով առաջ է ընթանում». Աշոտ Մելքոնյան
«Մենք շարունակում ենք մեր պայքարը տանել Ցեղասպանության ճանաչման ճանապարհով»,- այսօր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ այս տարի փորձ արվեց այս խնդիրը տեղափոխել իրավաքաղաքական դաշտ, ու պայքարը փոխվեց՝ որպես պայքար պահանջատիրության. «Պետական մակարդակով ևս բավականին բան փոխվեց, համենայն դեպս, կարելի է 2015 թվականի հունվարի 29-ի համահայկական հռչակագիրը համարել այն նոր փուլը, որով սկսվում է նաև պետական մակարդակով ճանաչման գործընթացից դեպի իրավաքաղաքական դաշտ անցնելու հանգամանքը»:
Ա. Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ պետական մակարդակով փորձ է արվում ստեղծելու մի իրավաքաղաքական փաթեթ՝ խնդիրը համապատասխան մարմիններին ներկայացնելու համար: Նա կարծում է, որ այս ուղղությամբ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կան: «Թեպետ նախորդ տարիների փորձը, Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը, դրանից հետո՝ Ցյուրիխյան արձանագրությունները, մեզ հուշում են, որ, երբ պետական մակարդակով արվում է քայլ, հետո կարող մեկ քայլ նահանջ արձանագրվել, և այս գործընթացը պահանջատիրական ոգով, մեր ցանկացած հունով առաջ չընթանա»:
Ամեն դեպքում, Ա. Մելքոնյանը կրկնեց, որ 2015-ի հունվարի 29-ը մի նոր փուլ էր, որտեղ, թեկուզ ենթատեքստով, խոսվում է պահանջատիրության մասին, որը միանգամայն փոխում է խնդրի էությունը. «Որովհետև 1965 թվականից հետո ավելի շատ մենք զբաղված ենք եղել թուրքական մերժողականության դեմ պայքարելով և ճանաչման գործընթացն առաջ տանելով, մինչդեռ մեր խնդիրը պահանջատիրությունն է: Կարծում եմ՝ շատերի մոտ կար այն մտայնությունը, որ 100-րդ տարելիցից հետո անկում կունենա պահանջատիրության դիրքերից, դա տեղի չունեցավ, և համահայկական մակարդակով պահանջատիրական խնդիրը, այնուամենայնիվ, դանդաղորեն, բայց հաստատակամ ձևով առաջ է ընթանում»: