«Կրակում է ոչ թե զենքը, այլ՝ մարդը»
Ռուս պատգամավորները Երևանում կրկնեցին Ռոգոզինի հայտարարությունը
րեկ Երևանում համատեղ նիստ էին գումարել ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեն։ Նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինվորների։ Օրակարգում Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակի, միջազգային ահաբեկչության, անվտանգության ապահովմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր էին։ Ի զարմանս լրագրողների՝ նիստի աշխատանքային լեզուն հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ, ինչն աննախադեպ երևույթ է հայ-ռուսական տարբեր մակարդակներով հանդիպումների դեպքում։
Կրկին ի զարմանս լրագրողների՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 1-5-ն Ադրբեջանի հրահրած պատերազմի կապակցությամբ ՌԴ որդեգրած դիրքորոշման վերաբերյալ խիստ քննադատական ելույթ ունեցավ։ «Ռուս պաշտոնյաների անհեռատես հայտարարությունները բացասական արձագանք են առաջացրել Հայաստանում։ Խաղաղության կարևորագույն նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը։
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության խախտումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանցիներն օգտագործել են Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» և «Տոս» զինատեսակներ։ Կ.Նահապետյանն Ադրբեջանի գործողությունները համեմատեց Իսլամական պետության գործելաոճի հետ՝ նշելով, որ վայրագությունները հասել են այն աստիճանի, որ նրանք կտրել են մարդկանց ականջները, գլուխները և այդ տեսանյութերը տարածել համացանցում. «Ի պատիվ ԼՂՀ-ի բանակի՝ հնարավոր եղավ սանձել Ադրբեջանին։ Սակայն միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով»։
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինն իր ելույթում ոչ մի անդրադարձ չկատարեց Կ.Նահապետյանի քննադատական ելույթի և ոչ մի կետի, միայն պատմական ակնարկ արեց հայ-ռուսական հարաբերություններին՝ թվարկելով, թե քանի անգամ են հանդիպել ՀՀ և ՌԴ նախագահները, վարչապետներն ու արտգործնախարարները, քանի ռուսական բուհ կա ՀՀ-ում, հիշեցնելով Պուտինի այցը Երևան՝ Ցեղասպանության 100-ամյակին, գազի գնի իջեցումը, և այլն։
Երկու կողմերի կարճատև բացման խոսքերից հետո բուռն քննարկում ծավալվեց փակ դռների ետևում։ «168 Ժամի» հետ զրույցում պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ռուսները դեռ չեն պատկերացնում, թե ինչ մեծ վնաս կարող է հասցվել հայ-ռուսական հարաբերություններին, այսինքն՝ այդ գիտակցումը չկա. «Իրենք ավելի շատ վիրավորված են ինֆորմացիոն պատերազմից, որ մեր մամուլը լուսաբանում է կամ մեր սոցիալական ցանցերում քննարկվում է, քան՝ իրականում տեղի ունեցածից»։ Մարուքյանը նշեց, որ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարության մասին նույնպես խոսվել է, և ռուսները համաձայնել են, թե նրա հայտարարությունը տեղին ու ժամանակին չէր, և իրենք համամիտ չեն նրա հետ։
«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր վտանգավոր փուլում են։ Այս քառօրյա ծանր պատերազմը ցույց տվեց, որ մեր հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, ինչ ակնկալիք ուներ ՀՀ շարքային քաղաքացին»,- լրագրողներին հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ կան չոր փաստեր, որոնք հայ-ռուս բարեկամության օգտին չեն խոսում։ Նա շեշտեց, որ չի կարելի Հայաստանի Հանրապետության շահի հաշվին սպասարկել ադրբեջանական շահը, և, որ Ռուսաստանը պետք է համարժեք գնահատական տա Ադրբեջանի գործողություններին և դադարեցնի հարձակողական սպառազինության մատակարարումը։
Սակայն նիստից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանն ընդհանրապես չի էլ մտածում այդ ուղղությամբ։ «Զենքի վաճառքը միջազգային ընդունված պրակտիկա է, դա ավելի շուտ տնտեսական, քան քաղաքական հարց է։ Բացի ռուսական զենքից, այն կողմն ունի բավարար չափով իսրայելական, թուրքական զենք։ Եթե ՌԴ-ն հրաժարվի այդ պետության հետ զենքի վաճառքից, հաջորդ օրն արդեն այն կփոխարինվի ՆԱՏՕ անդամ երկրի ավելի մահաբեր զենքով։ Կրակում է ոչ թե՝ զենքը, այլ՝ մարդը։ Դրա համար պետք է աշխատել ոչ թե՝ զենքի, այլ՝ մարդկանց հետ, այդ դեպքում ոչ մի զենք՝ ո՛չ ռուսական, ո՛չ մյուս, չի կրակի»,- լրագրողներին հայտարարեց Ալեքսանդր Չեկալինը՝ անպատասխան թողնելով հարցը, թե արդյոք բիզնես շահն ավելի՞ կարևոր է ՌԴ-ի համար, քան զոհված հայ զինվորների արյունը։
Կոմիտեի նախագահի տեղակալ Բայիր Ժամսուևը հայտարարեց, թե քաղաքական կամքն այն կլինի, որ բոլոր կողմերին ստիպեն հրաժարվել ուժի կիրառումից, իսկ զենքի վաճառքն իրականացվում է պայմանագրերի համաձայն։ Նա ասաց, թե պատերազմը շատ ավելի լայն կարող էր լինել, սակայն այն դադարեցվեց ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ։
Ա.Չեկալինն անգամ հերքեց իր իսկ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ անհնար է թաքցնել Լեռնային Ղարաբաղում զորքերի տեղաշարժը։
«Հիմա անհնար է որևէ բան թաքցնել։ Վաղ թե ուշ այս կամ այն իրադարձության մասին ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել։ Իսկ հիմա այդ ամենն ակնհայտորեն հսկվում է նաև արբանյակների և հսկողության այլ միջոցների օգնությամբ»,- ասել էր Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական արբանյակներն արձանագրել են զորքերի տեղաշարժը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Ա.Չեկալինն արբանյակներով հետևելու գաղափարն անվանեց «հարուստ երևակայություն», որը, սակայն, չի համապատասխանում իրականությանը. «Ոչ բոլոր սանտիմետրերն են վերահսկվում արբանյակներով։ Դա տարօրինակ ենթադրություն է։ Դա ոչ տեխնիկական, ոչ այլ ձևով հնարավոր չէ»։
Ռուսները նաև անտեղի համարեցին ընդունել դեռ առավոտյան Կ.Նահապետյանի հնչեցրած առաջարկը՝ այցելել Արցախ և անձամբ տեսնել քառօրյա պատերազմի հետևանքն ու չդադարող կրակոցները, Չեկալինը նշեց, թե բոլոր տաք կետերն անցել է, եղել է Հյուսիսային Կովկասում. «Մենք փոքրոգություն չենք անում, կարող ենք գնալ յուրաքանչյուր տեղ, բայց նոր բան չենք տեսնի, պատերազմը բոլոր տեղերում նույնն է, նույն չար դեմքն ունի։ Մենք ձեր հետ միասին ցավում ենք»։
Հարկ է նշել, որ այս նիստը նախապես ծրագրված էր և բոլորովին պայմանավորված չէր ղարաբաղաադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում ստեղծված լարված իրավիճակով։ Ավելին՝ ռուսներն այս նիստը սկսել էին պլանավորել Թուրքիայի կողմից Ռուսաստանի ինքնաթիռը խոցելուց հետո, և դրա նպատակը պետք է լիներ առավելապես Թուրքիայի գործողությունները դատապարտելը։ Իսկ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ռուսներն ակամա հայտնվեցին «ծուղակում»։ Արդյունքում՝ համատեղ հայտարարություն, որն ընդունված պրակտիկա է, չստորագրվեց։ Մինչդեռ հայկական կողմի նախապատրաստած հայտարարությունն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող խիստ ձևակերպումներ էր պարունակում։ Ռուսները վստահեցրին, որ Դումայի 3 կոմիտեներում հավանություն ստանալու դեպքում հայտարարությունը կարճ ժամանակում կստորագրվի։
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ» թերթ