Բաժիններ՝

«Խմեցի ջուր, բացեցի սենյակի դուռը և մտա ներս…». Պերմյակովը ներկայացրել է սպանության մանրամասները

Ռուսական 102-րդ ռազմական բազայում Ավետիսյանների սպանության գործի քննության ընթացքում Վալերի Պերմյակովն այսօր հրաժարվեց ցուցմունք տալ: Այսպիսով ամբաստանյալն օգտվեց ցուցմունքներ տալուց հրաժարվելու իր իրավունքից:

Դատարանում որոշում կայացվեց՝ հրապարակել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը: Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանում ասաց, որ որպես կասկածյալ՝ Վալերի Պերմյակովի հարցաքննությանը մասնակցել է փաստաբան Թամարա Յայլոյանը, հարցաքննությունն իրականացրել է ՌԴ քննիչը: Ըստ նրա՝ այդ գործողությունը կատարվել է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտմամբ և չի կարող համարվել ապացույց, դրվել քրեական գործի հիմքում: Ըստ նրա՝ մինչ այս հարցաքննությունը քննիչը թույլատրել է պաշտպան նշանակել Թամարա Յայլոյանին, սակայն պաշտպանական կողմը գտնում է, որ ՌԴ Քննչական կոմիտեի քննիչն իրավունք չուներ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբանին ներգրավել պաշտպան, քանի որ գործողությունը կատարվել է ՌԴ քննչական կոմիտեի քննիչի կողմից, այն կարգավորվել է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով: Միջնորդության քննությունը հետաձգվեց: Հարցաքննության արձանագրությունն, այնուամենայնիվ, հրապարակվեց:

Ըստ արձանագրության՝ Վալերի Պերմյակովը նշել է, որ 2014թ. զորակոչվել է զինվորական ծառայության, նույն թվականի նոյեմբերից տեղափոխվել է Հայաստան: 2015թ. հունվարի 12-ին ստանձնել է պարեկային ծառայությունը, թողել պահակակետը, դուրս եկել զբոսնելու, քայլել, բայց մտադրված է եղել որոշ ժամանակ անց վերադառնալ զորամաս: «Ջուր խմելու նպատակով մուտք եմ գործել մի տուն»,- ասել էր Վալերի Պերմյակովը՝ նշելով, որ ծառայության բերումով իրեն վստահված զենքը զորամասից դուրս գտնվելու ընթացքում օգտագործել է, կրակել դրանով: «Երբ ես մտա տուն, ջուր խմեցի, գրեթե սկսել էի արդեն հեռանալ: Կարծես թե նա քնած էր: Արթնացավ, սկսեց գոռալ, վերցրեց հեռախոսը, սպառնաց Ոստիկանություն զանգով»,- ասել էր Պերմյակովը՝ նշելով, որ սպանել է՝ «Մի խոսքով՝ սպանեցի»: Նա նշել էր, որ կրակել է 6 անձի, իսկ երեխային վիրավորել է, սվին-դանակով հարվածներ է հասցրել, բայց քանի՞ հարված՝ չի հիշում: Տանից վերցրել է հեռախոսներ, գումար: Քննիչի հարցին, թե ի՞նչ պատճառով կրակեց մեծահասակներին, իսկ փոքրահասակ երեխային սվին-դանակով է վնաս պատճառել, Պերմյակովը պատասխանել էր. «Ինքնաձիգն արգելափակվեց»:

Զենքով դասալքություն կատարելու, անձանց սպանելու, փոքրահասակ երեխայի առողջությանը վնաս պատճառելու մեջ Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել: Իսկ հարցին, թե ի՞նչ նպատակով է ցանկացել հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, Պերմյակովը պատասխանել էր, թե չէր ցանկանում հատել սահմանը, ուղղակի քայլել է: Իր ցուցմունքում կասկածյալի կարգավիճակ ունեցող Պերմյակովը նշել էր, որ հանել է լուսամուտը, բացել դուռը և մտել ներս, դարպասները բաց են եղել, ինքը նախկինում այդ տանը չի եղել, ընտանիքի անդամներից որևէ մեկին չի ճանաչել: Իր կողմից հակաօրինական գործողությունները կատարելուց հետո զենքը դրել է բազմոցի տակ, իսկ հագուստը քաղաքացիական հագուստով փոխել է, որովհետև՝ «ցանկանում էի, որ չբռնեն»:

Հունվարի 14-ին կատարված հարցաքննության ընթացքում դասալքության, Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ իրեն մեղավոր էր ճանաչել: Նա նշել էր, որ ընդունել է պահակակետի պահպանությունը: Պերմյակովը նշել էր, որ ցանկանում է պարզաբանել՝ զինծառայության կրման ընթացքում ուժգին կարոտ է ապրել և որոշել ինքնակամ թողնել զորամասի տարածքը, որպեսզի մեկնի մինչ ծառայության անցնելն իր մշտական բնակության վայր՝ քաղաք Չիտա:

«Դրա համար ես որոշեցի, որ պարեկային ծառայություն անցնելու ժամանակ ես ինքնակամ կթողնեմ զորամասը՝ ծառայությամբ ինձ վստահված զենքով, քանի որ մտադրվել էի զենքի օգնությամբ ինձ համար ձեռք բերել քաղաքացիական հագուստ և դրամական միջոցներ»,- ասել էր նա՝ նշելով, որ մտադրվել է հասնել ՌԴ, հատել պետական սահմանները, իր մոտ չեն եղել անձը հաստատող փաստաթղթեր: Դեպքի օրը դուրս է եկել քաղաք, մտադրվել քաղաքացիական հագուստ և գումար ձեռք բերել: Անցնելով տարբեր սեփական տների մոտով՝ տեսել է, որ ամենուր դարպասները փակ են, հետո նկատել է, որ սեփական տներից մեկի դարպասը բաց է. իրեն հայտնի չէ այդ տան հասցեն: Որոշել է մտնել այդ տուն: «Թակեցի մուտքի դուռը, բայց ոչ ոք դուռը չբացեց:

Շուրջ 5 րոպե ես կանգնեցի փակ դռան մոտ և մտածեցի՝ ի՞նչ անեմ: Դրանից հետո ես սվին-դանակի օգնությամբ հանեցի մուտքի դռան ապակին, մտցնելով ձեռքս ներս՝ բացեցի բանալիով ներսից փակված դուռը: Մինչ տուն մտնելը ես հանեցի ինքնաձիգն ապահովիչից և դրեցի կրակելու ավտոմատ ռեժիմի վրա: Ես դա արեցի այն բանի համար, որ տանտերերի կողմից որևէ դիմադրություն ցույց տալու դեպքում ես կարողանայի արագ կիրառել զենք և իրականացնել կրակոցներ: Հետո ես մտա տուն: Խմեցի ջուր, որից հետո բացեցի սենյակի դուռը և մտա ներս: Այդ սենյակում ես նկատեցի կնոջ, ով սկսեց գոռալ և վերցրեց բջջային հեռախոսը, որով սկսեց փորձել ինչ-որ տեղ զանգել: Որոշելով նրան սպանել՝ ես ուղղեցի զենքը կնոջ վրա, սեղմեցի ձգանը և արձակեցի մի քանի կրակոց նրա վրա, որից հետո նա ընկավ մահճակալի վրա:

Այնուհետև ես անցա երկրորդ սենյակ, որտեղ տեսա տղամարդու և կնոջ, որոնք մահճակալից բարձրացան՝ շարունակելով գտնվել կիսապառկած դիրքում: Տղամարդն ինչ-որ բան ասաց, բայց ես չհասկացա՝ կոնկրետ ինչ: Ինչպես ինձ թվում է, նա խոսեց հայերենով: Այդ ընթացքում կինը լռում էր: Ինքնաձիգն ուղղելով նրանց կողմը և սեղմելով ձգանը՝ ես մի հերթով կրակեցի նրանց, քանի որ նրանք գտնվում էին կողք կողքի՝ մեկ մահճակալի վրա: Հետո ես ուղևորվեցի երրորդ սենյակ, որտեղից դուրս եկավ տղամարդ, որի վրա ես նույնպես արձակեցի կրակոցներ ինքնաձիգից, որից նա ընկավ գետնին: Դրանից հետո մտնելով սենյակ՝ ես տեսա նաև կնոջ, ով ձեռքում պահել էր բջջային հեռախոս, և, ինչպես հասկացա, փորձում էր ինչ-որ տեղ զանգել: Ես նրա վրա ուղղեցի ինքնաձիգը և սեղմելով ձգանը՝ նրա վրա արձակեցի մի քանի կրակոց:

Այդ ժամանակ հենց այդ սենյակի պատուհանի մոտ ոչ մեծ մահճակալին ես նկատեցի ինչ-որ շարժումներ, հետո՝ ամբողջ հասակով մահճակալում կանգնած երեխայի, ով չէր գոռում և ոչ մի բան չէր ասում: Ես հասկացա, որ դա երեխա է, բայց նկատի ունենալով, որ ես չեմ կարող կանգ առնել, ես ուղղեցի ինքնաձիգն այդ թվում՝ և երեխայի վրա, սեղմեցի ձգանը և նրա վրա կատարեցի մի քանի կրակոցներ: Այդ ժամանակ երեխան ընկավ մահճակալի վրա, և իմ ինքնաձիգն արգելափակվեց: Այսինքն՝ ես շարունակում էի պահել մատս ձգանի վրա, բայց կրակոցներ չէին արձակվում: Դրանից հետո հենց այդ սենյակում ես լսեցի ճիչեր և լաց: Ուշադրություն դարձրեցի մեծ մահճակալին, որտեղ մինչ այդ կրակել էի կնոջը:

Ես նկատեցի լացող և գոռացող երեխայի: Ցանկանալով, որ չլինեն ոչ մի կողմնակի աղմուկներ, ես վերցրեցի սվին-դանակը և ամրացրի ինքնաձիգի փողին, որից հետո ես ինքնաձիգ-սվին դանակով երեքից ոչ պակաս հարված հասցրի երեխայի մարմնին: Դրանից հետո բացելով պահարանը 3-րդ սենյակում՝ ես վերցրի քաղաքացիական հագուստ, իսկ հատկապես՝ սև գույնի գլխարկ, բաճկոն և սպորտային տաբատ, որոնցով փոխվեցի, և տնից դուրս գալիս հագա սև գույնի քաղաքացիական կոշիկ: Բացի դրանից՝ տնից ես վերցրեցի երեք բջջային հեռախոսներ և 5 հազար հայկական դրամի չափով դրամական միջոցներ, որոնք վերցրեցի առաջին սենյակում գտնվող կանացի պայուսակից: Ինքնաձիգը, սվին-դանակը և իմ զինվորական համազգեստը ես թողեցի տանը՝ առաջին սենյակի բազմոցի մեջ»,- այսպես էր իր ցուցմունքում նկարագրել դեպքը Վալերի Պերմյակովը: Նա նշել է, որ տանը մնացել է 15 րոպե, ոչ ավելի:

Մտադրվել է հասնել մինչև սահման և հատել այն: Սահմանի մոտ լքված տնակ է նկատել, որում գտնվել է 6-24 ժամ: Ցանկացել է հատել սահմանը, բայց ձերբակալվել է ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից: Քննիչի խնդրանքին՝ պատմել իր մասին, Վալերի Պերմյակովն ասել էր, որ իր մոտ զարգացման շեղումներ չեն եղել, մինչ զինծառայության զորակոչվելը հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ չի տառապել, ինքնասպանությամբ կյանքին վերջ տալու փորձ չի արել:

Սպիրտային խմիչքներ օգտագործում է մոտավորապես 12 տարեկանից: Ալկոհոլային հարբածության վիճակում իրեն պահում է սովորական, «ընդ որում, ագրեսիա կարող է դրսևորվել, երբ ինձ հանում են հունից»: Թմրամիջոցներ օգտագործել է 14 տարեկանից: Իր դաստիարակության մեջ բռնության մեթոդներ չեն կիրառվել: Եղբայրը պատիժ է կրում կնոջ սպանության համար: Իր ընկերների մեծ մասը նախկինում դատված են և թմրամիջոցներ են օգտագործում: Պարբերաբար լքել է ծառայությունը, որպեսզի լիներ իր մշտական բնակության վայրում:

Որպես մեղադրյալ՝ լրացուցիչ հարցաքննության ընթացքում Վալերի Պերմյակովը մանրամասն նկարագրել էր տան սենյակները, դրանցում առկա իրեր, նշել, որ ինքը խառնվել է առաջին սենյակում գտնվող կնոջ գոռոցներից, նա ակսել է հիստերիկ գոռալ, ինքը չի սպասել իրադարձությունների նման զարգացում, դա իր համար ամբողջովին անսպասելի է եղել, քանի որ կարծել է, թե տանը ոչ ոք չի լինի: Ինքը որոշում է կայացրել՝ կրակել կնոջ վրա՝ «ոչնչացնելու նպատակով», որպեսզի դադարեցներ գրավել շրջապատի ուշադրությունը: Տանն ինքն օգտագործել է լապտերը, սպանություններից հետո միացրել է երկրորդ սենյակի լույսը միայն նրա համար, որ հագուստ գտնի, այլ սենյակներում լույս չի միացրել:

Քննիչի հարցին, թե ինչո՞ւ է սպանության վայրում թողել իրեն պատկանող և ազգանունը, անվան ու հայրանվան սկզբնատառերը կրող հագուստը, Պերմյակովը պատասխանել էր. «Այն բանից հետո, ինչ տվյալ տանն իմ գտնվելն ավարտվեց մեծ քանակությամբ անձանց սպանությամբ, որը ես սկզբնապես չէի ծրագրել, ես վախեցած էի: Ես մտածում էի միայն այն մասին՝ ինչքան հնարավոր է՝ արագ թաքնվել այդտեղից՝ առանց զենքի և զինվորական համազգեստի: Այն մասին, որ հանցագործության գործիքները, մակագրված համազգեստը և կոշիկներն ինչ-որ ձևով թաքցնեի, վերացնեի, այդ պահին չեմ մտածել»: Հարցին, թե ինչո՞ւ է մեկնել Հայաստանի և Թուրքիայի սահման, Պերմյակովը պատասխանել է, որ ցանկանում էր անցնել այն և թաքնվել այլ պետությունում՝ իր կողմից կատարված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս