«Ադրբեջանն իր առջև խնդիր չի դրել վերցնել Ղարաբաղը…». Վաղարշակ Հարությունյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/VAxarshak.jpg)
«Այս իրավիճակի սրումն անսպասելի էր բնակչության համար, իսկ մեր բանակը ցույց տվեց, որ մեր բանակի համար այն անսպասելի չի եղել. այն ծրագիրը, ինչ Ադրբեջանն էր մշակել, ձախողվել է»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ` խոսելով ղարբաղաադրբեջանական սահմանային լարված իրավիճակի մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ըստ նախկին նախարարի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդիր չի դրել պատերազմ սկսելու, այլ ունենալով տարբեր նպատակներ՝ ներքին և արտաքին, ցանկանում է փոխել շփման գծի դասավորությունը՝ ի օգուտ իրեն.
«Երբ մենք գնահատում ենք այն ուժերը, ինչ նա օգտագործում է, այդ ուժերի քանակը, ակնհայտ է դառնում, որ նա իր առջև խնդիր չի դրել վերցնել Ղարաբաղը»: Խոսելով այն մասին, թե սրանով Ադրբեջանը ներքին ինչ խնդիրներ է լուծում՝ Վ. Հարությունյանն ասաց, որ այսպիսով ցույց է տալիս իր բնակչությանը, որ այն ծախսերը, որ նա իրականացնում էր, ապարդյուն չէին, բացի այդ, այս քայլերով Իլհամ Ալիևը ցանկանում էր բարձրացնել բանակի մարտունակությունը և բարոյահոգեբանական վիճակը:
Ըստ Վ. Հարությունյանի՝ Ադրբեջանը, գիտակցելով, որ իր այսօրվա ռազմաքաղաքական ներուժը թույլ չի տալիս պատերազմ սկսել ու հասնել հաջողության, բանակցային ճանապարհով նույնպես հարցի լուծմանը պատրաստ չէ, և այս քայլերով փորձում է շանտաժի ենթարկել բոլորին, որպեսզի համանախագահները և այլ կառույցներ վերցնեն Ղարաբաղը և հանձնեն իրեն: Բայց, Վ. Հարությունյանի խոսքով՝ այսպես չի կարող լինել:
«Եթե փորձենք գնահատել՝ ի՞նչ առաջարկներ են եղել Ղարաբաղյան հարցի լուծման կապակցությամբ, հայկական կողմերը միշտ համաձայն են եղել, իսկ Ադրբեջանը համաձայն չի եղել: Երեք նախագահն էլ պատրաստ են եղել գնալ զիջումների, վերադարձնել որևէ մի տարածք՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Ադրբեջանն ասում է՝ այդ տարածքները և Ղարաբաղն իմն է, ու որևէ կարգավիճակի քննարկում չի կարող լինել, այսպիսով՝ նա փակում է բանակցային ճանապարհով Ղարաբաղյան հարցի լուծումը: Նա գնում է նման սադրանքների, շանտաժի է ենթարկում Հայաստանին, համանախագահներին և այլ պետություններին, որոնք այլ շահեր ունեն:
Ադրբեջանն այս քայլերով փորձում է շանտաժի ենթարկել բոլորին, որպեսզի համանախագահները և այլ կառույցները վերցնեն Ղարաբաղը և հանձնեն իրեն, բայց այդպես չի կարող լինել»,- նշեց նախկին նախարարը: Խոսելով համաշխարհային արձագանքի մասին՝ Վ. Հարությունյանը նկատեց, որ բոլորը կոչ են անում կասեցնել պատերազմը, «իսկ ո՞վ է սկսել».
«Ես, օրինակ, այն տեսակետի հետ համաձայն չեմ, որ պետք է հասցեագրված լինի կոչը: Նույն Ֆրանսիան չի կարող հստակ ձևակերպել՝ ո՞վ է սկսել, երբ նա ասում է՝ պետք է պատերազմը կանգնեցնել, ակնհայտ է, որ Ադրբեջանին է ուղղված նրա կոչը: Այս ոտնձգությունով՝ Ադրբեջանը հասավ այն բանին, որ հակառակ էֆեկտը ստացավ: Իրենց այս ծրագիրը ձախողվեց, լրատվական դաշտում չհաջողվեց հասնել այն նպատակներին, ինչ իրենք ուզում էին, հայկական կողմը չտրվեց սադրանքներին»: