«Կադրերի բաժին N 168»-ում Զառա Գևորգյանն է. «Դոգվիլ»
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ իր նախընտրած կինոառաջարկով կներկայանա «Դոգմա» ռոք խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը:
Զառան առաջարկում է դիտել դանիացի սկանդալային ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նախապես պլանավորված «ԱՄՆ-հնարավորությունների երկիր» եռերգության առաջին մասը՝ 2003 թվականին նկարահանված «Դոգվիլը» («Dogville» Lars von Trier ):
Դրամա-թրիլլերը համատեղ կինոարտադրություն է, մասնակցությամբ 6 եվրոպական երկրների՝ Դանիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Հոլանդիա: Ֆիլմը նախապես պլանավորված տրիլոգիա էր, որի երկրորդ մասը 2005 թվականին նկարահանված «Մանդերլեյ» ֆիլմն է, իսկ երրորդ մասը, որ նկարահանվելու էր ապագայում՝ «Վաշինգտոն» անվանմամբ, մնաց անկատար: Կեսավարտ տրիլոգիայի պատճառներից մեկը՝ առավել հավանականը, դերասանուհի Նիկոլ Քիդմանի նախագծից հեռացումն էր, որ բավականին աղմկոտ հետևանքներ ունեցավ ռեժիսորի համար:
Ֆիլմում բացակայում են դեկորացիաները, նկարահանման հրապարակը թատրոնի բեմ է հիշեցնում, որտեղ տների և սենյակների սահմանները բաժանված են հատակին գծված գծերով։ Գործողությունները ծավալվում են 1930 ական թթ.՝ Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որտեղ փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին՝ «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։ Քաղաքն ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի, այսպես կոչված, անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան: Ֆիլմի դրվագները պատմվում են հեղինակի կողմից։ Բաղկացած է 11 մասից՝ նախաբան, 9 գլուխ և տիտրեր:
Իր առաջարկած ֆիլմի մասին «Դոգմա» ռոք խմբի վոկալիստ Զառա Գևորգյանն ասում է. «Dogville-ը կարելի է համարել ֆիլմ-գլուխգործոց, եթե դուք պատրաստ եք ընդունել ռեժիսորի կողմից սահմանված «խաղի կանոնները», իսկ կանոնները բառացիորեն գրված են կավիճով՝ ենթադրելի գյուղատեղ-սև տուփ հիշեցնող, մինիմալիզմի մանիֆեստ հանդիսացող տաղավարահարթակի գետնին՝ սահմանազատելով Դոգվիլի բնակիչների տներն ու փողոցն իրարից: Այս կերպ, պարզապես երևակայելու տեղ թողնելուց զատ, ընդգծվում է պայմանականությունների առկայությունը, և ակնարկվում հասարակական թափանցիկության անհրաժեշտությունը, այդպիսով նաև մեծ շեշտադրումով ստիպելով ընդունել, որ ֆիլմում կարևոր է հենց սցենարը, որը հանճարեղ կերպով կարողանում է բացահայտել մարդկային բազմաշերտ հարաբերություններ, սոցիալական ախտածին երևույթներ, բարոյական անկում, ծածուկ ցանկություններ, գաղտնիքներ, որոնք էլ և կործանիչ կարող են դառնալ, եթե չգիտես, թե երբ պետք է կանգ առնել… Ու հենց էստեղ, երբ տեսնում ես այս երևույթների և ամեն ինչ ճիշտ անել փորձող գլխավոր հերոսուհու բախումն ու անհամատեղելիությունը, ինքդ էլ մտնում ես «խաղի» մեջ ու անգամ մոռանում կավիճի առկայության մասին: Ֆիլմը դիտելիս խորհուրդ կտամ ի սկզբանե զինվել համբերությամբ, իսկ ֆիլմի կուլմինացիան անկանխատեսելի է, սակայն ազդեցիկ՝ ռեժիսորի ձեռագրին հավատարիմ»։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը