«Գիտեք՝ այդպես հեշտ է, հա՞, մեղավորներին դնել մի կողմ, հովանավորել, անմեղներին տանել-դատել…». Գագիկ Ջհանգիրյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Կիրակի օրն «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն էր: Նա հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև հայտնի «Մատաղիսի» գործին և այդ առնչությամբ ՄԻԵԴ կայացրած վճռին:
– Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, «Զալյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» դատական հայցի առնչությամբ վճռել է, որ դիմումատուների նկատմամբ նախաքննության ընթացքում տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ, և պարտավորեցրել է ՀՀ կառավարությանը դիմումատուներին վճարել 50 հազար եվրո դրամական փոխհահուտուցում: Ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ այս վճռի մասին՝ հաշվի առնելով, որ այդ գործի ընթացքում Զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցրել եք Դուք:
– Հնչող կարծիքների մեծ մասը տպավորություն է ստեղծում մեր ժողովրդի և հասարակության մեջ, թե իբր Եվրոպական դատարանը հաստատել է այդ խոշտանգումների փաստերն այդ մեղադրյալների նկատմամբ և այդ խոշտանգումների հետևանքով է նման գումար սահմանել, որ մեր պետությունը վճարի: Բոլորովին նման բան չկա: Ես ուզում եմ ուղղակի արձանագրել ոչ իրավապահ կամ ոչ իրավագետ հասարակության համար, որ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ, իբր տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ հաղորդումները նախաքննության մարմինը, Գլխավոր դատախազությունը, և այլն, պատշաճ չեն ստուգել, պատշաճ ընթացակարգեր չեն սահմանել:
Կարծես թե զինվորական դատախազ չի եղել ո՛չ մինչև Ջհանգիրյանը, ո՛չ Ջհանգիրյանից հետո: Քննարկում են ցմահ դատապարտված Արթուր Մկրտչյանի հարցը, չգիտես ինչու, դիմում են Ջհանգիրյանին, երբ Ջհանգիրյանը զինվորական դատախազ չի եղել ոչ միայն՝ հանցագործության կատարման ժամանակ, այլև՝ դատական ակտը վճռաբեկ դատարանի ուժի մեջ է մտել, նոր դրանից մեկ տարի հետո Ջհանգիրյանը նշանակվել է զինվորական դատախազ:
– Տղաների փաստաբանը հայտարարեց, որ սա կատարյալ հաղթանակ էր իրենց համար:
– Շատ լավ, հիմա տեսնենք՝ ինչո՞ւմն է խնդիրը: Ջհանգիրյանի անձնական կարծիքը չի եղել, այդ նույն կարծիքը գործը լրացուցիչ քննության վերադարձնելուց հետո պաշտպանել է ինձնից հետո զինվորական դատախազը՝ նույն անձանց վերաբերյալ, նույն մեղադրանքներով գործն ուղարկել է դատարան: Երրորդ դատախազը, որը այսօր ՀՀ գլխավոր դատախազն է, ինքը պաշտոնավարել է, երբ այս գործի մեղադրանքը պաշտպանվել է դատարանում: Այսօրվա զինվորական դատախազն անձամբ մասնակցել է այդ մեղադրանքի պաշտպանությանը: Բայց ես չես հրաժարվում, որ «Մատաղիսի» գործով ես իմ կարծիքը չեմ փոխում:
– Այսինքն՝ հիմա՝ Եվրոպական դատարանի վճռից հետո, համարում եք, որ այդ երեք երիտասարդները «մարդասպաննե՞ր» էին:
– Ես այդ մասին հայտարարել եմ, երբ Շիրակի առաջին ատյանի դատարանն արդեն արդարացման վճիռ կայացրեց, և այդ՝ Ձեր կողմից վկայակոչված անձինք նույնիսկ դիմել են դատարան՝ իբր ես վիրավորում եմ նրանց բարի անունն ու համբավը: Փառք Աստծո, դատարանը պաշտպանել է կարծիքի ազատության սահմանադրական իրավունքը:
Բայց գիտե՞ք՝ շան գլուխը որտեղ է թաղված, այս թնջուկը չի ավարտվի, որովհետև այդ երիտասարդների, այսպես կոչված, արդարացումից անցել է 3 տարի. բա սպանություն կատարողներն ո՞ւր են: Բա զինծառայողներ են սպանվել, ծեծվել երկաթյա ձողերով, երկու ժամ հետո ծեծողները եկել-տեսել են, որ կենդանության նշույլներ ցույց չեն տալիս, այդ զինծառայողենրին գցել են ջուրը: Լավ, 3 տարի անցել է, եթե այդ երիտասարդները չէին, ապա ովքե՞ր էին, ինչո՞ւ չի բացահայտվում, ինչո՞ւ այս իրավապաշտպանները, որ այսպես աղմուկ են բարձրացնում, թե՝ «հաղթել ենք, ՀՀ-ին հաղթել ենք», բա ինչո՞ւ չեն պաշտպանում այդ զոհերի իրավունքները: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ որևէ իրավապաշտպան պաշտպանի այդ երկու երիտասարդների շահերը: Առավել ևս, որ այս 3 երիտասարդներից մեկն այսօր իրավապաշտպան գործունեությամբ է զբաղված, մի՞թե այդ գործը չպետք է լիներ նրա կյանքի գործը, որ նա կարողանար ապացուցել, օժանդակեր, նպաստեր իրական սպանողներին բացահայտելուն: Բա ինքը պետք է մաքրվի, չէ՞, ի վերջո:
– Նրանք այն ժամանակ ասում էին, որ Ձեր աշխատասենյակում հանդիպել են Ձեզ հետ, խոշտանգումների են ենթարկվել, և այլն: Այս մասով ի՞նչ կարող եք ասել:
– Ես հիմա չեմ արդարանալու, ես ուրիշ հայտարարություն կանեմ, որ այս գործով այս թնջուկը չի ավարտվելու, չեն բացահայտվելու սպանություն կատարողները, որովհետև դրանք բացահայտված էին: Պետք է քննության առարկա դառնա մեկ ուրիշ հանգամանք, թե մեր դատական իշխանության բարձրագույն ո՞ր պաշտոնյայի շահագրգռվածությամբ և հանձնարարությամբ Քրեական գործերի պալատն անթույլատրելի ճանաչեց «Մատաղիսի» գործով հիմնական ապացույցը: Այս ամեն ինչը կատարվել է 2006 թվականի ամռանից հետո, դրա հետևանքն է: Ավելին կասեմ, այդ պալատի որոշումից հետո՝ ես այն ժամանակվա գործող նախագահի դիմաց դրել եմ իմ հրաժարականի դիմումը:
– Այդ գործո՞վ:
– Այո, այդ գործով, ասել եմ՝ ես պատրաստ եմ հրաժարական տալ, բայց խնդրում եմ՝ հանձնարարեք, թող ստուգեն՝ արդյոք այդ երիտասարդնե՞րն են այդ սպանությունները կատարել, թե՞ ոչ: Ես երբեք երևի այդ անունները չեմ հրապարակել, բայց հիմա կհրապարակեմ: 4 ամիս հետո Սահմանադրական դատարանի երկու անդամ, որոնք նախկինում դատավոր են աշխատել, ինձ ասում են, որ՝ մինչև հիմա Ձեզ չէինք տեղեկացնում, բայց այդ գործի դատավարական կողմի ստուգումը մեզ է հանձնարարված եղել, և մենք գրավոր զեկուցել են նախագահին, որ զինվորական դատախազը ճիշտ է եղել, սխալը պալատն է եղել: Եվ ավելին, երկրորդ նախագահը հանձնարարել էր այն ժամանակվա գլխավոր դատախազին գործի լրացուցիչ քննությունն արագ, օպերատիվ ավարտել և գործը նույն մեղադրանքով ուղարկել դատարան:
– Հիմա ՄԻԵԴ-ը վճիռ է ընդունել, ՀՀ կառավարությունը, փաստորեն, ստիպված է լինելու այ գումարը վճարել…
– Եվ ես կողմ եմ, որ բոլոր այն մեղավոր անձինք, ովքեր մեղավոր են այդ անփութություններում, բոլորից այդ գումարը պահեն, ռեգրեսիվ հայցի միջոցով դատարանը կարող է: Ես ոչ միայն կողմ եմ, այլև շահագրգիռ եմ, հույս ունեմ, որ այդ ընթացքում իմ այս բարձրացրած հարցը, ի վերջո, քննության առարկա կդառնա, որի մասին տեղյակ են թե՛ Գլխավոր դատախազությունում, թե՛ Հատուկ ծառայություններում, ես ավելի կոնկրետ չեմ ասի, որպեսզի չստացվի՝ հանցագործության մասին հաղորդում եմ տալիս:
«Մատաղիսի» գործը բացահատվել է դեպքից մոտ 4 ամիս հետո, մեր լրագրողներից և իրավապաշտպաններից շատերն անգամ երևի չգիտեն՝ Մատաղիսը որտեղ է գտնվում: Այնտեղ աշխատել է ոչ միայն Զինվորական դատախազությունը՝ իր քննչական ապարատով, ոչ միայն Ռազմական ոստիկանությունը, այլև ԼՂՀ բանակային հակահետախուզությունը, այդ գործով աշխատել է նաև ԼՂՀ ներքին գործերի նախարարությունը, բանակային բոլոր ստրուկտուրաները, գիտեք՝ այդպես հեշտ է, հա՞, մեղավորներին դնել մի կողմ, հովանավորել, անմեղներին տանել-դատել: Եվ արդյոք ես այն մա՞րդն եմ, որ կարող է անմեղ, 20 տարեկան երիտասարդների դատել: Ես ընդունում եմ, որ շատերը կային, որ արժեր դատել, ու ես չեմ դատել, բայց ես որևէ անմեղ մարդու երբեք քրեական պատասխանատվության չեմ ենթարկել:
– Դատախազի պաշտոնը թողնելուց հետո առիթ եղե՞լ է, որ հանդիպեք սպանված երիտասարդների հարազատներին:
– Իհա՛րկե, ամեն դատական ակտից հետո ինձ մոտենում են, հատկապես, եթե չեմ սխալվում, Ռոման Մնացականյանի մայրը, և ինձ զանգահարել է 4 օր առաջ, և խնդրում էր, որ իրեն էլ հրավիրեն որևէ հեռուստատեսություն, որ ինքն էլ իր տեսակետը կարողանա ներկայացնի, թե ինչպես են այդ երեք երիտասարդները դատարանում հարձակվում ծնողների վրա ու ասում՝ «լավ ենք արել, որ Ձեր զավակներին սպանել ենք»: Թող գա այդ տիկինը խոսի:
– Որպես իրավաբան և պատգամավոր՝ Դուք չե՞ք ուզում դիմել ՄԻԵԴ-ին:
– Ես ինչո՞ւ եմ դիմում, ՄԻԵԴ-ն այդ գործով իր վճիռն արել է, մնացածը ներպետական իրավապահ մարմինների խնդիրն է, ես ասացի՝ շան գլուխը թաղված է այդ 2006 թվականի Վճռաբեկ դատարանի Քրեական գործերով պալատի որոշման մեջ: