Ռուսական օդուժի հեռացումը` քաղաքական նոր մեկնարկ
Ռուսաստանի նախագահի որոշումը` օդուժը աստիճանաբար հեռացնելու Սիրիայից, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս. բնականաբար միանշանակ չեն վերլուծումները. իրենց ձեւի մեջ իսկ հակոտնյա ընկալումներ կան որոշման նկատմամբ. որոշ կողմերի համար հանկարծակի, մյուսների համար ակնկալելի:
Պետք է մտաբերել այն, որ պաշտոնական Մոսկվան իր օդուժի ներգրավման քայլը բացատրել էր ժամկետային սահմանափակվածությամբ: Թեեւ հստակ ժամկետներ չկային ռուսական օդուժի դուրս բերման ուղղությամբ, այսուհանդերձ խոսքը որոշ առաքելություն իրականացնելու միտված լինելու եւ հետեւաբար ոչ երկարատեւ բնույթի մասին էր: Չմոռանանք նաեւ, որ տարածաշրջանում տարբեր գերտերությունների օդուժի ներգրավման գործողությունները եւս երկարատեւ բնույթ չէին ունեցել: Օդուժը պատերազմների ընթացքում, կարճաժամկետ դրվածքով գործողություն է իրականցնում եւ ընդհանրապես նպաստիչ գործ է կատարում ավելի երկարատեւ ցամաքային ընդհանուր պատերազմում:
Հասկանալի է իհարկե, տեղեկատվական պատերազմի ընթացքում կիրառվող օրինաչափությունների համաձայն մի կողմից կառավարական ուժերի եւ նրանց հովանավորող պետությունների ծայրահեղորեն քաղաքականացված արժեւորումները. ահաբեկչական խմբավորումները հաղթանակ պիտի նկատեին ռուսական որոշումը, մինչ կառավարական կենտրոնները պիտի ողջունեին ռուսական գործոնի նպաստ բերածն ու պատրաստած քաղաքական ենթահողը:
Հետաքրքրական է, որ առաջին պաշտոնական ողջունողները Բեռլինն ու Թեհրանը պիտի լինեին: Երկուսը ռազմաքաղաքական տարբեր ուղղությունների վրա են գտնվում սիրիական պատերազմի հարցով եւ առ այդ երկկողմանիությունը այս առումով հուշում է, որ ողջունված բաժինը հանգույցի ռազմական լուծումից քաղաքական եղանակով լուծելու մոտեցման ընդգծումն է:
Տնտեսական ճգնաժամում Ռուսաստանի լինելու հիմնավորումը կարող է պատճառներից լինել, բայց ոչ գլխավորը: Պատերազմները, ճիշտ է, հսկայածավալ ծախսեր են ենթադրում, բաց նաեւ արդյունաբերություն են: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները այն աստիճանի չեն, որ ռուսական գործոնը հետ կանգնեցնեն աշխարհաքաղաքական նման հրատապություն ունեցող խնդրում տիրական մասնակցությունից:
Քաղաքական տրամաբանությանը եւ իրատեսությանն ավելի մոտ է հնչում Սիրիայի խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական զորքի (այս պարագայում օդուժի) հեռացումը` ընտրությունների օրինականացմանը նպաստելու վարկածը:
Այս բոլորը սակայն ինչ որ տեղ երկրորդական նշանակություն կունենան:
Ռուսական օդուժի ներգրավումը կամ ուղղակի այս աստիճանի մասնակցությունը չէր կարող համաձայնեցված չլիներ Վաշինգտոնի հետ: Եթե ընդունինք այս տրամաբանությունը, ապա ընդունում ենք նաեւ որ հեռացումը եւս նույն համաձայնեցվածությունը ապահովել էր:
Ռուսական օդուժի հեռացումը ամենեւին չի նշանակում ռուսական վերահսկողության չեզոքացում. ռուսական ռազմանավերը սիրիական ջրերում են, եւ շարունակվում է ամեն տեսակի ռուսական օժանդակությունը այսօրվա վարչակարգին: Վաշինգտոնն ու Մոսկվան որոշ ծրագրերի համար շարունակում են համադրել իրենց ռազմաքաղաքական ժամացույցների սլաքները:
Այս առումով, նորագույն իրադարձությունը որոշ լույս է սփռում: Պարզ է դառնում, որ քրդերը պիտի հայտարարեն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա դաշնային համակարգի ստեղծման մասին: Տարածքները պիտի կոչվեն Հյուսիսային Սիրիայի դաշնություն: Եզրում քրդական բառակապկցության բացակայությունը նշանակում է, որ այդ միավորմանը կներառվեն նաեւ այլ ազգաբնակչություններ եւս:
Այս իրողությունը կարող է նախանշել մոտ-հեռանկարային իմաստով Սիրիայում նոր ձեւավորման սկիզբը: Բայց այս դեպքում, խնդիրը կապելով ռուսական օդուժի հեռացման որոշմանը, խոսքը նոր գործընթացների աշխարհաքաղաքական համաձայնեցվածության մասին է:
Հրադադարը եւս համաձայնական էր. դա վերաբերում էր նաեւ թուրքական տարածքներից Սիրիայում քրդական հենակետեր ռմբակոծելու արգելքին: Ի պատասխան Անկարայում մեծ պայթյունին՝ Թուրքիան հրթիռակոծում էր Իրաքի քրդերին եւ լուռ մնում Սիրիայի քրդերի նկատմամբ:
Ռուսական օդուժի հեռացումը կարող է նկատվել քաղաքական շրջադարձային փուլի նախասկիզբ: Այդ գործընթացին կներառվի քրդական գործոնը, որ հայտնաբար կվայելի թե՜ Վաշինգտոնի եւ թե՜ Մոսկվայի աջակցությունը: Այս գործընթացներից անհանգիստ լինելու պատճառներ ունի Անկարան: Ի վերջո, իր առաջադրած անվտանգության գոտու փոխարեն, ձեւավորվելու ընթացքում է Հյուսիսային Սիրիայի դաշնությունը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր