Որքանո՞վ է իրատեսական Մինսկի ձևաչափի ընդլայնումը
Ադրբեջանը հաստատակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափի փոփոխության հարցում։ Ադրբեջանի իշխանությունները նման առաջարկով այս անգամ դիմել են Գերմանիային, որն այս տարի ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովն օրերս նշել է, որ գերմանացիներին առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամբողջական ձևաչափով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Ազիմովը նաև ընդգծել է. «Մինսկի խմբի ամբողջական ձևաչափի կիրառումը միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ կիրառվող հավելյալ ճնշման միջոց կարող է դառնալ։ Կարծում եմ, որ, ասենք, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել»։ Ադրբեջանցի դիվանագետը հիշեցրել է, որ վերջին անգամ Մինսկի խումբը լիագումար նիստեր հրավիրել է 1995-96 թվականներին, ինչից հետո բանակցային ողջ գործընթացը պարփակվել է երեք համանախագահ պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի շրջանակում։ «2012 թվականին, երբ լրանում էր Մինսկի գործընթացի 20-ամյակը, Ադրբեջանն առաջարկեց Մինսկի կոնֆերանսի (լիագումար) նիստ հրավիրել։
Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, միանշանակորեն աջակցեցին մեր այդ առաջարկին։ Չնայած դրան, նախաձեռնությունն այդպես էլ իրականություն չդարձավ»,- ասել է Արազ Ազիմովը՝ հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան կարգավորման ճանապարհին պարբերաբար ծագող հիմնական խոչընդոտներից մեկը համանախագահ պետությունների միջև առկա տարաձայնություններն են։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով, սակայն, քիչ հավանական է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվի, քանի որ դա չի համապատասխանում նախևառաջ՝ Ռուսաստանի շահերին։
«Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմի վերսկսման որևէ շահագրգռություն չունի։ Մոսկվան արդեն իսկ ներքաշվել է Սիրիայում ընթացող պատերազմում, և նոր ռազմաճակատի ի հայտ գալը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում։ Բայց եթե պատերազմն այնուհանդերձ սկսվի, Ադրբեջանն այն վարելու է իր տարածքում, վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը և հայկական տարածքներ չի ներխուժելու։ Նման պայմաններում Ռուսաստանի միջամտությունը ի պաշտպանություն հայերի իրավական որևէ հիմք ունենալ չի կարող։ Այդ դեպքում հայերի կողմից պարբերաբար հիշատակվող Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների կիրառումը պարզապես անհնարին կլինի և իրավական տեսանկյունից՝ ոչ ճիշտ», – հայտարարել է Ազիմովը։
Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ԵԱՀԿ նախկին գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը երկու տարի առաջ իր՝ Ադրբեջան կատարած այցից հետո Հայաստանում հայտարարեց, որ Ադրբեջանն ունի ինչ-որ գաղափարներ, որոնք ներկայացրել է ՄԽ ձևաչափն ընդլայնելու վերաբերյալ։
«Սակայն դա պետք է լինի կոնսենսուսային որոշում»,- ասել էր նա։ Ադրբեջանն այդ փուլում ցանկանում էր եռանախագահների ձևաչափը համալրել Թուրքիայով կամ Գերմանիայով, ինչը տապալվեց։
Նախորդ տարի ևս քննարկումներ տեղի ունեցան Մինսկի խմբի կոնֆերանս հրավիրելու հարցի շուրջ։ 2015թ. մարտին Մինսկի խմբի համանախագահները մեկնեցին Մինսկ, որտեղ Ղարաբաղյան կարգավորման քննարկումների ֆոնին քննարկվեց նաև Մինսկի կոնֆերանս հրավիրելու հնարավորությունը, որի մասին խոսեց նաև Բելառուսի ԱԳ նախարարը։ Սակայն հակամարտող կողմերի էական տարաձայնություններն այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա պետք է պատրաստվեր համապարփակ համաձայնագրի նախագիծը, թույլ չի տալիս ձևաչափ փոխել կամ ամփոփիչ կոնֆերանս հրավիրել։
Նշենք, որ երբ 1992 թվականին ստեղծվել է Մինսկի խումբը, նախատեսվել է նաև Մինսկի ամփոփիչ կոնֆերանսի կազմակերպում հակամարտության վերջնական կարգավորման ժամանակ։ Սակայն մինչ օրս նման կոնֆերանս չի հաջողվել կազմակերպել։
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հիշեցրեց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի տարեսկզբյան խոսքերն այն մասին, որ Գերմանիան ցանկանում է իր նախագահությամբ դրական դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը, Շվեյցարիան, Գերմանիան կամ այլ շահագրգիռ կողմեր առաջարկում են օգտագործել Մինսկի խմբի ամբողջական ձևաչափը, և քանի որ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Գերմանիան օգտագործելու է ԵԱՀԿ բոլոր հնարավորությունները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում բեկում գրանցելու համար, ապա այս ձևաչափը կարող է լինել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերից մեկը։
Հասկանալի է, թե ինչպիսի սպասելիքներ ունի այս առաջարկությամբ հանդես եկող Ադրբեջանը, սակայն չեմ կարծում, որ ներկայումս նույնիսկ այս ձևաչափով կոնֆերանսի հրավիրումը կարող է բեկում մտցնել բանակցային գործընթացում, քանի որ գլխավոր բանակցողներն այնուամենայնիվ կողմերն են, ապա՝ եռանախագահողները, իսկ Թուրքիայի և Գերմանիայի վրա հույս դնել պետք չէ։
Չէ՞ որ այդ մասին շատ է խոսվել։ Սակայն ինչ Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, երբեք չի խոսել կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի կամ նախաձեռնությունների մասին»,- ասաց Հալբախը։
Վերջինս նշեց, որ Գերմանիան, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնի բոլոր կառուցողական առաջարկները։ Սակայն գերմանացի վերլուծաբանը հորդորեց նաև մեծ հույսեր չկապել Գերմանիայի հետ, քանի որ Գերմանիան ներկայումս հետաքրքրված է ԼՂ հակամարտության գոտով միայն իր ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ։ «Առանձին Գերմանիան միշտ այս հակամարտությունը դիտարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության գոտի, որում ինքն առանձին անելիք չունի»,- ընդգծեց Հալբախը՝ շարունակելով, որ կա առանձնահատուկ վերաբերմունք հակամարտության նկատմամբ, հաշվի առնելով վտանգավոր հարևանությունը և հակամարտությունները, որոնք արդեն իսկ չլուծված հակամարտությունը մեծ վտանգի տակ են դնում։ «Սրանով է պայմանավորված Գերմանիայի էլ ավելի զգուշավոր ու ուշադիր մոտեցումը»,- նկատեց Հալբախը։
Մեզ հետ զրույցում Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանն ասաց, որ Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության նոր մոտեցումների վերաբերյալ շատ բան հայտնի չէ, նոր գործողություններ չկան։ «Սակայն անհանգստացնող է Գերմանիայի թուրքամետ դիրքորոշումը։ Այսօր և՛ Գերմանիան, և՛ Եվրոպական միությունն ավելի թուրքամետ են դարձել, քանի որ իրենց կախված են զգում Թուրքիայից՝ փախստականների հարցում, ու դա իր մասին հիշեցնում է նրանց վարած քաղաքականության մեջ։ Սրանից է, որ պետք է զգուշանալ»,- ասաց Քոչարյանը։
Նրա համոզմամբ, այնուամենայնիվ, Գերմանիան այսօր շատ ավելի կենտրոնացած է եվրոպական խնդիրների վրա, քան հարավկովկասյան։ «Պարզապես աշխարհն այսօր փոխվել է, և դա բոլորն են հասկանում՝ փորձելով հավելյալ ուշադրություն դարձնել առկա բոլոր հիմնախնդիրների վրա»,- ասաց Քոչարյանը։