Էրդողանը պետք է կա´մ փոխվի, կա´մ հեռանա. The Washington Post
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մորթ Աբրամովիցը և Էրիկ Էդելմանը «Թուրքիայի Էրդողանը պետք է բարեփոխվի կամ հրաժարական տա» խորագրով հոդված են հրապարակել հեղինակավոր The Washington Post-ում՝ քննադատելով Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը:
2003 թվականին, երբ Էրդողանն ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը եկան իշխանության, նրանք երկիրն առաջ էին մղում տնտեսական ու քաղաքական զարգացման ուղով: Նրանք ուժեղացրին թուրքական տնտեսությունը, բարելավեցին հարաբերությունները հարևանների հետ: Թուրքիան ձգտում էր Եվրամիություն, սակայն հետո ամեն ինչ փոխվեց, նշված է հոդվածում:
«Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան աստիճանաբար ընկղմվում է ավտորիտարիզմի ու անկայունության մեջ: Իշխանությունների կողմից ընդդիմադիր մեդիախմբերից մեկի գրավումը, որի կազմում ներառված էր ամենամեծ տպաքանակն ունեցող թերթը ( Zaman), ընդամենը հերթական վկայությունն է, թե ինչպես Էրդողանը չի արդարացրել իր երկրի պոտենցյալը:
Սակայն հիմա դժվար է խոսել ժողովրդավարության ծաղկման մասին: Առաջին գործը մամուլի գործերին միջամտելու վերաբերյալ, այդ թվում՝ 2,5 մլրդ դոլարով մեդիա-հոլդինգին 2009թ. տուգանելու ու 2007-ին ճնշումը Hurriyet թերթի վրա՝ պահանջելով աշխատանքից հեռացնել լրագրողին, կուսակցության առաջին քայլերն էին մամուլին լռեցնելու ուղղությամբ: Ճնշման տակ հայտնվեց նաև քաղաքացիական հասարակությունը՝ 2013թ. Գեզի այգում ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը դաժան հաշվեհարդար տեսավ:
Հազարավորների թվում, որոնց մեղադրեցին Էրդողանին վիրավորելու մեջ, կար նաև 13-ամյա մի տղա, իսկ նման մեղադրանքով իր կնոջ դեմ հանդես եկավ մի թուրք ամուսին: Տասնյակ հազարավոր երեխաների, այդ թվում՝ ոչ մուսուլման, բռնությամբ ուղարկում են իսլամական դպրոցներ: Հիմա, երբ Էրդողանը ցանկանում է փոխել երկրի Սահմանադրությունը, որպեսզի անձեռնմխելի դարձնի նախագահի պաշտոնը, նման խախտումները կարող են միանգամայն նորմա դառնալ»,- գրում են հոդվածի հեղինակները:
Նրանց խոսքով՝ Սիրիայի հակամարտությունում աջակցելով ծայրահեղականներին, Թուրքիան ներկայում անձամբ է քաղում ահաբեկչության պտուղները՝ պայթյուններ Ստամբուլում ու Անկարայում, սակայն Թուրքիան շարունակում է պնդել, թե սիրիացի քրդերի խմբերն են ամենամեծ սպառնալիքը ներկայացնում, այլ ոչ թե ԴԱԻՇ-ը կամ «Ան-Նուսրան»:
Քրդերի հետ բանակցությունների ձախողումը 2015թ. ապասառեցրեց հակամարտությունը, որը, ինչպես շատերն էին հույս փայփայում, ուր որ է, հանգուցալուծվելու է: Ու հիմա իշխանությունները չունեն ոչ մի պլան՝ ինչպես կասեցնեն այդ հակամարտությունը կամ այն հաղթեն:
«Մենք կարծում ենք, որ ուժեղ, կայուն և ժողովրդավարական Թուրքիան ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է: Սակայն դրա համար հարկավոր է, որ դա ցանկանա նաև կառավարությունը: Եթե Էրդողանը ցանկանում է ավելի վառ ապագա իր երկրի համար, ապա նա պետք է կա´մ փոխվի, կա´մ հեռանա»: