Բաժիններ՝

«Այդ զանգից ընդամենը չորս օր անց իմ տղային սպանեցին». մահացած զինծառայողի մայր

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի չբացահայտման մեջ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը միտում է տեսնում: Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ չի կարծում, թե իրավապահ մարմիններն այդքան պրոֆեսիոնալ չեն:

«Անպատկերացնելի վիշտը՝ մի կողմ, որը երևի երբեք չի սփոփվի, բայց այս ծնողներն ամեն դեպքում գոնե ուզում են իմանալ, թե որն է եղել իրենց երեխաների մահվան պատճառը, և ովքեր են մեղավորները: Պարզապես քանի տարի է՝ պայքարն ընթանում է, հետո բետոնե պատի առաջ է կանգնում, և որևէ մեկը չի պատժվում: Ես չեմ բացառում, որ կարող են քրեական գործեր լինել, որոնք չբացահայտվեն: Այդպիսիք կարող են լինել փողոցում կատարված սպանությունը, նույնիսկ ահաբեկչության տարբեր դրսևորումներ, և այլն, բայց պետական հիմնարկում, այն էլ՝ զինված ուժերում, ոչ պատերազմական գործողությունների ժամանակ, ոչ դիվերսիայի ժամանակ, երբ սպանություն է տեղի ունեցել, դրա չբացահայտումը բերում է տարբեր մտահոգությունների: Ես համարում եմ, կարծում եմ, համոզված եմ, որ մեր իրավապահներն այդքան ոչ պրոֆեսիոնալ չեն, որ չկարողանան բացահայտել փակ տարածքում տեղի ունեցած սպանությունը: Սա է ամենամտահոգիչը, թե ինչպես կարող է դա չբացահայտվել»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, պատմեց, որ որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով կոչվող զորամասում՝ որպես վարորդ: 2009թ. նոյեմբերին նա զորակոչվել է բանակ, իսկ 2010թ. մարտի 5-ին իրենց են հանձնել որդու անշնչացած մարմինը: Նրա խոսքով՝ պաշտոնական վարկածի համաձայն՝ տեղի է ունեցել ինքնասպանության դրդում. ըստ դրա՝ զինծառայողը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Սակայն, Նանա Մուրադյանի խոսքով՝ որդու պարանոցին երկու պարանի հետք է եղել, մարմնի վրա եղել են բազմաթիվ հետքեր, սակայն մինչ այսօր պատասխաններ չեն ստացել, թե որտեղից են առաջացել այդ հետքերը: Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ ակոսին զուգահեռ՝ մուգ կարմիր գույնի ժապավենաձև արյունազեղում կա, սակայն մինչ օրս բացատրություն չի տրվել, թե ինչից է դա առաջացել: Զինծառայողի մայրը պատմեց, որ 2011թ. քրեական գործի վարույթը կասեցվել է, նախագահ Սերժ Սարգսյանի՝ ճաղերի մոտ տված խոստումներից հետո, քրեական գործի վարույթը վերսկսվել է, սակայն 2015թ. կրկին վարույթը կասեցվել է, ինչի մասին իրեն նույնիսկ պատշաճ չեն տեղեկացրել, դրա մասին իմացել է Ազգային ժողովում: Նա նշեց, որ այդ որոշման դեմ իրենք բողոք են ներկայացրել:

Նանա Մուրադյանի խոսքով՝ 2011թ., այժմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրատվամիջոցներից մեկով հայտարարել է, որ Վալերիկ Մուրադյանը զորամասում բազմաթիվ չարաշահումների ականատես է եղել, քննությունը շարունակվում է, ինչի գաղտնիությունից ելնելով՝ մանրամասներ չեն կարող հրապարակել: Զինծառայողի մոր խոսքով՝ դրանից հետո իր մոտ հույս է առաջացել, որ հնարավոր է՝ որևէ բան պարզվի, սակայն մինչ օրս որևէ բան չի արվել: «Դեպքից 4 օր առաջ իմ տղան զանգել է տուն, ասել է՝ մամա, վառելանյութի գողության եմ ականատես եղել (ես վառելանյութ եմ ասում, որովհետև կոնկրետ հիմա չեմ հիշում՝ բենզին կամ սալյարկա ասաց), ասաց, որ իրեն գումար են առաջարկել՝ 3000 դրամ, ինքը չի համաձայնել: Ասացի՝ վա՜յ, Վալեր ջան, գործ չունենաս հանկարծ դրանցից, ասաց՝ չէ, մամա, մի վախեցի, ես ասել եմ՝ ինձ պետք չէ: Այդ զանգից ընդամենը չորս օր անց իմ տղային սպանեցին, մահացած բերեցին»,- պատմեց Նանա Մուրադյանը:

Մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, պատմեց, որ որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղում, եղել է հետախույզ: 2010թ. դեկտեմբերի 17-ին իրենց զանգահարել են և ասել, որ նա կոմայի մեջ է, տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նա նշեց, որ որդին վիրահատվել է, սակայն մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Արթուր Ղազարյանը մահացել է գլխի ուռուցքից: «Տղաս մահացած էր: Դեկտեմբերի 20-ի առավոտյան մեզ ասացին՝ երեխային կնքեք: Կնքելու ժամանակ, երբ տեր հայրը երեխայի բերանի մեջ պիտի նշխարքը դներ, տեսան, որ բերանն ամբողջությամբ սոսնձով փակված էր»,- ասաց զինծառայողի մայրը:

2011թ. քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Զինծառայողի մայրը պատմեց, որ որդու մահվանից որոշ ժամանակ անց գնացել են քննչական բաժին, պահանջել որդու հագուստները, և իրենք տեսել են, որ ձմեռային բուշլատն ամբողջությամբ արյուն է եղել.

«Ես հարցնում եմ՝ այս ի՞նչ է կատարվում: Եթե իմ տղային ուռուցքով բերել եք հիվանդանոց, ասում եք՝ իր ոտքով վերտալյոտ է նստել, բա ինչի՞ց է ամբողջ ձմեռային բուշլատն արյունոտ: Քննչական բաժնում ասում են՝ երակային են մտել, շպրիցը թռել է դուրս, բուշլատն ամբողջությամբ արյան մեջ է»:

Իրականում, ըստ նրա, որդուն Լեռնային Ղարաբաղից մահացած են տեղափոխել: Նրա խոսքով՝ գլխին առկա են եղել վնասվածքներ, որոնցից մեկը բութ գործիքով հարվածի հետևանք է: Իրինա Ղազարյանի խոսքով՝ վկա կա, ով զորամասում սպանության պահը տեսել է, սակայն «նրան երկրից հանեցին, որ վկայություն չտա»: Նա նշեց, որ հույսը չի կտրում, ամեն ինչ կախված է Բաղրամյան 26-ից, եթե դա փոխվի, տղաների մահվան գործերը կբացահայտվեն: Նանա Մուրադյանն էլ հավելեց, որ անպատժելիության մթնոլորտն է նոր սպանությունների պատճառ դառնում. «Հուսահատվել եմ, բայց ես չեմ կարող հանձնվել: Ես չեմ կարող տանը նստել: Ես ինձ մեղավոր եմ զգում երեխուս առաջ՝ ասում եմ՝ ո՞նց թե երեխուս սպանեն՝ գամ-նստե՞մ: Բա մեղավորը գոնե չպատժվի՞»:

Ավետիք Իշխանյանն էլ ասաց, որ պետք է շարունակել պայքարը, պետք է հույս ունենալ, որ կփոխվի իշխանության բնույթը: «Ես այսօր՝ մեկամսյակի կապակցությամբ, դիմում եմ պատգամավոր բոլոր կանանց: Ես խնդրում եմ, դուք մայր եք, օգնեք, վերջապես մայր եք, մի օր ձեր դուռն էլ կիջնի այս ամեն ինչը: Ոչ մեկն ապահովված չէ այս երկրում: Թող վերջապես այս հարցերին լուծում տան, մեղավորները պատժվեն, որ բանակում սպանությունները չշարունակվեն: Ես չեմ ուզում՝ ոչ մի մայր իմ օրն ընկնի: Ես իմ երիտասարդ տարիքում հիմա ոչ մի բանի հետաքրքրություն չունեմ: Ես մահացած մարդ եմ, բայց ապրում եմ՝ հանուն նրա, որ իմ երեխուն սպանողը պիտի պատժվի: Ես չեմ հանգստանալու»,- ասաց Նանա Մուրադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս