Ինչպե՞ս է Ռուսաստանը Հայաստանի միջոցով Ադրբեջանին համոզում վճարել

Փետրվարից մեծ թափ առած Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի բանակցությունները դեռ շարունակվում են։ Փետրվարի 25-ին և 27-ին Պուտին-Ալիև հեռախոսազրույցներին հաջորդեցին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան։ Օրերս մոսկովյան «Комерсанть»-ը գրեց, որ այս ամենը պայմանավորված է ՌԴ-Ադրբեջան զենքի գործարքում առաջացած խնդիրներով։ Ըստ ռուսական այս պարբերականի՝ միջազգային շուկայում նավթի գների անկման պատճառով Ադրբեջանն ի վիճակի չէ վճարել նախկինում Ռուսաստանից ձեռք բերված սպառազինության դիմաց, որի շուրջ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ վարելու նպատակով Ադրբեջան էր մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

«Комерсанть»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ծագած հիմնական խնդիրները վերաբերում են տարիներ առաջ կնքված համաձայնագրերի կատարմանը։ «Գլխավոր խնդիրը հետևյալն է՝ Ադրբեջանը գումար չունի»,- մեջբերում է իր զրուցակիցներից մեկին թերթն ու պնդում, որ «Բաքվի պատվիրած տեխնիկան պատրաստվել է և առաքվել, սակայն շարունակում է անշարժ մնյալ նավահանգստում՝ սպասելով հարցի լուծմանը»։

«Ադրբեջանը խոշոր խաղացող է զենքի շուկայում, և Ռուսաստանը մտադիր չէ նրան կորցնել։ 2010-2014թթ. Բաքուն Մոսկվայի հետ կնքել է C-300 տիպի զենիթահրթիռային կայանքների երկու դիվիզիոնների, Top-2 Ծն զենիթահրթիռային համակարգերի, շուրջ հարյուր ռազմական և տրանսպորտային ուղղաթիռների, հարյուրավոր տանկերի, սպառազինության մի շարք այլ տեսակների ձեռքբերման մասին պայմանագրեր։ Դրանց ընդհանուր ծավալը հասնում էր 4 մլրդ դոլարի, և մի շարք աղբյուրների տեղեկություններով՝ պայմանագրերի մեծ մասը կյանքի է կոչվել»,- նշում է թերթը։ Պարբերականը մատնանշում է նաև Ադրբեջանի արձագանքը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված զենքի վարկին (200 մլն դոլար), որի կապակցությամբ Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հղել։

Ռոգոզինի վարած բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ չհրապարակվեցին։ Պարզապես նրա այցին հաջորդեց Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի այցը Բաքու, որի օրակարգում են տարբեր մակարդակներում երկկողմանի շփումների հեռանկարները, Հարավային Կովկասի խնդիրները։ Սակայն այս այցը մի շարք վերլուծաբանների առիթ է տվել կանխատեսել, որ Ռոգոզինին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Ադրբեջանի իշխանությունների հետ, ուստի Բաքու է ուղարկվել Կարասինը։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ մինչ այս բանակցությունները Ռուսաստանը հրապարակեց Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլար արժեքով վարկային համաձայնագրի մանրամասները և այն զինատեսակների ցանկը, որոնք ձեռք են բերվելու դրա շրջանակումգ Հիշեցնենք, որ խոսքը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, «Իգլա-S» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգի, «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռների, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրի, «Տիգր» տեսակի զրահամեքենաների, տանկային V-84 շարժիչի՝ 840 ձիաուժ հզորությամբ, հետևակի մարտական մեքենաների УТД-20 շարժիչի՝ 300 ձիաուժ հզորությամբ, 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորման, РПГ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետի, СВД 7,62մմ-անոց դիպուկահար հրացանի, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումների, ականազերծման անհատական հանդերձանքի, ականորսիչ սարքի, զորային էքսկավատորի, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկների, կապի համար նախատեսված միջոցների, ավտոտեխնիկայի մասին է։

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում են էլ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել սպառազինության բիզնեսին, որը, ինչպես՝ ֆինանսական, այնպես էլ քաղաքական լծակ է Կրեմլի համար։

«Իսկ սպառազինության վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին, նորություն չէ, որ բիզնես է Ռուսաստանի համար։ Այստեղ ոչինչ չի փոխվել՝ Ռուսաստանը վաճառում է զինամթերք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդպիսով պահելով նաև ուժային հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև, նաև գումար է աշխատում»,- ասաց Ֆելգենգաուերը։ Վերջինիս խոսքով, չի բացառվում, որ Հայաստանին տրամադրվելիք զինացուցակի հրապարակումն ամենևին էլ պատահական չէր։ «Գուցե դրանով Ռուսաստանը ցանկացավ ասել Ադրբեջանին, որ պետք է շտապել վճարումների հարցում, քանի որ Հայաստանն արդեն նման հզոր զինատեսակներ ունի, քանի որ շրջանառության մեջ դրված ցանկում բավականին հզոր ու ժամանակակից զինատեսակներ են ընդգրկված, որոնցից Ադրբեջանը պետք է զգուշանա։

Այստեղ ամեն ինչ շատ պարզ է՝ Ռուսաստանի ռազմավարությունն Անդրկովկասում վերջին տարիներին չի փոխվի, և միջազգային հարաբերությունները հուշում են, որ այն ապագայում ևս չի փոխվելու։ Իր այս քաղաքականությամբ Ռուսաստանը փորձում է պահել իր դիրքերն Անդրկովկասում, որտեղ Ադրբեջանը Ռուսաստանի համար բավականին մեծ կարևորություն ունի, և զենքի համար չվճարելը Ռուսաստանի համար անհանգստության լուրջ թեմա է, ուստի ռուսական կողմը ջանք չի խնայում այս հարցը շուտափույթ լուծելու համար»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։ Վերջինիս համոզմամբ, ռուսական կողմին հաջողվելու է լուծել այս հարցը։

ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «168 Ժամի» հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց իր դիրքորոշումը Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան զենքի գործարքների վերաբերյալ՝ ասելով, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը չի խախտում իր դաշնակցային պարտավորությունները, ավելին՝ Հայաստանի հակառակորդին է՛լ ավելի կանխատեսելի է դարձնում։ Ռուս վերլուծաբանը կասկածանքով նշեց, որ գուցե այս երկու զարգացումների միջև ուղիղ կապ չպետք է փնտրել։ Ինչ վերաբերում է հարցին, թե Բաքուն չունի միջոցներ ռուսական սպառազինության համար վճարելու, նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է հասկանան, որ որքան քիչ սպառազինություն կարողանա գնել Ադրբեջանը, Հայաստանի գործերն է՛լ ավելի լավ են լինելու ԼՂ հակամարտությունում։

«Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև, ինչն էլ անում է ներկայումս, ու, եթե այս ֆոնին Ադրբեջանը պակասեցնում է զինտեխնիկայի գնումը, ապա մեզ համար ԼՂ հակամարտության կողմերի միջև հավասարակշռությունը վերականգնելու հարցը շատ ավելի հեշտանում է։ Ես՝ որպես ռազմական փորձագետ, կարևորում եմ ռազմական հավասարակշռությունը հատկապես այնպիսի տեսակների դեպքում, ինչպիսիք են ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ» ծանր կրականետային համակարգը, կրակի ռեակտիվ «Ուրագան» համակարգը։ Սրանք այն համակարգերն են, որոնց հարցում պետք է հավասարակշռություն լինի»,- ակնարկեց Եվսեևը։

Մեր պնդմանը, թե ի՞նչ նպատակով է շրջանառության մեջ դրվել գաղտնի ռազմական տեղեկությունը՝ վտանգելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի անվտանգությունը, Եվսեևը պատասխանեց, որ այն համակարգերը, որոնք ինքը մատնանշեց, ինչպես նաև՝ այլ հզոր զինատեսակներ կան այն ցուցակի մեջ, որը հրապարակվել է։

«Այսինքն՝ այդ զինատեսակները Հայաստանը ստանալու է, որը լուծելու է Հայաստանի անվտանգության մի շարք խնդիրներ ԼՂ հակամարտությունում, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել ուժերի հավասարակշռությունն այդ սպառազինությունների տեսանկյունից, իսկ այն, որ Ադրբեջանը չի գնում սպառազինություն Ռուսաստանից, նշանակում է, որ այդ հավասարակշռությունը շուտ է վերականգնվելու»,- նկատեց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս