Ռեհանը՝ երկարակեցության գաղտնիք
Հնդկաստանում ռեհանը համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում: Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այնքան հզոր է, որ այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:
Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի արևադարձային շրջանները, որտեղ, ի տարբերություն Եվրոպայի, ուր ռեհանը հասել է միայն 16-րդ դարում, այն լայն տարածում է ունեցել խոհանոցում ավելի քան 5000 տարի: Իսկ հենց նույն «Ocimum» անվանումը ծագել է հունարեն «արքա» բառից: Ռեհանը մեծ տարածում ունի նաև Կովկասում, որտեղ էլ ասում են.՝ «նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»:
Ռեհանի օգտակար հատկանիշները
Նախևառաջ՝ ռեհանը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում: Բարձր ջերմությունը, ինքնին, հիվանդություն չի համարվում, սա նախանշան է, որ օրգանիզմը պայքարում է որևէ ինֆեկցիայի դեմ:
Մարմնի ջերմաստիճանի բարձրացում կարող են առաջացնել տարատեսակ վիրուսները, բակտերիաները, սնկային հիվանդությունները կամ ալերգիկ երևույթները: Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ միջոց, և բակտերիասպան, սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ՝ այն արդյունավետ կերպով ազդում է ջերմաստիճանի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:
Մեծ քանակությամբ վիտամի С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կանխարգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթային համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Այս բույսի բաղադրության մեջ մտնող տարրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջանառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստանում է այդքան անհրաժեշտ կալիումը:
Ռեհանի թուրմ
1ճ/գ չորացրած ռեհանի կամ 30 գրամ թարմ ռեհանի վրա լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի կես ժամ: Ապա քամեք և օրական 3 անգամ 1/3 բաժակ խմեք այս թուրմից՝ ուտելուց 30 րոպե հետո:
Հակացուցված է՝ հղիներին, բոլոր նրանց, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել, ինսուլտ, ունեն թրոմբոֆլեբիտ կամ ներքին վերջույթների թրոմբոզ, էպիլեպսիա, սրտի իշեմիկ հիվանդություններ, արյան ցածր մակարդելիություն, սրտանոթային հիվանդություններ:
Ռեհանը մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում: Փոքր չափաբաժնով սնդիկը դրական ազդեցություն ունի, այն պաշտպանում է օրգանիզմը վնասակար բակտերիաներից, սակայն մեծ չափաքանակի դեպքում կարող է վնասել օրգանիզմին: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ռեհանով բուժման դեպքում պահպանել չափաբաժինը: Այս նույն պատճառով էլ ռեհան խորհուրդ չի տրվում մինչև 7 տարեկան երեխաներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը