Շահասպրամ՝ էնդեմիկ ռեհանը
Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա բույս է: Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, մինչև 40-80 սմ բարձրությամբ: Արմատն առանցքային է, բազմաթիվ կողային ճյուղավորումներով: Տերևները, ցողունը և ծաղկաբաժակները ծածկված են մազիկներով, որոնց մի մասի բջիջներում կան եթերային յուղեր պարունակող գեղձիկներ: Ծաղիկները սպիտակ, ծիրանագույն կամ բազմերանգ են՝ հավաքված ճյուղերի գագաթային մասում գտնվող հասկանման ծաղկաբույլերում: Պտուղը պարունակում է 4 հատ կլորավուն սերմեր, որոնք ծածկված են ամուր, մուգ գույնի թաղանթով: Սերմը պարունակում է զգալի քանակությամբ լորձ, մոտ 10 տոկոս ճարպայուղ:
Բազմանում է բացառապես սերմերով, ջերմասեր և խոնավասեր բույս է:
Սենյակային պայմաններում սերմը պահպանում է ծլունակությունը մինչև 5 տարի: Բնության մեջ բազմանում է ինքնացան եղանակով:
Տարբերում են ռեհանի 2 հիմնական տեսակ՝ կամֆորային և էվգենոլային: Առաջին տեսակի (Ocimum menthifolium) տերևները նման են դաղձի, հարուստ են կամֆորայով: Բնության մեջ տարածված է Հյուսիսարևելյան Աֆրիկայում և Արաբական թերակղզու լեռնային շրջաններում: Երկրորդ տեսակը (O. gratissumum) պարունակում է էվգենոլ, մետիլխավիկոլ, նաև կամֆորա և բույսին բնորոշ եթերային յուղ օցիմել:
Կա կարծիք, որ էվգենոլային ենթատեսակը ստացվել է դաղձատերևային և երևանյան տեսակների խաչաձևումից: Երևանյան տեսակը լայնորեն մշակվում է Ռուսաստանի հարավային մարզերում: Մեր էնդեմիկ ռեհանի տերևները կապտամանուշակագույն են, բուրմունքը նման է բուրավետ պղպեղի և թեյի խառնուրդին:
Ռեհանը հնագույն ժամանակներից հայտնի է եղել Արևելքի ժողովուրդներին: Հնդկաստանում ռեհանն անվանում են «սրբազան բույս» («տուլսի»), լատիներեն անվանումն է՝ O.basiliqum – «արքաներին արժանի բուրմունք»:
Սերբերը և ուկրաինացիները համարում են, որ ռեհանն օժտված է մոգական հատկություններով: Տարիներ առաջ ինձ նվեր էին բերել նախշազարդված և ռեհանի տերևներով լցված մի պարկիկ: Բացատրեցին, որ Մոնտենեգրոյում նման պարկիկները համարվում են լավագույն հուռութ, որը մարդուց, բնակարանից, այգուց, տնային կենդանիներից հեռացնում է զանազան չարակամությունները: Սերբերը ռեհանի ճյուղ էին դնում ծննդաբերող կնոջ կողքին և նորածին երեխայի բարուրի մեջ, որպեսզի հանգիստ քնի և «չար աչքից» զերծ մնա: Սերբ բուժարարները խորհուրդ են տալիս ռեհանն օգտագործել ցանկացած տեսակի ինֆեկցիաների դեպքում՝ ուղղակի պետք է սեղանի վրա միշտ թարմ ռեհան լինի:
Ուկրաինայում ռեհանը կախել են առաստաղներից: Աբխազները կարծում էին, որ «ով ռեհան է ծամում՝ նա երկար է ապրում»:
Արևմտյան Եվրոպայում ռեհանը հայտնի է 16-րդ դարի սկզբից, ներկայումս շատ մեծ կիրառում ունի Իտալիայում: Մշակվում է ոչ միայն սննդի մեջ օգտագործելու նպատակով, այլև կամֆորա և էվգենոլ ստանալու համար: Ռեհանից ստացվող եթերային յուղը վաճառվում է դեղատներում: Խորհուրդ է տրվում կիրառել բրոնխիտի, գրիպի, մրսածության և սարսուռի, գլխապտույտի, գլխացավի, միգրենի, դեպրեսիայի, նյարդային հոգնածության, տագնապի, ուշագնացության, պարոդոնտոզի, ստոմատիտի, դիսբակտերիոզի, դիսպեպսիայի, կոլիտի, մետեորիզմի, նախադաշտանային սինդրոմի և դաշտանի խանգարումների, մազաթափության դեպքում:
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են թարմ և չորացրած տերևները, ծաղիկը, սերմը: Տերևը հավաքեք ծաղկման շրջանում, չորացրեք օդափոխվող ծածկի տակ, ցանկալի է՝ ոչ լուսավոր տարածքում, որպեսզի պահպանվի գույնը:
Ժողովրդական դեղատոմսեր
Միզապարկի բորբոքում. Ծաղկման շրջանի սկզբում հավաքեք տերևը և ճյուղերի վերգետնյա մասը՝ չբացված ծաղիկների հետ: Աղացեք հումքը, զտեք հյութը, քամեք թանզիֆով: Հյութը խառնեք ջրի և գոլ մեղրի հետ (1:1:1): Խմեք 3-ական թ/գ՝ նախաճաշից և ընթրիքից կես ժամ հետո: Խստորեն պահպանեք չափաբաժինները և ընդունման կարգը: Շարունակեք 10 օր, կրկնեք ևս երկու անգամ՝ տասական օր ընդմիջելուց հետո:
Բկաբորբ. 20գ չոր տերևը 7 օր թրմեք 200մլ օղու մեջ, քամեք: Պահեք սառնարանում, խառնեք գոլ ջրի հետ (1:5), կատարեք ողողումներ:
Անքնություն. 1թ/գ թարմ հյութը լուծեք 100մլ կաթի, կեֆիրի կամ մածունի մեջ: Խմեք քնելուց առաջ:
Աչքերի հոգնածություն. 1թ/գ չոր (2 ճյուղիկ թարմ) տերևը թրմեք 1լ ջրում: Քամեք, լվացեք աչքերը հով թուրմով: Պայծառացնում է տեսողությունը: Կատարեք օրը 1-2 անգամ, շարունակեք 7-10 օր, ընդմիջեք 7 օր: Կարելի է դնել թրջոցներ:
Նյարդերը հանգստացնող. 15գ շահասպրամի սերմը (կամ հավասար քանակությամբ վերցված սերմը և տերևը) 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա 200մլ ջրի մեջ, 20 րոպե թրմեք, քամեք: Լցրեք լոգանքի ջրի մեջ (37C)՝ տևողությունը՝ 10-15 րոպե:
Յուղամզվածք. Ապակե տարան լցրեք թարմ տերևներով (ոչ խիտ), լցրեք այնքան չզտված արևածաղկի յուղ, որ ծածկի հումքը, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա (փակ կափարիչով): 30 օր թրմեք մութ տեղում՝ կիպ փակված տարայում, քամեք, հումքը մզեք յուղի մեջ:
Խնդրահարույց մաշկ, կորյակներ. Յուղամզվածքով մշակեք նախօրոք մաքրված մաշկը, 5 րոպեից մաքրեք բամբակե խծուծով:
Եղունգների խնամք. Յուղամզվածքը ներմերսեք եղունգների մեջ:
Ռևմատիզմ, մկանների բորբոքում. Յուղամզվածքը քսեք ցավոտ մասին, ծածկեք կալկայով, փաթաթեք շալով:
Վահանագեղձի հիվանդություններ. Յուղամզվածքը կաթեցրեք ձեռքի վրա, մերսեք կոկորդին և պարանոցին՝ ընդամենը կես թ/գ:
Ստամոքսաբորբ, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց, լյարդի և լեղապարկի հիվանդություններ, դիսբակտերիոզ, ախորժակի անկում. Օգնում են շրջանաձև մերսումները որովայնի շրջանում: Յուղամզվածքը ներմերսում են ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ որպես կենտրոն ընդունելով պորտը և հետզհետե մեծացնելով շրջանը: Նման բուժումը ճիշտ է, որ կատարի մասնագետը:
Թարախային վերքեր. Եռացրեք 250 մլ ջուր, 5 րոպե անց լցրեք 20 գ սերմ, 15 րոպե թրմեք, քամեք: Լվացեք վերքերը, թողեք չորանա:
Սրտխառնոց. Թարմ կամ չոր տերևները դրեք լեզվի տակ, լավ միջոց է, եթե դժվար եք տանում մեքենայով ուղևորությունը:
Մրսածություն. 5գ չոր (30գ թարմ) տերևը 5րոպե թրմեք 250մլ ջրում, քամեք: Խմեք կիտրոնի և մեղրի հետ:
Ռեհանը լայնորեն օգտագործվում է շատ ժողովուրդների ազգային խոհանոցներում: Չորացրած տերևի փոշին փոխարինում է բուրավետ պղպեղին և վանիլինին: Մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են, որ թարմ բույսի բուրմունքը խթանում է մտավոր ակտիվությունը, ամրացնում է նյարդային համակարգը, լավ աֆրոդիզիակ է: Թարմ տերևն ավելացնում է կերակրող մայրերի կաթը, օգտակար է վիրուսային համաճարակների, մալարիայի դեպքում: Լավացնում է շնչառությունը, ախորժակը և մարսողությունը, մեղմացնում է ատամի ցավը: Ռեհանն օգտակար է ասթենիայի (անուժականություն) դեպքում:
Զգուշացում. Խորհուրդ չի տրվում ուտել հղիներին, արյան բարձր մակարդելիության, ընկնավորության, ստամոքսի խոցի դեպքում:
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներում։