Գյուղատնտեսության փոխնախարարի խորհուրդները՝ գյուղատնտեսական աշխատանքները ճիշտ կազմակերպելու վերաբերյալ
«Ամբողջ հանրապետության տարածքում դեռևս բացված բողբոջներ չունենք։ Անցած օրերի ընթացքում, ճիշտ է, ցերեկային ժամերին գրանցվում էին բարձր ջերմաստիճաններ, բայց գիշերային ժամերին դիտվում էին բացասական ջերմաստիճաններ, ինչը ստիպում էր պտղատու ծառատեսակներին՝ գտնվել հարկադրական հանգստի փուլում, բայց առաջիկա ջերմաստիճանային կանխատեսումները ցույց են տալիս, որ գիշերային ժամերին նույնպես կլինեն դրական ջերմաստիճաններ, ինչը մտահոգության առիթ է տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Նա նշեց, որ շատերը փորձում են ժամ առաջ դուրս գալ ու գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, ինչը, ըստ նրա՝ ճիշտ չէ, ու խորհուրդ տվեց ավելորդ շտապողականություն չցուցաբերել: Նրա խոսքով՝ հիմա Տավուշի մարզում ամենուրեք պետք է իրականացնել պտղատու ծառատեսակների, խաղողի այգիների էտման աշխատանքներ, իսկ Արարատյան դաշտում այս օրերին պետք է իրականացնել միայն կորիզավոր պտղատեսակների (ծիրանենի, դեղձենի և այլն) էտման աշխատանքները. «Խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնել խորհուրդ չենք տալիս, այգեբաց դեռևս պետք չէ կատարել: Ցանքի աշխատանքների կամ բաց դաշտում սածիլացման աշխատանքի կատարման մասին որևէ խոսք լինել չի կարող, քանի որ մոտ երկու ամիս Արարատյան դաշտում ունենք վտանգավոր ժամանակահատված, երբ ջերմաստիճանային կտրուկ տատանումներ կլինեն: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ուշ գարնանային ցրտահարություններ կարող են գրանցվել ապրիլի 22-24-ին: Այդ պատճառով՝ խորհուրդ է տրվում բաց դաշտում բանջարանոցային ու բոստանային մշակաբույսերի ցանքի, սածիլացման աշխատանքները կատարել ապրիլի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում՝ ինչպիսին էլ կլինի ջերմաստիճանային ֆոնն առաջիկա ժամանակահատվածում»:
Փոխնախարարն ընդգծեց՝ վաղահաս կարտոֆիլի տունկն Արարատյան դաշտում, որպես կանոն, կատարվում է մարտի սկզբներից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում. «Խորհուրդ ենք տալիս այդ ժամանակ կատարել տունկը բաց բնահողում, իսկ սինթետիկ թաղանթների տակ դա կարող են կատարել նաև հիմա»:
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ կորուստ չունենք. «Եթե Տավուշի մարզում մի քանի վայրի սալորենու թփեր էին հայտնաբերվել՝ բացված բողբոջներով, դա պետք է համարել նորմալ երևույթ, անհանգստանալու խնդիր չկա: Ամենավաղ ծաղկող ծառատեսակը հոնենին է, հետո՝ նշենին, տխիլենին, ծիրանենին, դեղձենին, հետո՝ մյուս պտղատեսակները, այնպես որ, ինչպիսին էլ լինի ջերմային ռեժիմը, ծառերն այս հաջորդականությամբ կծաղկեն»:
Ոռոգման հետ կապված՝ նա նշեց, որ, եթե ջերմաստիճանն այսպես բարձր մնա, հնարավոր է, որ այն շուտ սկսվի, բայց ոռոգման ջրի խնդիր չունենք. «Հանրապետության ջրամբարներում բավականաչափ լուրջ ջրային պաշարներ են կուտակվել։ Ավելի քան 100 մլն խորանարդ մետրով Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝ ավելի ջուր է կուտակվել, Արտաշատի ջրամբարում՝ 8մլն խմ ավելի շատ ջուր, Ապարանի ջրամբարում՝ 3 մլն խմ, Սևանա լճի մակարդակը մոտ 13 սմ-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից: Այնպես որ, ջրային ռեսուրսների խնդիր չպետք է ունենանք, մանավանդ որ, բարձրադիր գոտում դեռ բավականաչափ լուրջ ձյան ծածկույթ կա։ Ջրի պաշարները բավարար կլինեն»։
Հարցին՝ ճի՞շտ է, որ առատ բերքատվություն ունեցող տարուն հաջորդում է քիչ բերքատվությամբ տարին, և այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, բերքը քիչ կլինի, նա պատասխանեց, որ դա սխալ կարծիք է. «Կա պտղապարբերականության երևույթ, որը միայն նկատվում է հնդավոր պտղատեսակների մոտ (խնձորենի, տանձենի), բայց կախված այգեգործի ճիշտ աշխատանքից՝ հաջողվում է կարգավորել այդ երևույթը: Իսկ կորիզավոր պտղատեսակների, կոնկրետ՝ ծիրանենու համար, եթե լինեն բարենպաստ ջերմաստիճանային պայմաններ, եթե ծաղկման փուլում բացասական ջերմաստիճաններ չգրանցվեն, ու հետագա ժամանակահատվածում՝ նույնպես, ապա չի բացառվում, որ կարող է մի քանի անգամ գերազանցել նախորդ տարիների ցուցանիշը, այնպես որ, չկա նման բան: Նույնը՝ բանջարաբոստանային մշակաբույսերի մոտ»: