«Տնտեսական բարգավաճման հասնելու լավագույն տարբերակը տաղանդավոր մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է»
Այսօր ՀԲԸՄ Երևանի կենտրոնատեղիում մեկնարկեց «Երկրորդ TEDxSalon@Yerevan» միջոցառումը, որի ընթացքում կազմակերպված «Ֆորում Մագնում» խորագրի ներքո մի խումբ բանախոսներ հանդես եկան մարդկային կապիտալի, լավ կառավարման, էթիկայի սահմանների և կառավարության ու քաղաքացիների արդյունավետ երկխոսության մասին ելույթներով։ Միջոցառմանը մասնակցում էին հրավիրված միայն 100 մասնակիցները։
Միջոցառումը վարելու պատիվն ընձեռված էր ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին, ով իր բացման խոսքում ընդգրկուն կերպով անդրադարձ կատարեց հավաքի նպատակներին, մասնավորապես՝ ընդգծեց, որ միջոցառման նպատակն է՝ քննարկումների ձևաչափով խթանել Հայաստանի մտածողների և իրագործողների համայնքի ներսում տեղի ունեցող զարգացումները, զարգացման մեխանիզմներն ու հնարավոր տարբերակները։ Այնուհետև Բրեդլի Բուզետտոն ներկայացրեց TEDxSalon@Yerevan-ի բանախոսներին, ովքեր ներկայացրին իրենց թեմատիկ ելույթները:
Առաջին բանախոսը Քլեր Մեդինան էր, ով Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալն է։ Նա խոսեց Կառավարության և քաղաքացիների միջև զրույցի արդյունավետ մեթոդների մասին՝ ընդգծելով խոսքի ազատության կարևորությունը. «Ես, իհարկե, կողմնակիցն եմ ու պրոպագանդողը խոսքի ազատության, կառավարության և քաղաքացիների միջև զրույցների արդյունավետ կազմակերպմանն ու անցկացմանը, բայց կարծում եմ, նախքան բողոքելը քաղաքական տնտեսական և ցանկացած այլ տեսակի խնդիրներից, որոնք բնորոշ են աշխարհի բոլոր երկրներին, պետք է պարզապես մտածել և ստեղծել զարգացման կայուն ծրագիր և հասնել նրան, որ այդ ծրագիրը ոչ միայն՝ կյանքի կոչվի, այլև՝ հաջողություններ գրանցի»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա անդրադարձ կատարեց երկրի զարգացման մեջ մարդկային կապիտալի կարևորության խնդրին. «Պետք է խոստովանեմ, որ դեռ վաղ պատանեկան հասակից իմ երազանքն է եղել՝ դառնալ իրավաբան, բայց ստացվեց այնպես, որ ես այնուամենայնիվ վերջնական արդյունքում կանգ առա թատերական ուղու վրա ու գրեթե համոզված էի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ մինչև այն պահը, երբ շատ պատահաբար մեր տանը, եղբորս գրասեղանին հայտնաբերեցի միկրոէկոնոմիկայի մասին պատմող մի հաստափոր գիրք: Զարմանալիորեն ես հետաքրքրվեցի այդ ոլորտով և կարճ ժամանակ անց սկսեցի արդեն զբաղվել էկոնոմիկայով:
Չանցած որոշակի ժամանակահատված՝ ես հասկացա, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել որակյալ և նպատակադրված կրթությունը, բացի այդ, հասկացա նաև, թե որքան վճռորոշ դեր կարող է ունենալ մարդկային կապիտալի ճիշտ և ուղղորդված կիրառումն էկոնոմիկ զարգացումներ ապահովելու գործում, իսկ սա անքակտելիորեն պայմանավորված է տաղանդավոր մարդկանց բացահայտելու և նրանց ռեսուրսները ճիշտ բաշխելու և օգտագործելու կարողությամբ:
Տնտեսական բարգավաճման հասնելու լավագույն տարբերակը տաղանդավոր մարդկանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Այստեղ հիշեմ Սինգապուրի օրինակը, որտեղ տաղանդավոր կադրերի մեծ արտահոսք կար, բայց այդ երկրի Կառավարությունն իր առաջ խնդիր դրեց՝ նրանց պահելու նրանց «տանը»՝ սեփական երկրի զարգացմանը խթանելու համար, և նրանց համար հատուկ պայմաններ ստեղծվեցին, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Մեկ այլ նման օրինակ կարող է լինել Հարավային Կորեան, որն ունի մոտավորապես նույն բնական ռեսուրսները, և, երբ սկսում ես ուսումնասիրել այս երկրի տնտեսական համակարգի զարգացման պատմությունը, անմիջապես նկատում ես, որ ամենամեծ ծավալներով և ֆինանսական բնույթի ներդրումն արված է կրթական համակարգի զարգացման ոլորտում»:
ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն էլ իր ելույթը նվիրեց ժամանակակից կյանքում և քաղաքականության մեջ էթիկայի ձևերի և սահմանների կարևորությանը. «Երբ ես որևէ հանդիպման ընթացքում ներկայանում եմ և ասում, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահն եմ, բոլորը միանգամից կենտրոնանում են «էթիկա» բառի վրա՝ կարծելով, թե ես զբաղվում եմ պաշտոնատար անձանց հագուկապի կամ այդ տեսակ հարցերով: Մի պատմություն հիշեմ Գյոթեի ու Բեթհովենի մասնակցությամբ, երբ նրանք միասին այցելում են մի ակումբ, որտեղ ներկա է լինում նաև կայսրուհին: Նրանցից մեկը՝ Գյոթեն, տեսնելով կայսրուհուն՝ խոնարհվում և հարգանք է տալիս, այսպիսով ի ցույց դնելով իր վերաբերմունքը կայսրուհու նկատմամբ, իսկ ահա Բեթհովենը բացահայտ անտարբեր կեցվածքով պարզապես զբաղեցնում է իր տեղն ակումբում: Եվ երբ Գյոթեն նրան հարցնում է, թե ինչու նման կերպ որոշեց դրսևորել իրեն՝ Բեթհովենը պարզապես բացատրում է, որ դա իր ազատության հավասարության ընկալումն է, և, որ ինքը բոլորովին կարիք չունի խոնարհվելու կայսրուհու առջև՝ դրանով ապացուցելով, որ իրեն համարում է հավասար նրան»:
Թերևս, ամենահումորային ու սրամիտ ելույթն «ԱրմՔոմեդիի» համահիմնադիր Սերգեյ Սարգսյանինն էր, ով հանդիպման ընթացքում քննարկեց կառավարության պաշտոնյաների մասին մեր ընկալումներն ու պատրանքները. «Մի օր շատ պատահական հանդիպեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մեր հանդիպումը տեղի ունեցավ Ամերիկյան դեսպանատանը, հուլիսի 4-ին: Չեք կարող անգամ պատկերացնել, թե ես ինչ երջանիկ էի նրան հանդիպելու առիթով: Մոտեցա, զրուցեցինք միասին, նույնիսկ մի քանի հարցերի պատրաստակամորեն պատասխանեց պարոն Մարգարյանը: Եվ եթե հաշվի առնենք, որ ես նրան բազմաթիվ նամակներ էի ուղարկել՝ բացատրելով ու համոզելով, որ ես շատ եմ ցանկանում գոնե մեկ անգամ տեսնել իրեն ու խոսել իր հետ, ապա կարելի է ենթադրել, որ 4 ամիս անց այս շատ պատահական հանդիպումն ուղղակի երազանք էր ինձ համար: Միայն այն փաստը, որ այդ կարգի բարձրաստիճան մարդը խոսում էր ինձ հետ, փաստարկներ ու հակափաստարկներ էր ներկայացնում իմ բարձրացրած հարցերին, դա ուղղակի բառերով նկարագրելու երևույթ չէր: Ու ես սկսեցի մտածել, իսկ ինչո՞ւ ես պարոն Մարգարյանի հետ պետք է խոսեի միայն Ամերիկյան դեսպանատանը, ու այն էլ՝ այսքան պատահական հանդիպման ընթացքում: Չէ՞ որ շատ այլ օրեր կան, օրինակ, Կոլումբոսի օրվա առիթով, կամ, ասենք, Մարթին Լյութեր Քինգի օրը կարող ենք հանդիպել ու զրուցել, իսկ ի՞նչն է մեզ խանգարում, ախր…»:
Միջոցառումն ավարտվեց «Սիստեմա Արմենիա» նոր երաժշտական նախագծի ելույթով, որը միտված է երաժշտական համագործակցության միջոցով սոցիալական փոփոխությունների իրականացմանն ու տարածմանը։
Տեղեկացնենք, որ «Երկրորդ TEDxSalon@Yerevan» միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ: