«Ես պատվեր չեմ կատարել և չեմ ուզում հավատալ, որ թատրոնը հետագայում կլուծարվի». Արմեն Մելիքսեթյան
Երեկ Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի խնդրանքով 168.am-ը հրապարակել էր վերջինիս կողմից հեղինակած բաց նամակը՝ կապված վերոհիշյալ թատրոնի ներսում տեղի ունեցող խմորումներին և ուղղված ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Բաց նամակում հեղինակը մտավախություն էր հայտնում այն մասին, որ թատրոնը կանգնած է փակուղու առաջ, որի արդյունքում ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը: Գլխավոր ռեժիսորը Մշակույթի նախարարից մասնավորապես խնդրում էր հետևյալը. «Հաշվի առնելով թատրոնի ներկայիս իրավիճակը, խնդրում եմ շտապ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը և ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ, Ձեր կողմից հաստատված նոր գեղարվեստական խորհրդի, պարի և վոկալի մասնագետների օգնությամբ անցկացնել մրցույթ՝ գեղարվեստական ողջ անձնակազմի համար»։
Դեռ երեկ 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Մշակույթի նախարարության հետ, հասկանալու՝ ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել գերատեսչությունը՝ ղեկավարին ուղղված բաց նամակի առնչությամբ: Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին, այն է՝ հունվարի 29-ին, Մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհրդի նիստ է հրավիրվել, որի ընթացքում կքննարկվեն ինչպես՝ թատրոնի ներսում ստեղծված իրավիճակը, այնպես էլ՝ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի կողմից հրապարակված բաց նամակի պատասխանը: Մեզ հետ հեռախոսազրույցում Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ մինչ վերոհիշյալ նիստի անցկացումը գերատեսչությունը որևէ պաշտոնական տեսակետ չի հրապարակելու:
Այսօր 168.am-ի խմբագրություն ահազանգ ստացվեց այն մասին, որ Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բաց նամակն իրականում թատրոնի լուծարմանն ուղղված առաջին քայլն է, որը վերջինս կատարել է հատուկ հրահանգով՝ քաջ գիտակցելով, որ հասարակական հնչեղություն ստանալու պարագայում առաջիկա գեղարվեստական խորհրդի նիստը ստիպված կլինի բավարարել վերջինիս ցանկությունը՝ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը, որը հետագայում՝ շիկացած կրքերի և իրավիճակի շուրջ ստեղծված աղմուկի մարելուց հետո, կհանգեցնի թատրոնի վերջնական լուծարման: Ահազանգի հեղինակն իր մտահոգությունը հիմնավորեց տարածքի նկատմամբ որոշակի հետաքրքրության առկայությամբ, որը, իբր, բացառում է այնտեղ գտնվող թատրոնի գոյությունը:
168.am-ը անմիջապես կապ հաստատեց բաց նամակի հեղինակ Արմեն Մելիքսեթյանի հետ՝ ստանալու վերջինիս մեկնաբանությունը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ մեր հեռախոսազույցը ներկայացնում ենք առանց խմբագրման.
– Պարոն Մելիքսեթյան, մեր խմբագրությունն այսօր ահազանգ է ստացել, որ երեկվա Ձեր հեղինակած բաց նամակը պայմանավորված է որոշակի հրահանգով կամ պատվերով՝ վերջնական լուծարման տանելու ներստեղծագործական ակնհայտ խնդիրներ ունեցող թատրոնը: Ձեր մեկնաբանությունը՝ այս առնչությամբ:
– Իմ առաջարկությունը եղել է ոչ թե առհասարակ դադարեցնելու թատրոնի գործունեությունը, այլ ժամանակավոր դադար վերցնելու և մրցույթ անցկացնելու խնդրանքով, որը համապատասխան դերասանական խումբ ներգրավելով՝ հնարավորություն կտա թատրոնին վերադառնալ իր նախկին ուղղվածությանը, այն է՝ կամերային երաժշտականի: Ի վերջո, այդ թատրոնի ճակատին հենց այդպես էլ գրված է՝ Կամերային երաժշտական թատրոն: Իմ նամակում ես չեմ գրել՝ լուծարել այն, այլ՝ ժամանակավոր դադարեցնել թատրոնի գործունեությունը:
– Այո, որևէ տեղ այդ բաց նամակում խոսք չի հնչում թատրոնը լուծարելու մասին, այլ սա միայն առաջին քայլն է, որը հետագայում կբերի թատրոնի վերջնական լուծարմանը: Եթե Դուք բացառում եք, որ այդ բաց նամակը հրահանգ կամ պատվեր է եղել՝ ավելի վերևում գտնվող ուժերից, ուրեմն կարո՞ղ է պատահել, որ Դուք ծուղակն եք ընկել…
– Ճիշտը որ ասեմ՝ ես ոչ մի պատվեր չեմ ստացել և չունեմ: Ես բաց նամակը գրել եմ միայն թատրոնն այս ծուղակից հանելու համար, և չեմ էլ ուզում հավատալ, որ այդ թատրոնը հետագայում կարող է լուծարվել: Եթե դերասանները հրաժարվում են աշխատել և բոյկոտ են հայտարարում, ուրեմն ստեղծված իրավիճակում ես ստիպված եմ խնդրելու, որ թատրոնը ժամանակավորապես դադարեցնի իր աշխատանքները:
– Այսինքն՝ Դուք չե՞ք տեսնում այն հեռանկարը, որ, եթե նույնիսկ գեղարվեստական խորհուրդը որոշում ընդունի՝ բավարարել Ձեր խնդրանքը, ապա ժամանակավոր դադարից հետո թատրոնը չի կանգնի լուծարման վտանգի առաջ:
– Ոչ: Ես նման հեռանկար չեմ տեսնում և ոչ էլ ուզում եմ այդպես մտածել: Վերջին հաշվով, եթե ես նման ցանկություն ունենայի՝ վերջնականապես լուծարելու թատրոնը, ապա կշարունակեի մնալ այնտեղ՝ թատրոնն ինքնըստինքյան տանելով բնական լուծարման, որովհետև այն խաղացանկով և դերասանական կազմով թատրոնը երկար չէր կարող գոյատևել: Նվարդ, ախր այդ թատրոնի ստեղծման ակունքներում ես եմ կանգնած, ինչպե՞ս ես կարող եմ թույլ տալ, որ իմ ստեղծածը քանդվի կամ լուծարվի…
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտական թատրոնի ներսում վերջին օրերին անառողջ մթնոլորտ է տիրում, և, որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավորինս բազմակողմանի քննարկման և օպտիմալ լուծման ելքեր ստանա, Մշակույթի նախարարը հունվարի 29-ին Մշակույթի նախարարությունում գեղարվեստական խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու միջադեպը, որ ոտքի է հանել մի ամբողջ թատրոնի անձնակազմին:
Տեղեկացնենք, որ 168.am-ը համակողմանի տեղեկություն ստանալու ակնկալիքով հանդիպել և զրուցել է բողոքող երկու կողմերի հետ: Առաջիկա հրապարակումով մենք կներկայացնենք թատրոնի հիմնական դերասանական կազմի բողոքներն ու դժգոհությունները, որոնք, ըստ վերջիններիս, անտանելի և անհնար են դարձնում գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ հետագա աշխատանքներն ու ցանկացած տեսակի համագործակցություն առհասարակ: