«Կարեն Անդրեասյանի հրաժարականը քաղաքական պատվեր չէր». ՀՀԿ-ական պատգամավոր
«Ես այն կարծիքին չեմ, որ հայոց արգանդը չորացել է, ու հայոց երկնակամարում չկան մարդիկ, որոնք կարող են լինել այդ դերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա կարծում է՝ կան մարդիկ, որոնք այդ դերում կարող են լինել, ուղղակի պետք է փնտրել մեկին, որն ունի բարձր հեղինակություն, պրոֆեսիոնալ կարողություն, իրավունքն ու պարտականությունը կարողանում է զատել, շրջահայաց է, վերլուծելու ունակություն ունի, և այլն: Մ. Մինասյանը համոզված է, որ նման մարդիկ շատ են մեր երկրում:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նրա հրաժարականը քաղաքական պատվեր է՝ հաշվի առնելով ԱԺ-ի վերջին նիստերի քննարկումները, որտեղ մի շարք ՀՀԿ-ականների ու Կարեն Անդրեասյանի միջև որոշակի բանավեճ ծավալվեց, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.
«Ես նույնպես այդ քաղաքական թիմի անդամ եմ, բայց ես նման պատվեր չեմ լսել: Ուրիշ բան է, որ առանձին պատգամավորներ, ինչ-ինչ երևույթներից իրավիճակներից ելնելով, դժգոհություն ունեին ու դա արտահայտեցին, բայց ընդհանրապես այդպիսի հրահանգ կամ որոշում չի եղել կուսակցության մեջ, եթե լիներ, ես կիմանայի»:
Լրագրողի ճշտող հարցին՝ այդ դիրքորոշումները կապ կարո՞ղ էին ունենալ Կ. Անդրեասյանի հրաժարականի հետ, Մ. Մինասյանն այսպես պատասխանեց.
«Բացարձակ չեմ կարող ո՛չ ժխտել, ո՛չ պնդել, հնարավոր է՝ իր գործունեության արդյունքում ինքը իր գործունեությունից դժգոհ է ու դրա համար նման որոշում է կայացրել»: