Կարեն Դուրգարյանը կհեռանա Հայաստանից. ո՞ւմ պատվերն է կատարում Գեղամ Գրիգորյանը
Օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր։
Զանգվածային լրատվամիջոցները կատարված բարեփոխումներն օբյեկտիվորեն որակեցին` որպես աննախադեպ, փորձելով, սակայն, մշակութային օջախի պատասխանատուներից հետաքրքրվել` կա՞ արդյոք աշխարհում մի այնպիսի օպերային թատրոն, որ չունի գլխավոր դիրիժորի հաստիքը։
Մեր այդ հարցին ի պատասխան` ո՛չ թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը, ո՛չ կառույցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահագն Զաքարյանը չկարողացան որևէ կերպ հիմնավորել սեփական համառ պնդումներն այն մասին, թե կան նման օրինակներ։ Ինչևէ, վերջինից փորձեցինք պարզել հաջորդ հարցի պատասխանը` ինչպե՞ս է թատրոնի անձնակազմն արձագանքել տնօրինության կողմից կյանքի կոչված այսօրինակ տեկտոնական շարժումներին։ Մեր հարցին ի պատասխան` Վահագն Զաքարյանն այսպես պատասխանեց. «Փոփոխությունները երեկ են եղել, այս պահին դեռ որևէ արձագանք չկա, կարծես լուրջ, էական դժգոհություններ անձնակազմի կողմից չկան»։
Քավ լիցի, մենք հավատացինք պաշտոնական տեսակետին և մեր հրապարակման մեջ բառացի հրապարակեցինք նրա խոսքերը։ Սակայն մեծ էր մեր զարմանքը, երբ հրապարակումից ընդամենը ժամեր անց «168 Ժամի» էլեկտրոնային հասցեին եկավ բաց նամակ, որը վերնագրված էր այսպես` «Օպերային թատրոնի արտիստներն ահաբեկված են»: Պարզվում է` նրանք ԶԼՄ-ներից են տեղեկանում, որ այլևս չունեն գլխավոր դիրիժոր, իսկ նամակում մասնավորապես ասված էր հետևյալը.
«Օպերային թատրոնի երաժիշտները ցնցված են. Գլխավոր դիրիժոր չունենալու մասին նրանք տեղեկացել են ընդամենը 1-2 օր առաջ` զանգվածային լրատվամիջոցներից։ Ու մինչ այժմ էլ չեն հավատում, որ նման աբսուրդային որոշումը կարող է իրական լինել։ Բնականաբար, չհավատալու տեղիք կա, քանի որ Թատրոնի արտիստներին պաշտոնապես չի հայտարարվել նման բան»։
Մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել պաշտոնաթող, նախկին գլխավոր դիրիժոր, ՀՀ Վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի հետ։ Ասում են` վերջինս իսպառ բացառում է այս օրերին իր և լրատվամիջոցների միջև որևէ կոնտակտ։ Թատրոնի ներսում տիրող անառողջ մթնոլորտի և իրականացված, այսպես ասած, կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով մենք փորձեցինք զրուցել որոշ աշխատակիցների հետ։
Պարզվում է` նորանշանակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը թատրոն մտնելու առաջին իսկ օրվանից` 2015թ. հուլիսի 1-ից, անթաքույց հայտարարել է, որ Կարեն Դուրգարյանը պետք է թողնի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Հանդիպելով վերջինիս «դիմադրությանը», Գ. Գրիգորյանը լծվել է, իր իսկ հավաստմամբ, սեփական նախաձեռնությամբ իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, որի հիմքում ընկած է եղել գլխավոր դիրիժորի հաստիքի լուծարումը, թեև համաշխարհային պրակտիկայում դարեր շարունակ աքսիոմի ուժով հաստատված իրականություն է այն, որ օպերային թատրոնն առանց գլխավոր դիրիժորի չի լինում, իսկ աքսիոմները, որպես կանոն, ապացուցման ենթակա չեն։
Համաշխարհային մշակութային կյանքում սա աննախադեպ իրականություն է։
Այնուամենայնիվ, մենք մեր երկրում արդեն ականատես եղել ենք նմանօրինակ «ցնցումների»։ Ժամանակին այս նույն ճակատագիրը բաժին հասավ Մայր թատրոնին, որի պատճառահետևանքային կապերը հայտնի են։ Ի դեպ, մեր զրուցակիցներից մեկը տեղեկացրեց նաև, որ Դուրգարյանի հեռացումը հետապնդող գեղարվեստական ղեկավարն ի սկզբանե չի էլ իմացել, բառացիորեն չի ճանաչել նրան, ումով ծրագրավորված է եղել փոխարինել Կարեն Դուրգարյանին։
Երբ նրան հարցրել են, թե ինքն արդյո՞ք տեղյակ է` ով է փոխարինելու Կարեն Դուրգարյանին, Գ. Գրիգորյանը պատասխանել է. «Շատ ուժեղ իտալացի դիրիժոր եմ բերում»։ Իսկ երբ նրան հարցնում են` այդ ուժեղ դիրիժորի անունն ի՞նչ է, պատասխանում է` «Իտալացի է, մի խոսքով, էն, մի հատ տղա, որ ապրիլի 24-ին չափ է տվել…»։
Ըստ մեր զրուցակցի` այն, ինչ կատարվում է այս պահին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նույնությամբ կրկնում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կատարվածի սցենարը։ Խնդիրը ոչ թե հաստիքի առկայության կամ լուծարման մեջ է, այլ կոնկրետ անձի` Կարեն Դուրգարյանի։
Այս փաստը, սեփական կամքից անկախ, չէր հերքում նաև ինքը` կառուցվածքային փոփոխությունների «միանձնյա» նախաձեռնող, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, երբ 168.am-ի հետ զրույցում մեր այն հարցին, թե արդյո՞ք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլևս երբեք չի ունենա գլխավոր դիրիժոր, պատասխանել էր: «Դա կարող եմ որոշել միայն ես։ Եթե նպատակահարմար գտնեմ վերականգնել հաստիքը, ապա կանեմ։ Կարող է մի երկու-երեք տարի հետո նորից վերականգնվի, չգիտեմ»։
Այստեղ, թերևս, տեղին կլիներ հնչեցնել հռետորական հարցը` ո՞վ է Գեղամ Գրիգորյանն ի պաշտոնե, որ օժտված է միանձնյա նմանօրինակ որոշումներ կայացնելու լիազորություններով, որոնք ենթակա չեն ո՛չ քննարկման, ո՛չ բեկանման։
Ի դեպ, ՀՀ Մշակույթի նախարարին մոտ կանգնած աղբյուրները լուրեր են տարածում` իբրև թե Գեղամ Գրիգորյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավար է նշանակել անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կողմ լինելով թատրոնում կառուցվածքային նման փոփոխությունների։ Թեև կարգը բացառում է նմանօրինակ զարգացումները, և այսօրինակ նշանակումները տեղի են ունենում միայն Մշակույթի նախարարության խողովակներով, այնուամենայնիվ տեղեկատվությունը հիմնովին հաստատելու կամ հերքելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ, ով մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հերքեց այդ լուրերը.
«ՀՀ Նախագահը նման հրամանագիր չի ստորագրել` այն պարզ պատճառով, որ այն դուրս է վերջինիս իրավասության սահմաններից։ Այդպիսի նշանակումները կարող են տեղի ունենալ ՀՀ Մշակույթի նախարարությունում»։
Այսինքն` նախարարին մոտ կանգնած շրջանակները, իրենց գործողություններն արդարացնելու համար, թատրոնում տեղի ունեցածը բարդում են երկրի ղեկավարի վրա։
Թատրոնի աշխատակից մեր մյուս զրուցակիցը, համադրելով Գ. Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքը միանձնյա է գնացել այսօրինակ փոփոխության, ու մամուլում, ինչպես նաև թատրոնի ներսում ակտիվորեն շրջանառվող լուրերն այն մասին, թե սա գործարք է, որին պետք է հաջորդի նոր, հավանական թեկնածու` Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին որպես թատրոնի գլխավոր դիրիժոր նշանակումը, ասաց.
«Գեղամ Գրիգորյանն իրականում երբեք չի դժգոհել Կարեն Դուրգարյանի բարձր պրոֆեսիոնալ կարողություններից, նա նույնիսկ հիմա էլ շատ բարձր է գնահատում Դուրգարյանի մասնագիտական կարողությունները։ Իսկ միգուցե նրան պետք է հիշեցնե՞լ, որ տարիներ առաջ հենց ինքը` Գեղամ Գրիգորյանն է Դուրգարյանին բերել Օպերային թատրոն։ Հիմա ինչպե՞ս հասկանալ, երբ նա մոտ 7-ամյա ընդմիջումից հետո կրկին թատրոն վերադառնալու առաջին իսկ օրից հայտարարում է, թե Դուրգարյանը պետք է լքի օպերային թատրոնը։ Էլ չասենք, որ ինքը` Կարեն Դուրգարյանը, Գեղամ Գրիգորյանի վերջին վերադարձն ընդունել է գրկաբաց։
Ստացվում է, որ Գեղամ Գրիգորյանն Օպերային թատրոն է վերադարձել կոնկրետ «առաքելությամբ»` ազատելու թատրոնը Դուրգարյանի ներկայությունից։ Իսկ ինչի՞ համար է դա նրան պետք։ Եթե Դուրգարյանը վատ էր աշխատում, ապա նա կարող էր հնարավորություն տալ` վերջինիս առաջ դնելով կոնկրետ ժամանակ ու կոնկրետ խնդիր, որի չարդարացման պարագայում նոր փորձեր ազատվել Դուրգարյանից` փոխարինելով նրան նոր դիրիժորով։
Բայց դա այդպես չէ, ինչպես արդեն ասացի` նա թատրոն մտնելու առաջին իսկ օրից հայտարարեց` Դուրգարյանը պետք է հեռանա, և վերջ։
Ի դեպ, այստեղ է, որ անհրաժեշտություն է առաջանում Գեղամ Գրիգորյանին հիշեցնել անցյալում իր կատարած նույնօրինակ «սխրանքներից» մեկը, երբ ժամանակին, իր իսկ թեթև ձեռքով, թատրոնից հեռացվեց նաև մեծանուն Օհան Դուրյանը։ Սա ևս նրա ձեռագիրն էր, որը, ինչպես պարզվում է` տարիներ անց փոփոխության չի ենթարկվել։ Իսկ հետաքրքիր է` ինչպե՞ս է իրեն զգում Գեղամ Գրիգորյանն այն մտքից, որ իրեն օգտագործում են, իր իսկ ձեռքով` կրակից տաք շագանակներ հանելու համար…»։
Գաղտնիք չէ, որ Գ. Գրիգորյանն արդեն պատկառելի տարիք ունի, հետևաբար` նրան թոշակի «ուղարկելու» հեռանկարը սարերի հետևում չէ։ Զարմանալիորեն դա համընկնում է վերջինիս կողմից արված հայտարարության ժամկետներին` այն մասին, որ «գուցե 2-3 տարի անց նա կորոշի վերականգնել օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը» և կմեկնի վաստակած հանգստի։ Այստեղ է, որ արդիական են դառնում ՀՀ Մշակույթի նախկին նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, 2014-ից մինչ օրս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդու` Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ շրջանառվող լուրերն այն մասին, որ վերջինս է օպերային թատրոնի հավանական ապագա գլխավոր դիրիժորը, հետագայում, անկասկած, նաև ընդլայնված լիազորություններով` թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որին արդեն վաղուց ամեն գնով «պատրաստում» են այս պաշտոնի համար։
«Գեղամ Գրիգորյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխություններն ընդամենը պատվեր են, որ վերջինս կատարում է իրեն այս պաշտոնին «նշանակողի» հրահանգով»,- ասաց մեր մի զրուցակիցը։
Անդրադառնալով Օպերային թատրոնի գլխավոր հրավիրյալ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի` օպերային թատրոնում նշանակման որոշմանը, մեր ուսումնասիրությունները հանգեցրին անսպասելի արդյունքների։ Պարզվում է` վերջինս մասնագիտական գործունեություն է ծավալել նաև հարևան Վրաստանում, Ադրբեջանում` զբաղեցնելով այդ երկրի օպերային նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։
Հետաքրքիր էր, որ մեր զրուցակիցը ոչ միայն չհերքեց այս իրողությունը, այլև հավելեց հետևյալը. «Իսկ ո՞վ է ասում, որ Ջանլուկա Մարչիանոն աշխարհահռչակ կամ տաղանդավոր դիրիժոր է։ Այդպիսի որակումներ շռայլողները գիտե՞ն` ինչ է նշանակում` լինել աշխարհահռչակ դիրիժոր։ Աշխարհահռչակ դիրիժոր է, օրինակ, Վալերի Գերգիևը։
Իսկ երաժշտական աշխարհին Ջանլուկա Մարչիանոյի անունը հայտնի՞ է։ Պետք է օբյեկտիվ լինել և ասել, որ նա ընդամենը միջակ մասնագետ է։ Մեզ միայն հայտնի է, որ նա Հայաստան այցելելուց առաջ մասնագիտական գործունեություն է ծավալել Լիբանանում, Ադրբեջանում, Վրաստանում։ Ղեկավարելով Ադրբեջանի օպերային նվագախումբը` նա հանդես է եկել դիֆերամբներով` գովեստի խոսքեր շռայլելով այդ երկրի նվագախմբի հասցեին։ Որևէ մեկին կարիք կա՞ արդյոք պատմելու, թե մասնագիտական և որակական ի՞նչ հարթության վրա է գտնվում Ադրբեջանի սիմֆոնիկ նվագախումբը…
Կարծում եմ` ոչ։ Իրականում, մենք որևէ խնդիր չունենք այդ դիրիժորի հետ, բայց նրան հատուկ են ընտրել, որովհետև նրանից հետագայում հեշտ է ազատվել` հաշվի առնելով նրա մարդկային տեսակը։ Նրանից կազատվեն, երբ վերջնականապես կկատարի «վարագույրի» իր դերը»։
Ըստ համացանցային տեղեկատվության` Ջանլուկա Մարչիանոն տարբեր տարիների աշխատել է հետսովետական երկրներում. ղեկավարել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլիի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, ինչպես նաև համագործակցել է Ադրբեջանի օպերային թատրոնի, նույն երկրի պետական կամերային նվագախմբի հետ` հանդես եկել ադրբեջանական Ու. Գաջիբելիի անվան չորրորդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, աշխատել Նինո Սուրգուլաձեի, Ալեքսանդր Ագաչի, Զորան Թոդորովիչի, Աննա Կուոյի, Իվան Մուլանի և այլոց հետ։ Հավելենք, որ Ջ. Մարչիանոն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի դստեր ապագա ամուսինն է, Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի մտերիմ ընկերը, Հայաստան է ժամանել վերջինիս հրավերով ու հավակնում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձր պաշտոն զբաղեցնել։
168.am-ի հետ զրույցն Օպերային թատրոնի վաղեմի աշխատակիցը եզրափակեց տխուր իրականության արձանագրմամբ. «Ես կուզենայի իմանալ, արդյոք հանրապետության նախագահը տեղյա՞կ է այս ամենից, արդյո՞ք նա կհանդուրժեր մեր մշակութային դաշտում նման կորուստը, որովհետև այսքանից հետո Կարեն Դուրգարյանն անպայման կհեռանա Հայաստանից։ Նա հաստատ կհեռանա, բայց թե որ երկիր կմեկնի` չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ցավել այս իրականության համար, որովհետև այնպիսի պրոֆեսիոնալ նկարագիր ունեցող դիրիժոր, ինչպիսին Կարեն Դուրգարյանն է, մենք գրեթե չունենք, և նրա կորուստը մեզ դեռ զգացնել է տալու։ Սրա հետևանքները մենք դեռ հետո կտեսնենք, ավելի ուշ, երբ կգա ժամանակը` հասկանալու` ինչ պատահեց օպերային թատրոնի հետ…»: