Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը:

Ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ջերմ հարաբերությունները ձևավորվել են պատմական ամուր հիմքի վրա՝ Սերժ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները, ինչպես նաև Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն և ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում, համագործակցությունը խաղաղապահության բնագավառում: Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների՝ պարբերական բնույթ կրող փոխայցերը, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության հեռանկարները և ողջունել է նախարար Կամենոսի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ այդ փոխգործակցությունն ավելի ակտիվացնելու և խորացնելու ուղղությամբ:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության և պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամության համար, վստահեցրել ՀՀ Նախագահին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ձևավորվել է գերազանց համագործակցություն, և երկկողմ ջանքերով այսուհետ ևս շարունակելու են ավելի ամրապնդել ու խորացնել հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, խաղաղապահության ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի, ինչպես նաև միջազգային անվտանգության արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին:

Տեսանյութեր

Լրահոս